Լրահոս
Օրվա լրահոսը

Մելիք Մանուկյանի եղբայրը` Ռոբերտ Մանուկյանը, կալանավորվեց

Օգոստոս 08,2019 14:19 Share

Այսօր դատարանը որոշեց բավարարել վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը եւ ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբորը`Ռոբերտ Մանուկյանին կալանավորելու որոշում ընդունեց: Ռոբերտ Մանուկյանը կալանավորվեց երկու ամսով:

Aravot.am-ի հետ զրույցում Ռոբերտ Մանուկյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանն ասաց, որ որոշումը կողմերին դեռ չի տրամադրվել, ինքը ծանոթ չէ, թե ի՞նչ հիմնավորումներով է դատարանը նման որոշում կայացրել, սակայն, վստահ է, որ դատարանի հիմնավորումները իրավական տեսանկյունից փաստարկված չեն լինելու, քանի որ միջնորդության մեջ բերված դրույթները իրավական հիմնավորումներ չունեին:

Պաշտպանն ասաց, որ որոշումը ստանալուն պես, այն կբողոքարկեն:

Հիշեցնենք, օգոստոսի 2-ին, Երեւան-Սեւան ավտոճանապարհին պայթյուն էր տեղի ունեցել` Մելիք Մանուկյանին պատկանող ապակե տարաների գործարանի մոտ: Պայթյունից հետո իրավապահներն աշխատելիս են եղել դեպքի վայրում, երբ Մելիք Մանուկյանի մեքենան հեռացրել են այդ վայրից, քիչ անց`վերադարձրել: Այս դրվագով մեղադրանք է առաջադրվել երկու անձի`Մելիք Մանուկյանի եղբայր Ռոբերտ Մանուկյանին եւ Մարկոս Մարկոսյանին: Իսկ պայթյունի առթիվ քննություն է իրականացվում` սպանության փորձի եւ պայթուցիկ նյութեր պահելու հոդվածներով: Կալանավորվել է 3 անձ:

Ռոբերտ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածով` ոստիկանության աշխատակցին դիմադրություն ցույց տալը: Ըստ մեղադրանքի, Մելիք Մանուկյանը միայնակ 6 ոստիկանի ծեծի է ենթարկել, երբ նրան փորձել են բերման ենթարկել:

Հիշեցնենք, Ռոբերտ Մանուկյանը բերման է ենթարկվել դեպքի օրը, եղբորը` Մելիք Մանուկյանին պատկանող Range Rover մակնիշի ավտոմեքենան դեպքի վայրից հեռացնել դրդելու կասկածանքով: Ռոբերտ Մանուկյանը ձերբակալվել է: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ձերբակալման որոշումն անօրինական է համարել ու նրան ազատ արձակել: Ինչից հետո, Քննչական կոմիտեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրել`ոստիկաններին ծեծի ենթարկելու, ինչպես նաև արդարադատության իրականացմանը կամ քննությանը խոչընդոտելու հոդվածներով ու կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031