Ինչպես տեղեկացրել ենք, այսօր վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի մասնակցությամբ աշխարհի առաջատար համալսարաններ ընդունված երիտասարդներին կրթաթոշակների շնորհման հավաստագրերի հանձնման արարողությունն էր: Կրթաթոշակը հատկացվել է «Իմ քայլը» հիմնադրամի միջոցներից:
Անդրանիկ Իսրայելյանն արդեն օգտվել է այդ հնարավորությունից եւ ուսանել է Օքսֆորդում: Նա պատմեց, որ 8 երկար ու ձիգ տարիներ է պայքարել իր երազանքին հասնելու՝ Օքսֆորդ գնալու համար. «Հետադարձ հայացքով որ նայում եմ, զարմանում եմ՝ ո՞նց կարելի էր այդքան համառ լինել մի նպատակի հասնելու համար: Ես 2018-ին հնարավորություն ունեցա Օքսֆորդում սովորել՝ նաեւ «Իմ քայլը» հիմնադրամի շնորհիվ, իմ ամբողջ մնալու վարձը, կարելի է ասել, տրամադրեց հիմնադրամը: Իմ հետ սովորող շատ ու շատ ուսանողներ տարբեր երկրներից զարմանքով էին դրան նայում, որովհետեւ շատ քչերը կային, ում կրթաթոշակը իշխանություններն էին տալիս: Շատերը սովորում էին իրենց ընտանիքի բյուջեի հաշվին, շատերը՝ կրթական հիմնադրամների: Շատերն ինձ հարցնում էին՝ դու իսկապե՞ս անձամբ ծանոթ ես երկրի վարչապետի կնոջը, որովհետեւ դա իրենց համար շատ անհասանելի է: Այդտեղ ես գիտակցեցի շատ կարեւոր մի բան՝ Հայաստանը դրական առումով մի փոքր ընտանիք է»:

Անդրանիկ Իսրայելյանն ասաց, որ դրսում սովորելիս հասկանում ես, որ Հայաստանը շատ առումներով ավելի լավն է, շատ անտուն մարդիկ քո երկրում չկան, այլ երկրներում զանգվածային հարբեցողության, թմրամոլության երեւույթներ կան, մեր երկրում չկա:
Կարդացեք նաև
Իսրայելյանը նաեւ ասաց, որ ինչ եկել է Հայաստան, իրեն գնահատված է զգում, որովհետեւ շատ տեղերից աշխատանքի առաջարկներ է ստացել՝ լավ պայմաններով. «Գնալուց առաջ դու նույնիսկ չէիր մտածի այդ մասին»: Նա ասաց, որ պետությանն է ծառայելու ու աշխատելու է այդ համակարգում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































