Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային հավաքականի երկրպագուն դժգոհում է տրիբունայում տեղի եւ տոմսի գնի անհամապատասխանությունից

Սեպտեմբեր 09,2019 12:00 Share

Եվրո 2020-ի «J» խմբի Հայաստան-Իտալիա հանդիպման հաջորդ օրը խմբագրություն էր դիմել Վարդգես Ավետիսյան անունով մի ֆուտբոլասեր: Նա սաստիկ հիասթափված ու զայրացած էր: «Պարտությունը չէ պատճառը եւ ոչ էլ մրցավարությունը: Ամեն ինչ սկսվեց Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մատույցներից: Աշխարհի տարբեր ստադիոններում եմ ֆուտբոլային խաղերի հաճախել, բայց չեմ հիշում, որ որեւէ տեղ երկրպագուների մուտքը ստադիոն այդքան վատ կազմակերպված լիներ՝ արհեստական խոչընդոտներ, հսկիչների, վստահ եմ, ինքնագործունեություն… Բայց անգամ դրա վրա էլ կանգ առնել չեմ ուզում:

Ամբողջ ընտանիքով սիրում ենք ֆուտբոլը եւ այս անգամ որոշել էինք հենց մարզադաշտում ականատես լինել այդ պատմական խաղին ու երկրպագել մեր ֆուտբոլիստներին: Գնել էի արեւմտյան տրիբունայի ամենաթանկ 12000-անոց տոմսերը՝ 1-ին սեկցիայի 3-րդ կարգ, 72-ից սկսած տեղերը: Արդեն ստադիոնի տարածքում, մինչեւ մեր տեղերը գտնելը, ամբողջ ընտանիքով հպարտության մի աննկարագրելի զգացողություն ունեինք լեփ-լեցուն տրիբունաներից: Սակայն դա երկար չտեւեց, երբ հայտնվեցինք մի վայրում, որտեղից տեսդադաշտը զրոյական է: Ամբողջ խաղադաշտից երեւում էին միայն երկու դարպասները: Դաշտը փակել էին պահեստայինների նստարանների երկար ու բարձր ծածկերը, խաղին ոտքի վրա հետեւող մարզիչները… Ստացվել էր այնպես, որ ֆիզիկապես գտնվելով ստադիոնում, բացարձակապես ոչինչ չէինք տեսնում: Իսկ թե ինչ է կատարվում խաղադաշտում, ենթադրում էինք մյուս տրիբունաներում տեղ զբաղեցրած ֆուտբոլասերների գոռում-գոչյուններից, վարքագծից: Ու որ ամենացավալիներից է, միայն ստադիոնի հաղորդավարի հայտարարությունից հասկացանք, որ աչքի է ընկել եւ հաշիվը բացել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանը:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար փորձեցի ընդմիջմանը դուրս գալ եւ փորձել հյուսիսային տրիբունայի ազատ տեղեր տեղափոխվելու տարբերակ գտնել: Բայց պարզվեց, որ անհնար է, մենք բանտարկված ենք ստադիոնի մեզ բաժին հասած «մեկուսարանում»: Կարգադրիչներն ասացին, որ արեւմտյան տրիբունայի տարածքից դուրս գալու դեպքում հետադարձ ճանապարհ չկա:

Ի դեպ, միայն մենք չէինք այդ վիճակում հայտնվել: 1-ից մինչեւ 6-րդ կարգը նույն իրավիճակն էր:

Ինձ հետաքրքրում է, թե ստադիոնի ադմինիստրացիան, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղյակ չե՞ն, որ արեւմտյան տրիբունայի այդ հատվածից ոչինչ չի երեւում, բայց այդ տեղերի համար տոմս են վաճառում, այն էլ՝ այդքան թանկ: Նրանց համար ո՞րն է առաջնային՝ պարզապես գումար աշխատե՞լը, թե՞ ֆուտբոլասերի համար ազգային հավաքականի խաղին ներկա լինելու եւ տղաներին ոգեշնչելու պայմաններ ստեղծելը: Թեեւ, սրանից հետո, եթե անգամ Բրազիլայի հավաքականը գա Երեւան, տոմսը արժենա $1000, եւ ինձ այդ նույն տեղերում ու տեսադաշտի նույն պայմաններով տոմսեր նվիրեն, միանշանակ կհրաժարվեմ», – ասաց Վարդգես Ավետիսյանը եւ ավելացրեց, որ արդեն հետո տանը հեռուստացույցով է նայել Հայաստան-Իտալիա հանդիպումը, զայրացել մեր ֆուտբոլիստին անարդար ցույց տրված կարմիր քարտով ու տպավորվել հատկապես Կամո Հովհաննիսյանի խաղով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
7.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30