Aravot.am-ն այսօր Ստամբուլյան կոնվենցիային դեմ քաղաքացիներից, որոնք միանում էին ստորագրահավաքին, հետաքրքրվեց՝ ծանո՞թ են կոնվենցիայի դրույթներին: Կինը, որը չցանկացավ ներկայանալ, պատասխանեց, որ կոնվենցիային ծանոթ չէ, ոչ էլ ընթերցել է: Մեր հարցին՝ ինչի՞ն եք դեմ այդ դեպքում, տիկինն ասաց՝ միասեռականությանը:
Մեկ այլ քաղաքացի նույն հարցերին ի պատասխան ասաց, որ դեմ է այլասերությանը:
Տարեց քաղաքացիներից մեկն էլ, ասաց, որ չի ցանկանում «Եվրոպայի այլասերված բարքերը գան Հայաստան»:

Կարդացեք նաև

Aravot.am-ի հարցին՝ Կոնվենցիայի հատկապես ո՞ր դրույթներն են, որոնք մտահոգիչ են, պարոն Հարությունյանը պատասխանեց, որ ամենամտահոգիչը գենդեր հասկացության ներդրումն է Հայաստանի օրենսդրության մեջ:
Բաբկեն Հարությունյանը գտնում է, որ կոնվենցիայի կարիքն ամենեւին էլ չկա եւ որ ՀՀ օրենքները պաշտպանում են «մեր պետությունը մեր ընտանիքը»: Նրա խոսքով, եթե մեր օրենքներում կան որոշակի բացեր, պետք է այդ բացերը «շտկել, փոխել, լրացնել, բայց ոչ թե բերել նման կոնվենցիա, որը դեմ է մեր ազգային արժեքներին»:
Մեր դիտարկմանը, թե Ընտանեկան բռնության դեմ օրենքն էլ, որը կոնվենցիա չէր եւ ազգային օրենք էր, նույնպիսի հակազդեցության արժանացավ, պարոն Հարությունյանն ի պատասխան ասաց, որ նման դեպքերում պետք է մարդկանց լավ իրազեկել՝ ինչի մասին է խոսքը:
Հետաքրքրվեցինք՝ քանի՞ քաղաքացի է միացել ստորագրահավաքին: Պարոն Հարությունյանն ասաց, որ չի ամփոփել: Որքան նկատեցինք՝ այդ ստորագրությունները մի քանի տասնյակ էին:
Ըստ Բաբկեն Հարությունյանի, մարդիկ կան, որ տեղյակ չեն, չեն էլ ուզում տեղեկանալ. «Բայց մարդիկ կան, որ մեզ խնդրում են գնանք՝ մտնենք շենքեր մարդկանց իրազեկեն»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































