Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սահակ Պողոսյանը` Ֆաշիստական երկրում ապրելու, Փաշինյանի 100 փաստի ու Ամուլսարի մասին

Սեպտեմբեր 17,2019 16:13

Նիկոլ Փաշինյանն օրերս նոր Հայաստանի մասին 100 փաստ ներկայացնելիս նշել էր, որ 2019 թ. առաջին կիսամյակում Հայաստանի թանգարանների հաճախելիությունն աճել է շուրջ 31 %-ով, իսկ թատրոններ հաճախելիությունը` 41 %-ով: Իբրեւ 100-րդ փաստ նշվել էր այն, որ սահմանապահ 23 գյուղերի 280 շրջանավարտների Վերջին զանգի «փարթին» տեղի է ունեցել կառավարական առանձնատների «Կոնդ» համալիրում, շրջանավարտների համար ելույթ են ունեցել Սիլվա Հակոբյանը, Սոնա Շահգելդյանը, Էրիկը, Միհրան Ծառուկյանը, Արամ MP3-ը, Սեւակ Ամրոյանը եւ այլք, նաեւ որ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ ու կառավարության ֆինանսավորմամբ՝ վարչապետի հիմնադրամից սահմանամերձ գյուղերի ավելի քան 700 երեխա այցելել է երեւանյան զվարճանքի կենտրոններ, այգիներ, թանգարաններ։

Aravot.am-ի խնդրանքով արվեստագետ Սահակ Պողոսյանը անդրադառնալով այդ փաստերին, նշեց, որ մամուլից է տեղեկացրել, որ օրինակ, սահմանամերձ գյուղերի շրջանավարտների Վերջին զանգի «փարթին» կառավարական առանձնատների «Կոնդ» համալիրում է կայացել, որտեղ նախկինում նման բան չի եղել, ինչը գովելի է համարում: Ինչ վերաբերում է թանգարաններ այցելություններին, Սահակ Պողոսյանը համոզված է, որ այդ թիվն իսկապես աճել է:

«Օրերս Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է չինացի արվեստագետի` Վոն Գուանյիի ցուցահանդեսը, որը մեծագույն արտիստ է: Նման արվեստագետի ցուցահանդես ես վերջին անգամ տեսել եմ ԽՍՀՄ-ի ժամանակ 80-ականներին, երբ այստեղ բացվեց Էմիլիո Գրեկոյի ցուցահանդեսը:

Նման տրամաչափի արվեստագետ դեռ չէր ցուցադրվել Հայաստանում, ես չգիտեմ` ում օրոք է նման պայմանավորվածություն ձեռք բերվել, բայց փաստն այն է, որ հենց հիմա այդ արվեստագետը ցուցադրվում է մեր պատկերասրահում:

Վերջին շրջանում ես անընդհատ հոսքեր եմ տեսնում դեպի Պատկերասրահ եւ չգիտեմ` դրանք զբոսաշրջիկնե՞ր են, թե՞ տեղացիներ: Այնտեղ միշտ մարդ կա, մինչդեռ նախկինում մեռյալ լռություն էր, այնպես որ այդ առումով Նիկոլ Փաշինյանի ասածի մեջ ճշմարտություն կա:

Ինչ վերաբերվում է չինացու ցուցահանդեսին, նա ռասայական խտրականության մասին է խոսում, ֆաշիզմի մասին, որի մեջ մենք ապրում ենք; Մենք ապրում ենք ֆաշիստական երկրում, մեր ամբողջ պրոբլեմը հենց դրանից է գալիս, նախորդ իշխանությունները վերջին 30 տարում այս երկիրը դարձրին դասական ֆաշիստական երկիր: Դա էլ իր պատճառն ունի` պատերազմը»,-ասաց մեր զրուցակիցը:

Նա նշեց, որ արվեստի առումով, ինչի համար ինքը պայքարում է, ոչինչ չի փոխվել, որովհետեւ շատ բաներ օրենսդրական փոփոխությունների հետ են կապված. «Դա ԱԺ գործառույթը պետք է լինի օրենսդրական համակարգում, սակայն այնտեղ արվեստից եւ մշակույթից հասկացող մարդիկ չկան, որ ինչ-որ բան փոխեն: Իրենք հանձնաժողով ունեն, ես մի անգամ խոսել եմ այդ հանձնաժողովի նախագահի հետ, ինքը, ինչպես եւ նախորդները, ոչինչ չի հասկանում արվեստից եւ մշակույթից:

Ընտրություններից առաջ մի անգամ Մանե Թանդիլյանը ժամանակակից արվեստի դաշտում աշխատող մշակութային գործիչների հետ փորձել էր հանդիպում ունենալ, երբ մեր մենք հանդիպեցինք, ինձ մոտ հույս առաջացավ, որ ինչ-որ մարդիկ կան, որ հետաքրքրված են մշակույթով: Մշակույթն ամենակարեւոր բանն է, որովհետեւ ինչ-որ անում ենք, մշակույթը, միեւնույն է պարտադրում է, ինչ ուզում է փոխեն, եթե մշակույթը չի փոխվում, ոչինչ չի փոխվելու»:

Մշակութային համատեքստում Ամուլսարի խնդրին էլ անդրադարձ եղավ:

«Երբ խոսում են Ամուլսարի մասին, բոլորը բերում են ինչ-որ փաստարկներ` փողի, բնապահպանության վերաբերյալ, սակայն որեւէ մեկը սարի` սար լինելու իրավունքը չի պաշտպանում: Ինչպես մարդու մարդ լինելու իրավունք հասկացությունը կա, այնպես էլ սարի` սար լինելու:

Մի ուրիշ զուգահեռ տանեմ, դա նույնն է, որ լեհ զբոսաշրջիկները Արագած էին գնացել, ու դժբախտություն էր պատահել: Իրականում այդ մարդիկ գնացել էին արջի տարածքը, իմանալով հանդերձ, որ դա կարող է պատահել: Մենք երբեմն հայտնվում ենք բնության օրենքներին հակառակ իրավիճակների կամ պատկերների մեջ, հետո սկսում ենք մեղադրել ` սարին, արջին, բոլորին, փոխանակ մեզ մեղադրենք:

Հիմա նույնն էլ Ամուլսարն է, եթե քանդեն, այդ սարն ինչ-ո ձեւով իր վրեժն է լուծելու, ինչպես մնացած բոլոր սարերը, որ քանդվել են: Երկրագունդը բիոլոգիական, շնչող մարմին է, ինչպես մարդը, երբ մի տեղից մի ծաղիկ ես պոկում, ինքն ուրիշ տեղից պատասխանը տալիս է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` Աննա Գրիգորյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30