Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւան-Բրյուսել հարաբերություններում աջակցության աննախադեպ մակարդակ. ԵՄ դեսպանը գոհ է

Օգոստոս 31,2019 12:00

«Մթնոլորտ է ստեղծվել, երբ նախկինում երբեք մեր հարաբերությունների բնույթը չի եղել այսքան զարգացած եւ արդյունավետ»,- վստահեցնում է հեռացող Սվիտալսկին

Հայաստան-ԵՄ փոխհարաբերությունների զարգացումը, թեեւ ընթացակարգային ուղով առաջ է գնում, սակայն ՀՀ-ում ԵՄ դեսպանն արձանագրում է հարաբերությունների խորացման նոր մակարդակի ու ԵՄ-ի կողմից Հայաստանին ուղղված աննախադեպ աջակցության մասին։ Հայաստանում 2018թգ գարնանը տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ԵՄ-ի կողմից մեր երկրին աջակցությունը նկատելի էր։ Այդ աջակցության մասին պաշտոնապես հայտարարվեց ԵՄ մի քանի պաշտոնյաների կողմից։

Այժմ Հայաստանը սպասում է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ ՀԸԳՀ-ի վավերացմանը ԵՄ պետությունների կողմից, սակայն պաշտոնական Երեւանը վստահեցնում է, որ այս փուլում էլ Հայաստանն օգտագործում է համաձայնագրի ժամանակավոր կիրառմամբ ստեղծված հնարավորությունները, դրանք կազմում են համաձայնագրի մեծ մասը՝ ժամանակավորապես կիրարկվող հոդվածների միջոցով։

Օգոստոսի 23-ին Գերմանիան ԵՄ խորհրդին հայտնել է Գերմանիայի կողմից՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ ՀԸԳՀ-ի, վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտին հասցնելու վերաբերյալ: Համաձայնագիրը վավերացրել են՝ Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, Միացյալ Թագավորությունը, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Գերմանիան, Ֆինլանդիան, Հունգարիան, Շվեդիան, Սլովակիան, Կիպրոսը, ինչպես նաեւ Հայաստանը։

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը News.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման եւ գործընթացի ավարտի ակնկալվող ժամկետների թեմային։ «Ներկայումս ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտել եւ Եվրոպական խորհրդի ու ԵՄ Խորհրդի քարտուղարությանն այդ մասին տեղեկացրել են 16 պետություններ… Սակայն սխալ կլինի ասել, որ սա գործընթացի ամբողջական պատկերն է: Օրինակ՝ Շվեդիան ավարտել է համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը, սակայն այդ մասին դեռեւս չի տեղեկացրել Եվրոպական խորհրդի ու ԵՄ Խորհրդի քարտուղարությանը: Մենք վավերացման գործընթացը համարում ենք լիովին ավարտված, երբ այն հրապարակվում է ԵՄ քարտուղարության պաշտոնական կայքէջում։ Կան երկրներ, որտեղ վավերացման գործընթացը, կարելի է ասել, հասել է վերջին փուլին: Այդպես, համաձայնագիրը վավերացվել է նաեւ Գերմանիայի Բունդեսթագի կողմից եւ ներկայացվել է Գերմանիայի նախագահի ստորագրմանը, որից հետո միայն Գերմանիան այդ մասին կտեղեկացնի ԵՄ Խորհրդին»,- նշել էր ԱԳՆ խոսնակը։

Նա հավելել է, որ ՀԸԳՀ վավերացման գործընթացները ներպետական որոշ փուլեր են անցել ԵՄ գրեթե բոլոր երկրներում, եւ Հայաստանն ակնկալում է, որ գործընթացը նույն ակտիվությամբ կշարունակվի առաջիկա ամիսներին: Աննա Նաղդալյանը հարկ է համարել նաեւ նշել. «Մենք լիովին օգտագործում ենք համաձայնագրի ժամանակավոր կիրարկմամբ ստեղծված հնարավորությունները: Ինչպես գիտեք, ժամանակավորապես կիրարկվող հոդվածները կազմում են համաձայնագրի մոտավորապես 80%-ը, իսկ մնացյալ 20%-ը, որոնք հիմնականում այն հոդվածները, որոնք գտնվում են ԵՄ անդամ երկրների իրավասության շրջանակներում, ուժի մեջ կմտնեն ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից համաձայնագրի վավերացումից հետո։ Ուստի արդեն իսկ ուժի մեջ գտնվող հատվածը ենթարկվում է 100%-ոց կիրարկման՝ համաձայն Հայաստանի եւ Եվրամիության միջեւ մշակված ճանապարհային քարտեզի»:

Իր հերթին Հայաստանից առաջիկայում հեռացող Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին օրերս «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկայիս մակարդակին։ Նրա խոսքով՝ իր պաշտոնավարման ընթացքում ստեղծվել է իրավական հիմքը, մեր պայմանագրային պայմանավորվածությունները բերեցինք նոր մակարդակ, կնքեցինք Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ «Իմ պաշտոնավարման ընթացքում Եվրամիությունը ավելի քան երկու անգամ ավելացրեց աջակցության մակարդակը, որը, կարելի է ասել, աննախադեպ է Արեւելյան գործընկերության Հարեւանության տարածաշրջանում: Մենք զարգացրեցինք մեր քաղաքական օրակարգը՝ հասցնելով այն նոր մակարդակի։ Եվ, կարող եմ ասել, մի մթնոլորտ է ստեղծվել, երբ նախկինում երբեք մեր հարաբերությունների բնույթը չի եղել այսքան զարգացած եւ արդյունավետ մակարդակի վրա»,- արձանագրել է դեսպանը։

Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի թեմայի մասին՝ Սվիտալսկին նշել է. «Որպես Եվրամիություն մենք պատրաստ ենք կիսվել այլ երկրների փորձով, նույնիսկ տրամադրել փորձագետներ, ովքեր կկարողանան բացատրել, ինչպես դա աշխատեց կամ չաշխատեց այլ երկրներում։ Ի լրումն տեխնիկական աջակցմանը մենք պատրաստ ենք տրամադրել ֆինանսական աջակցություն, բավականին շոշափելի ֆինանսական աջակցությունը, որպեսզի օգնենք Հայաստանի կառավարությանը իրականացնել բարեփոխումների ծրագրերը»։ Նա կարծիք է հայտնել, թե արդարադատության բարեփոխումները՝ «կլինեն շատ կարեւոր ձեր երկրի ապագայի համար, որովհետեւ այն շատ կարեւոր է տնտեսության, այդ թվում արտաքին ներդրումների համար»: «Դա շատ կարեւոր է այնպիսի ժողովրդավարական գործընթացների համար, ինչպիսիք են ազատ ընտրությունները, դա շատ կարեւոր է հասարակ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար։ Ուստի ես հեռանում եմ լավատեսության զգացումով», -նշել է ԵՄ դեսպանը։

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մարշալի հիմնադրամի ավագ հետազոտող Ջոնաթան Կացին վերջերս տված հարցազրույցում, անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին եւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելու ժամկետներին, նկատել է. «Այս կարեւոր համաձայնագիրն ամրապնդում է աճող քաղաքական, տնտեսական երկխոսությունը եւ գործընկերությունը ԵՄ հետ: ՀԸԳՀ լիարժեք ուժի մեջ մտնելու հարցն ավելի շատ տեխնիկական է, քանի որ այն գործնականում կիրարկվում է: Ինչու՞: Քանի որ մենք արդեն իսկ ունենք համապատասխան մեխանիզմ՝ ժամանակավոր կիրարկում: Հայաստանը վավերացրել է համաձայնագիրը, Եվրոպական Խորհրդարանը՝ նույնպես, այժմ անհրաժեշտ է ԵՄ 28 երկրների վավերացումը, եւ նրանցից յուրաքանչյուրն ունի վավերացման իր սեփական ընթացակարգը: ԵՄ 18 անդամ երկրներ արդեն իսկ վավերացրել են այն: Հետեւաբար, ներկայումս դեռ կա 10 երկիր, որ պետք է վավերացնի համաձայնագիրը, եւ նրանք պատրաստ են վավերացնել այն, քանի որ չկա որեւէ քաղաքական խոչընդոտ: Սա պարզապես ներքաղաքական գործընթաց է: Փաստացի, առկա դրույթների 80%-ն արդեն իսկ կիրարկման փուլում է: Մենք համակարգել եւ համաձայնեցրել ենք կիրարկման ճանապարհային քարտեզը, եւ կիրարկումն իրականացվում է»:

ՀՀ ԱԳ նախարարը նաեւ հավելել է, որ որպես այս գործընթացի մի մաս՝ Հայաստանը ցանկանում է ներգրավվել ԵՄ հետ վիզայի ազատականացման երկխոսության մեջ, որի վերջնական արդյունքը կլինի համապատասխան համաձայնագրի կնքումը: «Այսօր մենք ունենք ՀԸԳՀ՝ որպես նոր իրավական հիմք, որի հիմքով շարունակում ենք մեր համագործակցությունը, եւ ձեռնարկելու այս ուղղությամբ հետագա քայլեր՝ ի նպաստ հայ ժողովրդի: ՀԸԳՀ մի փաստաթուղթ է, որն առնչվում է բազմաթիվ ոլորտների, այն իր մեջ ներառում է քաղաքական, արդարադատության եւ ազատությունների մասեր, ինչպես նաեւ լայն ոլորտային հատված: Այն համապարփակ համաձայնագիր է, որը ներառում է տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, առեւտրի եւ տնտեսության, մշակույթի, կրթության եւ այլ ոլորտներ: Համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի եւ ԵՄ միջեւ օրենսդրական դաշտի մոտարկում, ինչպես նաեւ առեւտրի եւ ներդրումների ոլորտում խթանում: Հետեւաբար, ՀԸԳՀ մեզ համար գործիք է՝ առավել բարելավելու մեր նորմատիվ կամ չափորոշիչային կարգավորումները, որոնք պետք է նպաստեն մեր պետության զարգացմանը»,-ասել է նա:

Կարելի է ենթադրել, որ ապագայում ԵՄ-ից կողմից աջակցության ծավալը Հայաստանին կարող է մեծանալ, եթե Բրյուսելն արձանագրի Հայաստանում բարեփոխումների հաջող ընթացքն ու դրանց արդյունավետությունը։ Այս փուլում, սակայն կարող ենք արձանագրել, որ Բրյուսելը բավարարված է Հայաստանի կողմից կատարվող քայլերով։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 30.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031