Լրահոս
Օրվա լրահոսը

Ի հարգ պահպանողականության սկզբունքների

Սեպտեմբեր 17,2019 11:11

Անցյալից չհոշոտվելու միակ տարբերակը այն վերաիմաստավորելն է։ Անցյալը մոռացողը, անցյալի հետ հաշտվողը` առանց այն փորփրելու, վերաիմաստավորելու, ակամա դառնում է անցյալի գերին, պատանդը, հպատակը և կրում կռտված ապագայի, այսինքն անցյալում ապագայի (արդեն մասամբ՝ ներկայի) հանդեպ անորոշության վախերի ծանրությունը։ Այդ գերին, պատանդն ու հպատակն ակամա կամ իներցիայով առաջնորդվում են ներկային և իրողություններին անհաղորդ վերաբերմունքով և դրսևորում ժամանակավրեպ, իռացիոնալ, երբեմն՝ հակամշակութային վարք։   

 Ինչպես է վերաիմաստավորվում անցյալը.

Օրինակ 1 – Օսմանյան Թուրքիայում 1915-ի Հայոց ցեղասպանությունը վերաիմաստավորվել է 1960-ականներին, Սառը պատերազմի թեժ շրջանում։ Մինչ այդ (1921-ից սկսած) Թուրքիան համարվում էր Սովետի եղբայրը, և սովետական ժողովուրդը (այդ թվում՝ հայերը) սիրով և եղբայրաբար էին արտահայտվում Թուրքիայի ներկայի և անցյալի վերաբերյալ։ Իսկ ովքեր փորձում էին խոսել Թուրքիայում հայ ժողովրդի եղեռնի, բռնագաղթի, հայրենազրկության մասին, դատապարտվում էին, աքսորվում, հալածվում։ 1960-ականներին հակառակը, խրախուսվում էր Ցեղասպանության մասին խոսելը։ 1939-ին Երվանդ Քոչարի քանդակած Սասունցի Դավթի գիպսե արձանը փշրվել ու ապամոնտաժվել է Թուրքիայի պահանջով, Քոչարը 2 տարի նստել է սովետական բանտում։ Իսկ 1959-ին նույն Երվանդ Քոչարը քանդակել է Սասունցի Դավթի նոր արձանը, որը կանգնած է Երևանի կայարանամերձ հրապարակում։ 1965-ի մարտի 16-ին Սովետը որոշում ընդունեց կառուցել Ցեղասպանության հուշահամալիր (նկատենք, որ Հայոց ցեղասպանության թեմայով «հողե՛րը, հողե՛րը» կարգախոս-պահանջով ցույցերը,  Երևանում և հայաբնակ գաղութներում տեղի են ունեցել այս որոշումից մեկ ամիս անց՝ 1965-ի ապրիլի 24-ին, և այդ պատճառով չեն դիտարկվում որպես հուշահամալիրի կառուցման հասարակական պահանջ)։ 1965-ին Կոմիտասի 100-ամյակի առթիվ հայտարարված գրական մրցույթը շահած Պարույր Սևակի «Անլռելի զանգակատունը» և Մուշեղ Գալշոյանի «Ծիրանի ծառը» ոչ միայն Կոմիտասի, այլև Հայոց ցեղասպանության մասին էին։ Այսինքն՝ անցյալում տեղի ունեցած մեկ պատմական-քաղաքական իրադարձության՝ Հայոց ցեղասպանության և այն իրականացնող երկրի վերաբերյալ մինչ 1960-ականները եղած գնահատականը, վերաբերմունքը, դիրքորոշումը վերաիմաստավորվեց։ Եվ դա պայմանավորված էր Սառը պատերազմի քաղաքական իրողություններով։

Օրինակ 2 – Խորհդային բռնազավթման տարիներին (1920-1991) Հայաստանում բազմաթիվ նշանակալի պատմական-քաղաքական իրադարձություններ և գործիչներ ներկայացվում էին բացասական գծերով։ Մասնավորապես՝ նշվում էր նույեմբերի 29-ը, որպես հայ ժողովրդի ազատագրման օր, 1-ին հանրապետությունը ներկայացվում էր որպես դաշնակցական ավանտյուրա, 1-ին հանրապետության գործիչները, այդ թվում՝ Արամ Մանուկյանը, Գարեգին Նժդեհը և մյուսները բացասական բնութագրեր ունեին, 2-րդ համաշխարհայինը ներկայացվում էր որպես Հայրենական պատերազմ, հայ ժողովրդի նկատմամբ զանգվածային հալածանքները՝ որպես հակահեղափոխականների և ժողովրդի թշնամիների դեմ արդարացի իրավական գործողություններ և այլն։

1991-ից՝ Հայաստանի անկախացումից հետո այս իրադարձությունների և գործիչների նկատմամբ վերաբերմունքը, դիրքորոշումները, բնութագրերը վերաիմաստավորվեցին։ Այդ վերաիմաստավորումներն ընթանում են նաև այսօր։ Գարեգին Նժդեհի և Արամ Մանուկյանի արձանները Երևանում կանգնեցվեցին մի քանի տարի առաջ։ Դեռևս 2008 թվականին ՀՀ ԱԱԾ շենքի 3-րդ հարկի սենյակներից մեկում (որտեղ նույն թվի ապրիլի 7-ին Պահպանողական կուսակցության քարտուղարը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով) պատից կախված էր Ֆելիքս Ձերժինսկու մեծադիր նկարը։ Իսկ մոտ մեկ ամիս առաջ ԱԱԾ-ն, ի դեմս՝ ԱԱԾ պետի օգնականի, պաշտոնապես հայտարարեց, որ ԱԱԾ-ն ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի և ՊԱԿ-ի իրավահաջորդը չի։ Այստեղից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունը սովետի իրավահաջորդը չի։ («Այո, ցավալի է, որ տեղի է ունեցել նման տևական ընդհատում, բայց բոլորս էլ շատ լավ գիտենք, որ դա անկախ պետականության ընդհատում էր։ Անկախության կորուստը որևէ նորմալ մարդու կողմից չի կարող դրական գնահատվել»։- ԱԱԾ պետի օգնական)։ Այսինքն՝ տեղի է ունենում քաղաքական իրադարձությունների, գործիչների, կառույցների նկատմամբ, կարճ ասած՝ խորհրդային անցյալի վերաիմաստավորում, որը պայմանավորված է Հայաստանի անկախացման իրողությամբ։ Եվ այստեղ դեռ շատ ասելիք-անելիք կա, որովհետև բազմաթիվ քաղաքական իրադարձություններ, ազգային, անկախական, քաղաքական գործիչներ, ինչպես նաև խորհրդային բռնազավթման շրջանի իրադարձություններ, կոլաբորացիոնիստ գործիչներ, աղավաղված եզրեր վերաիմաստավորման և, ըստ արժանվույն, մեկնաբանման-գնահատման կարիք ունեն։

Օրինակ 3 – 2018-ի ապրիլի Թավշյա հեղափոխությունից  հետո (ինչպես գրեթե բոլոր հեղափոխություններից հետո) բազմաթիվ գործիչներ, նախկին իշխանությունների օրոք տեղի ունեցած իրադարձությունները, և մեծ հաշվով՝ նախկինների վարած քաղաքականությունը վերաիմաստավորման է ենթարկվում։ Դրանց անդրադառնում են թե՛ ներկա, թե՛ նախկին քաղաքական, հասարակական, մշակութային գործիչները։ Եվ չնայած՝ այսօր ապրում ենք ազատ և ժողովրդավարական երկրում, և յուրաքանչյուր ոք իրավունք ունի կարծիք արտահայտելու անցյալի, անցյալի վերաիմաստավորման վերաբերյալ, այնուամենայնիվ՝ անցյալի վերաիմաստավորումն, ինչպես բոլոր տեսակի հասարակություններում, ընթանում է վերևից ներքև, թեև՝ որոշ գործիչներ վերաիմաստավորման շրջանակներ և սկզբունքներ են ընդգծում, փորձելով ազդել հասարակական կարծիքի և իշխանությունների դիրքորոշումների վրա։

Մասնավորապես՝ ՀՀ նախկին պաշտոնյա, Բարձր Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի 13.09.2019-ին Ֆեյսբուքում կատարած գրառումը ևս անցյալի վերաիմաստավորման փորձ է։ Ողջունելի է, որ նախկին պաշտոնյան անդրադառնում է այս խնդրին, բայց հասկանալի չէ, թե ինչու է Հանրապետական կուսակցության (իրեն պահպանողական հռչակած) իշխանության ժամանակ դիվանագիտական պաշտոն ունեցած փորձառու գործիչը նկատառումներում ու գնահատականներում արհամարհում անցյալի վերաիմաստավորման պահպանողական սկզբունքը, տուրք տալով հեղափոխական իռացիոնալ տրամադրություններին և նախկինների չափազանցված վախերին, որոնց մեծ մասն առընչվում է հեղափոխական «գիլյոտինին»։

Տեղին է ընդգծել, որ նույն Մարտի 1-ի ժամանակ Քոչարյանին, հնարավոր է, զեկուցել են օտար (ռուսական) ուժերի կողմից պատրաստվող սադրանքի մասին, որի պարագայում նույնիսկ Սահմանադրության ընձեռած հնարավորություններից դուրս գործելը հանուն պետության և ժողովրդի անվտանգության իրոք տղամարդկություն էր պահանջում։ Իսկ այդ օրերի գործունեությունն արժևորելու համար անկախ և բաց քննություն է պահանջվում այս դրվագի վերաբերյալ։ Այլ հարց է, արդյոք պատրա՞ստ են նրանք (նախկիններն): Ունակ են բաց խոսել ռուսական սադրանքի մասին Մարտի 1-ի օրերին։

Հարկ է նկատել նաև, որ չի կարելի արհամարհել անկախ Հայաստանի գոյությունը, արհամարհել խորհրդային բռնազավթման իրողությունն ու խորհրդային զավթիչների հետ գործակցածներին մեծարելու մասին խոսել։ Դա նույնն է, թե Ֆրանսիայում, Հունգարիայում, Ռուսաստանում ազգովի հարգանքի տուրք մատուցեն ֆրանսիական, հունգարական կոլաբորացիոնիստների, Լոկոտական հանրապետության (1941-1943թթ) ղեկավարներին։ Դա ոչ միայն ժամանակավրեպություն կորակվի, այլև հակաքաղաքակրթական և նույնիսկ՝ դավաճանական մոտեցում։

Սա նկատի ունենալով՝ Պահպանողական կուսակցությունը բազմիցս բարձրաձայնել է, որ Հայաստանի ապագայի մասին կարելի է խորհել և այդ ապագան կառուցել միայն ամբողջական լյուստրացիա իրականացնելուց հետո։ Իրերն ու երևույթներն իրենց անուններով կոչելու, աշխարհի և մարդկության համար հասկանալի եզրերով խոսելու փորձված ուղին է սա, առանց որի անցյալի վերաբերյալ գնահատականը կիսատ է, առանց որի ցանկացած իրադարձություն, գործընթաց, հերոս կամ հակահերոս ունենալու են լոկ սուբյեկտիվ-հատվածական, կիսատ-պռատ գնահատականներ, որոնք հեռավոր առնչություն կունենան անցյալի վերաիմաստավորման, անցյալից դասեր քաղելու, անցյալի սխալները չկրկնելու, անցյալի ձեռքբերումներն ու հաղթանակներն արժևորելու և զարգացման (ապագայի) հուսալի-ամուր մշակութային հիմքեր ստեղծելու համար։

 

Հայկ Միրզոյան

Պահպանողական կուսակցության անդամ

 

Հ. Գ. Գեղեցիկ է այն՝ ինչ տեսնում ես ամբողջությամբ։ Կիսատությունն օտարում է գեղեցկությունից, մարդուն՝ մարդուց, մարդուն՝ աշխարհից, մարդուն՝ անցյալից ու ապագայից, եղբորը՝ եղբորից, մարդուն՝ հավասարությունից, մարդուն՝ ազատությունից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30