«Մարդիկ գնում 150-200 հազար դոլարանոց ավտոբուս են ման գալիս, մեր ինժեներական խումբն առաջարկում է 30 հազար դոլարով անել, հարյուր դրամով էլ սպասարկել»,- այսօր ԱԺ-ում կազմակերպված քննարկման ժամանակ իր վրդովմունքը հայտնեց Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը` կառավարությանը մեղադրելով Հայաստանում ավտոարտադրության ոլորտը հատուկ չզարգացնելու մեջ: «Տավուշի մարզպետին էլ ասեք, որ ադրբեջանցիները գնացել էին, էդ գյուղերում պիտի գործարանը կառուցվեր… ամեն ինչ խոսացել ենք… կառավարությունը մատը մատին չի տալիս, որպեսզի ավտոպրոմը զարգանա: Մեզ ասում են` ԱԱՀ-ն չտաք, բա ո՞նց բանակ պահենք: Գործազրկության խնդիր ա, ավտո չեմ բերի, բանակ չես պահի»,- վրդովվեց Տիգրան Հովհաննիսյանը` իմպերատիվ հայտարարելով. «Մի տարի մեզանից ԱԱՀ չուզեք, ինչ ուզում եք`արեք»:
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, 2020 թվականի հունվարի 1-ից ավարտվում է 2015 թվականից ԵԱՏՄ-ում Հայաստանին տրամադրված ավտոներկրման արտոնությունը: Արտոնությունը տրված էր Հայաստանում ավտոարտադրությունը զարգացնելու նպատակով, սակայն զարգացավ առեւտուրը: Արտոնության վերացման հետեւանքով հնարավոր խնդիրներից խուսափելու համար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նախագիծ է մշակել, այն քննարկվում է կառավարությունում: ՊԵԿ-ը եւ էկոնոմիկայի նախարարությունը կողմ են նախագծով առաջարկվող կարգավորումներին, ՀՀ ֆինանսների նախարարությունը դեմ է: Նախագիծն այսօր քննարկվում էր ԱԺ տարածարջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովում`շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
Կարդացեք նաև

Ավտոներկրողներն էլ առաջարկում են`ավտոարտադրություն չենք կարողանում զարգացնել, եկեք կամաց քայլերով գնանք ավտովերանորոգման, ինչը լավ հիմք կլինի հետագա զարգացման համար: Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը համամիտ է այս առաջարկի հետ`վերանորոգման ինստիտուտը զարգացնելու շրջանակներում քայլ առ քայլ գնալ մեքենաշինության ինդուստրիայի զարգացմանը, մանավանդ, հիմա կառավարությունում` Տիգրան Ավինյանի գլխավորությամբ արդյունաբերության, ավտոմոբիլաշինության զարգացման ծրագրեր են քննարկվում:
Միքայել Մելքումյանը տեղյակ է, որ մոտ 30 հազար ավտոմեքենայի կուտակում կա Հայաստանում, մարդիկ սպասում են, որ հունվարի 1-ից թանկանան`վաճառեն: Կառավարության ներկայացուցիչը հստակ թվերի չէր տիրապետում, բայց Մելքումյանը դա էլ է խնդիր համարում, որը լուծման կարիք ունի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































