Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարման եւ տնտեսական ճգնաժամի հիմքերը Հայաստանի Հանրապետությունում

Սեպտեմբեր 17,2019 10:27

Հանրային բանավեճի օրակարգը հուշեց առանց որևէ խմբագրման կամ փոփոխության ընթերցողի դատին տալ այն զեկույցը, որն ուղիղ երկու տարի առաջ՝ 2017-ի սեպտեմբերին ներկայացրել էի Աղվերանում ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնությամբ անցկացված խորհրդաժողովին, մասնակցությամբ հայտնի գործիչների, սոցիոլոգների, տնտեսագետների, գործարարների, գիտական և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների, նախկին և ներկա պաշտոնյաների։

Կառավարման և տնտեսական ճգնաժամի հիմքերը Հայաստանի Հանրապետությունում

Նախաբան. Թույլ պետության մոդելի
տրամաբանությամբ …

 

Մեր երկրում մշտապես քննարկվող հարցերից է, թե երբ է իրավիճակը շտկվելու և ով է այս ամենի համար մեղավոր: Ընդ որում՝ հստակ ձևակերպված չէ, թե ի վերջո ինչն է երկրում ընթանում սխալ, ինչու է սխալ ընթանում, որն է ճիշտը և ինչպես դրան հասնել:

Հանրությունը մշտապես դնում է միայն պարզ հարցադրում՝ ո՞վ է մեղավոր:

Անձերի մեղավորության դաշտ տանելով անշուշտ կարելի է հիմնավորել սուբյեկտիվ պատճառներով մշտապես ճգնաժամային վիճակում հայտնվելու փաստը: Բայց որևէ մեկի մտքով այս պայմաններում չի անցնում մեկ այլ ավելի խորքային խնդիր՝ Հայաստանի ներկայիս վիճակին և ապագայի հեռանկարներին առնչվող հարցերի պատճառները իրականում օբյեկտիվ են:

Հայաստանում դժգոհ են բոլորը: Գոհ մարդ չկա: Այդ դժգոհները բաժանվում են չորս մասի: Առաջինը նրանք են, ովքեր ասում են, որ այո, խնդիրներ կան, սակայն դրանք կլուծվեն աստիճանաբար, քանի որ ընդամենը 2-3 տասնամյակում նորանկախ պետությունում չի կարող ամեն ինչ լինել իդեալական: Հարկավոր է համբերություն՝ աստիճանաբար ամեն ինչ կշտկվի:

Դժգոհների երկրորդ խումբը նրանք են, ովքեր համարում են, որ այդ խնդիրները իրան-իրան միայն ժամանակի մեջ չեն լուծվելու և ճիշտ քաղաքականություն իրականացնելու դեպքում ամեն ինչ կարող է ավելի դրական ուղղությամբ գնալ: Թեև վիճակը լավ չէ, սակայն այն շտկելի է ամենօրյա աշխատանքի արդյունքում:

Երրորդ տեսակը ասում է, որ ամեն ինչի հիմքը սուբյեկտիվ գործոնն է: Անձերի փոփոխությունը կփոխի իրավիճակ: Ընդ որում, նման մոտեցման կողմնակիցները գաղափարական և գործնական տեսակետից ոչ միայն չեն տարբերվում ներկայիս իշխանությունից՝ դժգոհների առաջին խմբից, այլ ըստ էության ցանկանում են նույն գաղափարախոսությամբ առաջնորդվել, պարզապես այլ անձերով:

Չորրորդ խումբը արտագաղթողներն են…

Այս մոտեցումների մեջ իսպառ բացակայում է այն կասկածը, որ Հայաստանում հիմք դրած, ձևավորված և գործող մոդելը պարզապես չի թողնում այլ տեսակի պետություն ունենալու այլընտրանք:

Որևէ մեկը չի բարձրաձայնում մի կարևոր հարց՝ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է պետական կառավարման համակարգ, որի խորքում ընկած է թույլ պետության գաղափարախոսությունը: Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ անկախ իշխող անձերի փոփոխությունից, համաշխարհային կամ ներքին տնտեսական վիճակից, երկրի փաստացի ցարգացումը դադարեցված է: Հայաստանը ոչ միայն չի զարգանում, այլ նույնիսկ հասարակական միտքը չգիտի ինչ անել և ինչպես դա անել:

Ստորև կներկայացվեն այն թեզերը, որոնք ոչ միայն դարձան հիմնարար թույլ պետություն կառուցելու, ավելի ճիշտ ՝ գոյատևելու համար, այլ նաև այնքան են դարձել երկրի կառավարման բնական ուղեկիցները, որ որևէ մեկը չի դնում դրանք կասկածի տակ:

 

  1. Պետությունից պետական կառավարման ֆունկցիաների օտարում

 

Թույլ և աղքատ պետության մոդելով առաջնորդվելը ուներ իր հստակ ծրագիրը, մեթոդները, որոնք տարիների ընթացքում կատարելագործվել են, ավելի ու ավելի թուլացրել պետական կառավարման համակարգը, կուտակել խնդիրներ, առանց դրանցից որևէ մեկը լուծելը: Ավելին, ներկայիս մոդելի շրջանակներում հաջորդ տարիներին նույնպես Հայաստանի որևէ խնդիր չի լուծվելու:

Հայաստանում պետական ֆունկցիաները տարիների ընթացքում օտարվեցին պետական կառավարման համակարգից, իսկ վերջինիս նպատակազրկեցին:

Հայաստանի որևէ պետական մարմին, պետական պաշտոնյա՝ ամենաներքևից մինչև վերև, չունի նպատակ, խնդիրներ, ֆունկցիաներ և ամենակարևորը՝ գործիքակազմ:

Հայաստանում փաստացի վերացվեց կառավարման դաշտը՝ պետական կառավարման համակարգը, երկիրը փաստացի չունի կառավարման համակարգ: Տնտեսությունը, տնտեսության ճյուղերը, ձեռնարկությունները, քաղաքացիները՝ առանձին են, պետական համակարգը՝ առանձին: Կառավարման ֆունկցիան սկզբում փոխարինվեց կարգավորման ֆունկցիայով, իսկ կարգավորման գործառույթը իմաստազրկվեց իրավական դաշտի փոփոխություններով: Կարգավորումն էլ վերածվեց ինքնակարգավորման:

Ինչի մասին է խոսքը:

Հիմք ընդունելով այն թեզը, որ Հայաստանը հետխորհրդային համայնավար, բյուրոկրատական և կոռումպացված հանրապետություն է, ուղղություն վերցվեց դեպի պետական կառավարման մարմիններից հնարավորինս գործառույթների օտարումը, իսկ մնացածի մասով՝ մանրամասն արտացոլումը իրավական կարգավորման մեջ: Արդյունքում՝ պետական կառավարման համակարգի գործունեության իմաստը դարձավ ոչ թե խնդիրների լուծումը և նպատակներին հասնելը և դրանց համար որոշ գործիքակազմերով գործառույթների իրականացումը, այլ իրավական կանոնակարգերի կատարումը:

Միամիտ կարծիքը, որ օրենսդրական մանրակրկիտ կարգավորումը կլուծի բոլոր խնդիրները՝ կապված կոռուպցիայի կամ օրենքը շրջանցելու հետ, դարձավ իշխող և հանգեցրեց մի կողմից պետական մարմինների անգործության, իսկ մյուս կողմից՝ ավելի մեծ կոռուպցիայի, բայց արդեն օրենքների և բոլոր կանոնակարգերի դրույթների պահպանմամբ: Ձևավորվեց պետական մարմինների նկատմամբ անվստահության ի սկզբանե ընդունված նախապաշարմունք:

Ապականվեց ինքնին իրավական կարգավորում հասկացությունը, իսկ ֆունկցիայի կատարումը զոհ գնաց օրենքների թվացյալ կատարման:

 

  1. Ֆինանսական զսպվածությունը ընդդեմ զարգացման

 

Հաջորդ կարևոր թեզը, որը սպանեց զարգացման հեռանկարը, ֆինանսական զսպվածությունն է, երազանքներ և նպատակներ ունենալու արգելքը:

Պետության այս մոդելը ենթադրում էր ֆինանսական կարգապահություն համաձայն այն հաստատման, որ ցանկացի այնքան, որքան գումար ունես, ծախսի այնքան, որքան գրպանումդ է: Հայաստանի պետական բյուջեն դարձավ աշխատավարձ, թոշակ տալու, ինչպես նաև պետական ապարատի նվազագույն կարիքների սպասարկման միջոց: Զարգացման տրամաբանությունը ամբողջությամբ հանվեց պետական ֆինանսական քաղաքականությունից:

Պետությունը դադարեց լինել խոշոր ներդրող և շուկայում միջավայր թելադրող, իսկ բյուջետային միջոցների օգտագործումը երկրի տնտեսության զարգացման համար սկսվեց դիտարկվել որպես միջամտություն շուկայական տնտեսության գործունեությանը:

Այնինչ վաղուց հայտնի է, որ հստակ ընդգծված նպատակը հետևողական աշխատանքի հետ միշտ տալիս է իր արդյունքը: Սակայն դա թելադրում է բոլորովին այլ ոճի ֆինանսական քաղաքականություն և ֆինանսական հոսքերի կառավարում:

Սա պետության մասով:

Հասարակության պարագայում տեղի ունեցավ հակառակը: Հայաստանում ձևավորվել է, այսպես ասած, կատարյալ սպառողների հասարակություն: Դա այնպիսի սպառողներն են, որոնք ցանկանում են օգտվել բոլոր ժամանակակից բարիքներից, բոլոր գովազդվող և ոճային իրերից և նյութական հնարավորությունները որևէ էական դեր այս նպատակի ապահովման համար չեն խաղում: Եվ հենց այն պետական և մասնավոր ֆինանսական համակարգը, որը պետք է կոչված լինի կառուցել հզոր տնտեսությամբ պետություն, իր քաղաքականությամբ ձևավորում է կատարյալ սպառողների հասարակություն:

 

  1. Գործիքակազմից զրկումը

 

Եվ քանի որ պետությունը որևէ խնդիր և նպատակ չուներ, իսկ ողջ կարգավորման գործառույթը պետք է մնար շուկային, այսինքն՝ ոչ մեկին, Հայաստանում պետական կառավարման համակարգը զրկվեց նաև համապատասխան գործիքակազմից: Ամբողջությամբ վերացվեց պետական հատվածը, կազմաքանդվեցին ռազմավարական նշանակության պետական ձեռնարկությունները և ոլորտները: Առաջին հերթին խոսքը վերաբերում է տրանսպորտի, էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներին:

Տնտեսության ապապետականացման արդյունքում արհեստականորեն ձևավորվեց տնտեսվարողների խավ, որոնք ավելի ուժեղ էին ոչ միայն առանձին պետական մարմիններից կամ պաշտոնյաներից, այլև ողջ պետական համակարգից:

Ավելին՝ պետական համակարգը սկսեց ծառայել մասնավոր բիզնեսի շահերին: Այդ ամենի լավագույն հայելին քաղաքաշինական պատկերն է:

 

  1. Կառավարման կազմակերպական փոշիացում

 

Գաղափարախոսության հիման վրա պետականամետ կառավարումը վերացնելու համար տեղի ունեցավ նաև կառավարման համակարգի կազմակերպական փոշիացում:

Նման լավագույն ապացույցներից է տեղական ինքնակառավարման համակարգը գրեթե հազարին հասնող ինքնակարգավորվող, իսկ իրականում՝ ինչ-որ մարդկանց կողմից տնօրինվող տարածքների ձևավորմամբ: Ձևավորված մարմինները չունեին որևէ էական լծակ, գումար և առավել ևս՝ մտավոր պոտենցիալ այդ համայնքները զարգացնելու, սակայն առկա գործիքները բավարար էին մի խումբ մարդկանց կարիքների բավարարման և այլոց ճակատագրերի տնօրինման համար:

Պետական կառավարման համակարգում փոշիացումը միաժամանակ արտահայտվեց և շարունակում է արտահայտվել կեղծ և անիմաստ մարմինների, ինչպես նաև վիճելի գործառույթներով կառույցների ձևավորմամբ:

Նման մարմիններն են ՀԾԿՀ, ՏՄՊՊՀ, ԿԲ, բազմաթիվ անհասկանալի ՊՈԱԿ-ներ, արտոնյալ Հիմնադրամներ և ԾԻԳ-եր, արդեն վերը նշված ՏԻՄ-եր, ՄԻՊ-ը, հիմա էլ բիզնես օմբուդսմեն և նույնիսկ՝ բժշկական օմբուդսմեն ինստիտուտները, տարբեր տեսակի պալատներ՝ փաստաբանների, հաշվապահների, աուդիտորների, ճարտարապետների և այլն: Պետական համակարգը փոշիացվեց նաև ինստիտուցիոնալ նորամուծություններով՝ գնումների համակարգ, հողերի անվերահսկելի մասնավորեցում, տարբեր կոնցեսիաներ և բաց երկինքներ…

Այսպիսի հաստատությունները դուրս մնացին պետական կարգավորումից, դադարեցին մասնակցել պետության զարգացմանը, պետական միջոցների հաշվին ունեցան որոշակի ֆինանսական ազատություն և անկախություն, սակայն ոչ մի պարտավորություն պետության առջև:

Ի դեպ, նման կործանարար գործընթաց ընթանում է նաև որոշ զարգացած պետություններում, որտեղ բյուրակրատական ապարատի շահը սկսում է իշխել պետական շահերին: Սակայն միևնույն ժամանակ որոշ երկրներ շարունակում են պահպանել խիստ պետական կառավարումն ու կարգավորումը:

 

  1. Պետականամետ պրոֆեսիոնալ կառավարիչների դասի բացակայություն

 

Այս տարիների ընթացքում երկրում փաստացի վերացվեց պետական համակարգի միջոցով պետական պաշտոնյաների զտման, ֆիլտրման և ձևավորման համակարգը, որը գոյություն ուներ խորհրդային տարիներին: Հաշվի առնելով զարգացման միտումները անկախությունից հետո, կարելի է արձանագրել, որ նոր սերնդի պաշտոնյաները չունեին ոչ համապատասխան քաղաքական ու գաղափարական հենարան, ոչ սկզբունքայնություն, ոչ էլ սեփական կարծիք: Իսկ միասնական ծրագրային նպատակների բացակայության պայմաններում պաշտոնյաների միջին դասը վերածվեց վերադասի ցանկությունները կատարողների:

Հայաստանում պրոֆեսիոնալ բարձրակարգ պետական կառավարիչների դասի բացակայության պայմաններում ունեցանք հազարավոր պաշտոնյաներ, որոնք կարող են տնօրինել մարդկանց ճակատագրեր՝ լինի դա ՏԻՄ-երի, ուժային, դիվանագիտական, թե տնտեսական կառավարման ոլորտում:

Սակայն պետական մտածելակերպով քանի՞ պրոֆեսիոնալ պետական կառավարիչ ունենք:

Հայաստանում սխալ ընկալվեց պետական մտածելակերպ հասկացողությունը: Հայրենասիրությունը, հայրենիքի և ազգի ճակատագրով մտահոգությունը դեռևս պետական մտածելակերպ չէ: Պետական մտածելակերպը պետության տեսանկյունից մտածելն է՝ առանց սուբյեկտիվ, այդ թվում՝ սեփական շահերի ազդեցության որոշումներ կայացնելու ունակությունը:

 

  1. Նյութականացված հասարակության աղքատացում

 

Կատարյալ սպառողական հասարակության ձևավորումը բերեց աղքատության: Ոչ, Հայաստանի բնակչությունը իրականում այնքան աղքատ չէ, որքան մշտապես բարձրաձայնվում է: Աղքատությունը միայն նյութական կատերգորիա չէ, այլ նաև հոգևոր: Հասարակության հոգևոր աղքատությունը բերել է հոգևոր դիսկոմֆորտի և նյութական սահմանափակ բարիքները ոչ ճիշտ տնօրինելու վիճակի, ինչը առանձին քննարկման թեմա է…

Այս ամենի արդյունքում առկա է պետություն, առկա է պետական համակարգ, սակայն առկա չեն՝

– Պրոֆեսիոնալ կառավարիչները, որոնք պետք է ղեկավարեն պետությունը,

– Լծակներն ու գործիքները, որոնք պետք է գործադրվեն այդ կառավարիչների կողմից,

– Քաղաքացիները, որոնք պետք է իրագործեն պետության զարգացման ծրագիրը:

Քաղաքացիների դժգոհության, դժբախտության, արդյունքում՝ արտագաղթի պատճառները հենց պետությունում առկա բարքերի նյութականացումն է, ներքին հոգևոր հարստության, հոգևոր արժեքներով ապրելու կուլտուրայի բացակայությունը, անվստահությունը պետության և պետական մարմինների, իսկ արդյունքում՝ երկրում իր ապագայի նկատմամբ: Չկա այն նպատակը, հանուն որի մարդիկ տեսնում են իմաստ ապրել և պայքարել իրենց երկրի ապագայի համար: Հայաստանում հասարակությունը հրաժարվում է կրել հանրային հոգսը և կիսել ու կրել պատասխանատվություն երկրի հեռանկարի համար:

 

  1. Թույլ դիմադրողականությամբ պետություն

 

Այս ամենով է պայմանավորված այն իրավիճակը, որը տեսնում ենք՝ ձևավորվել է թույլ դիմադրողականությամբ պետություն: Այս պետական համակարգը և պետական ապարատը դժվարություններ ունեն լուծելու որևէ խնդիր, իսկ ցանկության դեպքում չունեն որևէ հնարավորություն: Բնական հարստությունների փոշիացում, տրանսպորտային խնդիրներ, ճանապարհաշինություն, հասարակությունում բռնության աճ, վթարներ, ծխելու սահմանափակում… Պետության ներկայիս մոդելով նույնիսկ խնդիրներ, որոնց լուծելու ցանկությունն առկա է, լավագույն դեպքում մնում են նույն տեղում:

Այս պայմաններում այնպիսի խնդիրներ, որոնք առնչվում են քաղաքական իշխանության և բարիքների բաշխմանը, առավել ևս չեն կարող լուծվել: Խոսքը մենաշնորհների, քաղաքաշինության, գնումների համակարգի, վարկային և բյուջետային միջոցների ծախսերի արդյունավետության, կադրային հարցերի մասին է և այլն:

 

  1. Առանց նպատակի և ֆունկցիայի պետական կառավարումը՝ ոլորտների առևտրայնացման պատճառ

 

Հոգևոր և արժեքային համակարգով ապրող էլիտայի և օրինակելի բարձրաստիճան պաշտոնյաների չափորոշիչների բացակայության պայմաններում իրականացվում է «թեթեւ» կառավարում՝ ֆունկցիան չկա, նպատակը դրված չի։

Պետական ֆունկցիան և քաղաքացու պարտականությունները փոխարինվեցին փող աշխատելով և միմյանց նկատմամբ առևտրային հարաբերությունների՝

– Ճանապարհային ոստիկանության նպատակը ոչ թե կանխարգելելն ու կարգուկանոնի հաստատումն է, այլ տուգանքների հավաքագրումը:

– Կրթական հաստատությունների նպատակը ոչ թե կրթություն տալն է, այլ վարձավճար հավաքագրելը:

– Առողջապահական հիմնարկների նպատակը ոչ թե բուժելն է, այլ դրամ վաստակելը:

Եվ այդպես շարունակաբար բոլոր ոլորտներում: Համընդհանուր դրամահավաքի պայմաններում ոլորտներում, որտեղ օրենսդրորեն փող վաստակելը սահմանափակված կամ արգելված է, դա արվում է ոչ ֆորմալ եղանակներով:

 

  1. Կտրուկ քայլերով դեպի այլ արժեհամակարգով նոր պետական կառավարման համակարգի ձևավորում

 

Ի՞նչ է հարկավոր անել իրավիճակը փոխելու համար:

Անհրաժեշտ են կտրուկ քայլեր, որոնք ցույց կտան էլիտայի ցանկությունն ու ունակությունը լուծել երկրի առջև ծառացած խնդիրները: Հարկավոր է սկսել ոչ ուղղակի կամ, ավելի ճիշտ՝ անուղղակի քաղաքական և տնտեսական խնդիրներից:

Իրավիճակից դուրս գալու համար կա մեկ ուղղություն. սահմանել հստակ նպատակ՝ կառուցել այլ տիպի պետություն և հասարակություն նոր պետական կառավարման համակարգով և նոր տիպի քաղաքացիներով:

Դրա համար առաջին փուլում անհրաժեշտ են կտրուկ քայլեր, որոնք ազդակ կհաղորդեն հասարակությանը նոր տիպի հասարակական հարաբերություններ կառուցելու ցանկության ու վճռականության վերաբերյալ:

Անհրաժեշտ է խրախուսել նախաձեռնողականությունը, իսկ պետական պաշտոնյաների առջև դնել հստակ, չափելի և կոնկրետ նպատակներ: Պետական մարմինները պետք է ունենան իրենց առջև հստակ 2-3 ռազմավարական նշանակության խնդիր, որոնց լուծումը կբերի որակական փոփոխության իրենց կարգավորման ոլորտում, ինչի հիման վրա կգնահատվի նրանց աշխատանքի որակն ու մակարդակը:

Տեսանելի կտրուկ քայլեր, որոնք կարելի է անել առաջին փուլում՝ շահումով խաղերի պետականացում, պետական տրանսպորտային համակարգի ձևավորում, օդային փոխադրողի ստեղծում, հանքարդյունաբերությունում ներդրումների սահմանափակում, երթևեկության կարգուկանոնի հաստատում (ոչ թե միայն տուգանում՝ այլ կարգապահության ապահովում), հասարակության զինաթափում, քաղաքաշինական ոլորտում անվերահսկելիության և մասնավոր շահերով առաջնորդվելով բացառում, լրատվական դաշտի կանոնակարգում, պետական համակարգից ձրիակերների, օրինակ՝ դիվանագիտական կորպուսում, վերացում և այլն:

Այո, Հայաստանն ունի տնտեսական և սոցիալական խնդիրներ, սակայն դրանց լուծումները միայն մասնագիտական տնտեսագիտական չեն:

 

Արա ՆՌԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.09.2019-17.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30