ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հունիսի 20-ին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու նպատակով, գիտության եւ կրթության բնագավառներում նշանակալի նվաճումները գնահատող հանձնաժողովի կողմից բակալավրի կրթական ծրագրով սովորող կամ դիմորդ թվով 5 քաղաքացիների՝ ՀՀ կառավարության 2018թ. ապրիլի 12-ի թիվ 451-Ն որոշմանը համապատասխանելու հիմքով տրամադրվել է դրական եզրակացություն:
ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելու համար առկա էին ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր փաստաթղթերը, այդ թվում եւ որոշման նախագիծը: «Առավոտի» տեղեկություններով, սակայն, հուլիսի 17-ին՝ օրվա վերջում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության իրավաբանական վարչության կողմից (վարչության պետ՝ Էմիլ Մարգարյան) կրթության եւ գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին թիվ 912-Ա որոշման նախագծի անվանացանկից անհիմն հանվել է դրական եզրակացություն ստացած հինգ հավակնորդների՝ Դավիթ Զոհրաբյանի, Լյովա Փանոսյանի, Հայկ Մելքումյանի, Արեգ Գրիգորյանի եւ Սարգիս Հովհաննիսյանի տվյալները եւ ներկայացվել է ՀՀ կառավարության հաստատմանը:
Հուլիսի 18-ին, ըստ էության, չպահպանելով նորմատիվ իրավական ակտերով սահմանված իրավակարգավորումները, ընդունվել է կրթության եւ գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին թիվ 912-Ա որոշումն առանց Դավիթ Զոհրաբյանի, Լյովա Փանոսյանի, Հայկ Մելքումյանի, Արեգ Գրիգորյանի եւ Սարգիս Հովհաննիսյանի տվյալների (չզեկուցվող տարբերակով):
ՀՀ պաշտպանության նախարարությունը նախագծի վերաբերյալ եզրակացությունում նախատեսել է (մեջբերում ՀՀ պաշտպանության նախարարության 11.07.2019թ. գրությունից)… «Անհրաժեշտ է որոշման նախագծում առանձին կետով (նոր 4-րդ կետ) սահմանել, որ նշված քաղաքացիներին տրված տարկետումն ուժի մեջ է մտնում նրանց 18 տարեկանը լրանալու օրվանից»:
Կարդացեք նաև
Ի դեպ, նման իրավակարգավորում գործում է 2002 թվականից եւ տարկետում տրամադրվում է նաեւ 18 տարին չլրացած ՀՀ քաղաքացիներին, ՀՀ կառավարության որոշման մեջ նախատեսելով՝ «…սույն որոշումն ուժի մեջ է մտնում նրանց 18 տարին լրանալուց հետո»:
Չգիտեմ, ինչ պատճառաբանություն են գտնելու առանց քաղաքացիներին եւ նրանց ծնողներին պատշաճ իրազեկելու (ի դեպ, մինչ այս պահը վերոնշյալ ուսանողների ունեցած փաստաթուղթը միայն դրական եզրակացություններն են), նախագծից ինքնակամ, անհիմն հեռացնել հինգի՝ 18 տարին չլրացած՝ նորմատիվ իրավական ակտերով սահմանված, տարկետման իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների տվյալները, հաշվի չառնելով ՀՀ պաշտպանության նախարարությունում անցած քննարկումների դրական եզրակացությունների առկայությունը, նաեւ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի դրական տվյալները (44 կողմ, 3 դեմ):
«Առավոտի» տեղեկություններով, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից շրջանառում է դիմորդներից երկուսի անձնագրերում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը նախատեսել մինչեւ 2020 թվականի հունիսի 1-ը, մի պայմանով, որ պարտավորագիր ստորագրեն 2019 թվականի դեկտեմբեր ամսին ներկայանալու տարածքային զինկոմիսարիատ եւ մասնակցելու զորակոչի աշխատանքներին:
Սակայն, մի՞թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը տեղյակ չէ, որ նշված ուսանողները մեկնում են ուսումնառության չորս տարի ժամանակով: Ավելին՝ նման կարգավորմամբ ուսանողների (նրանց ծնողների) համար առաջանում են լրացուցիչ ծախսեր, մասնավորապես՝ 2019 թվականի դեկտեմբերին Հայաստան վերադառնալու եւ կրկին մեկնելու համար ավիատոմսերի ձեռք բերումը, էլ չեմ խոսում նրանց ուսումնառության բնականոն ընթացքի խաթարման մասին:
Դրական եզրակացությամբ մերժվածները հավանաբար դիմեն ՀՀ վարչապետին, ՀՀ պաշտպանության նախարարին եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին՝ ակնկալելով խնդրի դրական լուծումը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.08.2018