«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի «Լրագրողական ցանց, միջհամայնքային մեդիատուր» ծրագրի շրջանակներում Տավուշի մարզ կատարված այցելության ժամանակ հանդիպեցինք Աչաջուր գյուղի համայնքապետարանի աշխատակիցներին՝ համայնքի ղեկավարի տեղակալ Արարատ Գասպարյանին եւ աշխատակազմի քարտուղար Յուրի Միրզոյանին:
Aravot.am-ը նրանցից հետաքրքրվեց՝ հեղափոխությունից հետո ի՞նչ փոփոխություններ են եղել, փոփոխություն կա՞՝ նրանք տեւական լռությունից հետո պատասխանեցին. «Լավ է, նորմալ»: Հետո ծավալվեցին. «Մենք հայ ենք, էլի, դու կարա՞ս գնաս բժշկի տուն՝ առանց բանբաներկայի, դա ո՞նց կլինի: Օրենքը թող կաշառքն ու մաղարիչը տարանջատի իրարից, չէ՞: Հիմա որ ձեզ հրավիրեցի, ձեզ կաշառեցի՞: Մեր ազգի մեջից կվերանա՞ արդյոք»:
Մենք ճշտեցինք՝ այսինքն, առաջ մաղարի՞չ է եղել, ոչ թե կաշառք, ճի՞շտ ենք հասկանում՝ նա պատասխանեց. «Մաղարիչից կհրաժարվի՞ կա՛մ տվողը, կա՛մ առնողը, երբեւէ կլինի՞ դա»:

Կարդացեք նաև
Հարցին՝ բան չի՞ փոխվել համայնքում հեղափոխությունից հետո՝ նա պատասխանեց. «Շատ բան է փոխվել: Բիզնեսն ազատականացվել է, փոքրերը հարկ չեն տալիս, մարդիկ իրենց սոցվճարումները մուծում են, մինիմալ աշխատավարձը տալիս, եկամուտ ստանում ու ապրում, վա՞տ է: Ներդրման ծրագրեր են բերում, ահագին նորմալ առաջարկներ կան»:
Մենք հարցրեցինք՝ ասացիք՝ համայնքում հիմնականում ռուսամետ են, դո՞ւք էլ եք ռուսամետ՝ համայնքապետարանի աշխատողները լուռ գլխով արեցին՝ հաստատելով, որ այո ու որպես արդարացում, ասացին, թե մենք Ռուսաստան ենք ավարտել: Մեր զարմանքին, որ կարող է Ռուսաստանում էլի ավարտեք, բայց ռուսամետ չլինեք, հայամե՛տ լինեք՝ նրանք միանգամից վրա բերեցին, թե՝ «Չէ, դե մենք չասեցինք հայամետ չենք, ուղղակի ավելի շատ ռուսների մոտ ենք հակվում, քան Եվրոպա: Ինտեգրված ենք Ռուսաստանի հետ, սաղ էնտեղ աշխատում, հետ են գալիս: Բա որտե՞ղ գնան աշխատեն»:
Հարցին՝ այսինքն, մեր հույսը Ռուսաստանի հե՞տ պիտի կապենք՝ Միրզոյանը պատասխանեց. «Մի 50 տարի դեռ այո: Երբ որ հազարամյակում ինքը մարդակերից վեր է ածվել մարդասպանի, երբ որ նրանք եվրոպացի դառնան, մենք էլ հետն ենք դառնալու: Բա ո՞ւր պիտի գնանք: Ասել են՝ մեր նավերը ձեր սարերը չեն հասնի: Այ, որ սարի վրա ապրեք ու ամեն օր կրակոց լսեք, երբեւէ չեք ասի Ամերիկա»: Ըստ նրա, սարերում պիտի Ռուսաստան ասենք. «Ռուսը գոնե նրան՝ հակառակորդին պահում է, սաստում է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































