Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրվա տոն՝ երազանքների կարմիր փողոցում․ վարչապետ Փաշինյանին ու նրա տիկնոջը պարի կանչեցին (տեսանյութ, ֆոտոշարք)

Օգոստոս 25,2019 18:32

Գյումրու տոնը, որին մասնակցում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ իր ընտանիքով, նախարարներ, ԱԺ պատգամավորներ, բազմաթիվ հյուրեր արտերկրից, Չինաստանից ու Ռուսաստանի Դաշնությունից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներ, հիմնականում նշվեց Շիրազի անվան պատմական փողոցում։ Այսօր տեղի ունեցավ վերանորոգված փողոցի պաշտոնական բացումը, որին մասնակցում էին նաև Հովհաննես Շիրազի զավակները։

Հիշեցնենք, որ այս փողոցը վերանորոգվեց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ՝ Գյումրու պատմական կենտրոնը տուրիզմի գոտու վերածելու ծրագրի շրջանակներում։ Կարեն Կարապետյանը երազում էր այս փողոցում կարմիր ասֆալտ ունենալու մասին։

Փողոցում թեև այդպես էլ կարմիր ասֆալտ չփռվեց՝ խիստ ծախսատար լինելու պատճառաբանությամբ, այդուհանդերձ, այսօր այն գունեղ էր․ ամեն քայլափոխի Գյումրու արհեստներ ու արվեստներ էին ցուցադրվում։  Վարչապետը հերթով այցելեց տաղավարները՝ շնորհավորեց գյումրեցիներին՝ հարցրեց ինչպե՞ս է տրամադրությունը։ Երբ տիկինկագործ մի կին ցանկություն հայտնեց նրա աղջկան՝ փոքրիկ Արփիին տիկնիկ նվիրելու, վարչապետն ու նրա կինը՝ Աննա Հակոբյանը, հրաժարվեցին վերցնել։ «Ամեն անգամ պետք չէ նվիրել», -ասաց պարոն Փաշինյանը։

Մեծ թվով մարդիկ էին ուղեկցում Նիկոլ Փաշինյանին․ չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ Շիրազի անվան փողոցում ասեղ գցելու տեղ չկար։ Կառավարական հյուրերի դիմացից կառքն էր գնում, նրանց Գյումրվա «հարսներն ու աղաները» դիմավորում էր նաև պատշգամբներից։ Ամեն ինչ արված էր Գյումրվա կոլորիտը ներկայացնելու համար։ Ամենուր երգ ու պարեր էին, Ռուսթավելու անվան փողոցում վարչապետին ու նրա տիկնոջը պարի քաշեցին։

Նշենք, որ կային նաև բողոքներ ունեցող մարդիկ, որոնք փորձում էին մոտենալ Նիկոլ Փաշինյանին, սակայն անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանները չէին թույլատրում։ Ի դեպ, նրանք այսօր ամեն կերպ խոչընդոտում էին նաև լրագրողների աշխատանքը՝ բիրտ կերպով հրելով ԶԼՄ-ների ներկայացուցիչներին։

Նիկոլ Փաշինյանը մի պահ մտավ Գյումրու Ռուսթավելի փողոցի վրա գտնվող Սուրբ Նշան եկեղեցի, որտեղ նրան փորձեցին մոտենալ Գյումրու երկու գիշերօթիկ դպրոցների աշխատակիցները։ Անվտանգության աշխատակիցների հետ նրանց զրույցից պարզ դարձավ, որ եկել էին վարչապետին խնդրելու՝ չփակել գիշերօթիկ դպրոցները, գործազուրկ չթողնել 150 աշխատակիցներին ու փողոց չշպրտել երեխաներին։ Սակայն, նրանց չթույլատրեցին մոտենալ։

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալվեց թանգարանների բակեր, եղավ Մհեր Մկրտչյանի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի թանգարաններում, Ձիթողցոնց տուն-թանգարանում։ Ամենուր նրան դիմավորում էին վարպետները՝ Մհեր Մկրտչյանը, Ավետիք Իսահակյանը, Հովհաննես Շիրազը։  Բեմադրություններ էին․ վարպետները ներկայացնում էին  գյումրեցիների բնավորությունն ու Գյումրվա առանձնահատկությունները։

Մհեր Մկրտչյանն ասաց․ «Գյումրին աշխարհի պորտն է, գյումրեցու երեսին մեռոն կա,որձ երեխեքի թևին  ոսկե բիլազուկ, աղջիկների երեսին թասիբ ու նամուս ու մեր սերը Աստծուն շուտ կհասնի»։

Ֆրունզը նաև հիշեց իր ընկեր Նիկոլի մասին, որը Տեքստիլագործների ակումբում թատերական խմբի ղեկավարն էր։ Նա կատակով ասաց․ «Նիկոլից լավ դերասան աշխրհքի տակը չկա»։

Վարչապետ Փաշինյանը մտավ նաև Շիրազի փողոցի վրա գտնվող գողտրիկ հյուրատներից մեկը, որտեղ պահպանված է Գյումրու շունչը։

Նա այսօր մասնակցելու է Գյումրու Վարդանանց հրապարակում կազմակերպված համերգին, ելույթ է ունենալու։ Համերգին երգելու է  Իվետա Մուկուչյանը, վաստակավոր արտիստ Նունե Եսայանը, որն այսօր երաժշտական գործիքներ նվիրեց թիվ 1 երաժշտական դպրոցին։

Այս  իրադարձությանը կանդրադառնանք քիչ անց։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031