Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի 1-ի գործով վկաները կաշկանդված վիճակում են. նրանց թվում է՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը հետ է գալու». Սեդա Սաֆարյան

Հոկտեմբեր 01,2019 16:48

«Վերջին քրեական գործով`Ալիկ Սարգսյանի հետ կապված, մարտի 1-ի գործընթացը լրիվ նոր, լուրջ փուլ մտավ, որով, բացահայտվում է, որ իշխանությունները ոչ միայն մարտի 1-ի ոճրագործությունն են իրականացրել, այլ մարտի 1-ի կոծկման համալիր ծրագիր են իրականացրել տարիներ շարունակ: Սպասվելիք ակտիվ փուլը կսկսի ամսի 7-ին, երբ մեղադրանք կհնչի, և մեր ժողովուրդն ու միջազգային հանրությունը կիմանան՝ իրականում ինչ է տեղի ունեցել մարտի 1-2-ին: Այսինքն՝ մենք թևակոխում ենք մարտի 1-ի բացահայտման նոր փուլ»,-«Հոդված 3» ակումբում «Մարտի 1-ի գործով վկաների անվտանգության խնդիրները. պաշտպանվա՞ծ են արդյոք նրանք» թեմայով քննարկմանը հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը:

Հարցին՝ կա կարծիք, որ առանցքային վկաները և տուժողների իրավահաջորդները պետք է վերցվեն պետական վերահսկողության ներքո, արդյոք համաձա՞յն է այս տեսակետի հետ, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Այսօր վերաքննիչը մերժել է Քոչարյանի փաստաբանների դիմումը կալանքի հարցը վերանայելու. քննության չի առել: Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը թողել է նույնը, այլ ոչ թե որոշել բեկանել: Սա շատ լավ գիտեին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները, բայց բոլոր դեպքերում դիմել էին խափանման միջոցը փոխելու համար: Վերաքննիչը գործը վարույթ չի ընդունել. նրա կարգավիճակը կմնա նույնը»: Արամ Մանուկյանը, Ռոբերտ Քոչարյանի կալանքն ու վկաների անվտանգության հարցերը փոխկապակցելով, ասաց՝ բոլորը գիտեն, որ Ռոբերտ Քոչարյանը դրսում ուրիշ է, ներսում՝ ուրիշ. «Հին համակարգի ջանքերն ուղղված են ուրիշ տեղ. մարդիկ ահավոր մեծ կապիտալ են ներդրել. բոլորդ եք տեսնում՝ ովքեր են աջակիցները, որպեսզի հասնեն նրան, որ դատական պրոցես չսկսի, և Քոչարյանին տեսնեն դրսում: Սա լիովին փոխում է դրսում գտնվող վկաների իրավիճակը, նրանց զգացողությունը, թե ինչ ազդեցություն կարող է Քոչարյանն ունենալ: Վերջերս Արամ Աբրահամյանն էլ հստակ, կոնկրետ առաջարկով հանդես եկավ՝ դիմելով ՀՀ իշխանություններին,ասելով, որ Ռոբերտ Քոչարյանը դրսում կարող է լինել շատ վտանգավոր, թե ջահելությունն այդ մասին չգիտի, մենք շատ լավ գիտենք դրա մասին: Այդ իսկ առումով և նաև այս վերջին դեպքը հիմնավորում է այն կասկածը, որ Քոչարյանն ուղղակի դրսում չի կարող լինել. այդ դեպքում նա կարող է լինել ազդեցիկ՝ ունենալով ՀՀ ժողովրդից գողացած մի քանի միլիարդ դոլարը: Այս առումով խիստ անհրաժեշտ է բոլոր վկաների անվտանգության ապահովումը»: Ըստ Արամ Մանուկյանի՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը նաև նրա շահերից է բխում. որպես կարևորագույն վկա՝ նրա համար ճիշտ ձևը կալանքի տակ պահելն է:

Փաստաբան Սեդա Սաֆարյանը նշեց, որ մարտի 1-ի գործով շատ խոցելի իրավիճակ է ստեղծվել. «Մի շարք պաշտոնյաներ տվել են դետալավորված լուրջ ցուցմունքներ՝ զինվածության մակարդակի, սահմանների և այլ հանգամանքների հետ կապված: Այդ վկաների ցուցմունքների վրա կարող է էապես ազդել Քոչարյանի ու նրա շրջապատի վարքագիծը: Վկաները մի տեսակ կաշկանդված վիճակում են: Թվում է՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը հետ է գալու, և իրենք իրենց ցուցմունքները չեն կարողանալու պնդել: Երբ Հայկ Հարությունյանը և մյուսները համոզվեցին, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը տեսականորեն հնարավոր չէ, իրենց հոգեբանական վիճակն էլ կարող էլ ավելի բարդանալ, քանի որ այլ բան էր, որ նախկին վիճակը հայտնվի: Այս իրավիճակում տեղի են ունենում զրույցներ և քննարկումներ, որոնք կապված են վկաների անվտանգության հետ: Ստեղծված իրավիճակում պաշտպանության միջոցի ձեռնարկումը շատ կարևոր է»:

2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետևանքով զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, մտահոգություն հայտնեց՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այնքան են լկտիացել, որ ասում են՝ մենք Նիկոլին ոտքի տակ կտրորենք: Խոսելով նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան մասին՝ Սարգիս Քլոյանն ասաց. «Հայկ Հարությունյանին շատ լավ եմ ճանաչել: Նա 2008-ին կարկառուն դեմքերից մեկն է եղել. ամեն ինչից տեղյակ է, ոնց է հրաման տրվել դեռ ժամը 7-ը չլրացած հարձակվել Ազատության հրապարակում հավաքված ժողովրդի վրա, այնուհետև իրենց շքախումբը հարձակվել է տարբեր տեղերում ժողովրդի վրա, ահաբեկել: Հայկ Հարությունյանն այնպիսի գործողություններ է ղեկավարել. 2008-ի մարտի մեկին՝ ժամը 9-ից հետո մանավանդ, ասեմ, որ տարբեր համազգեստ հագած մարդիկ կային, չէիր ասի, որ զինվորական ու ոստիկան են: Այնպես որ, լավ կլինի, որ մեր բոլոր վկաներին ապահովվի պետական պահպանություն»:

Փաստաբան, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն ասաց. «Խոսքը ոչ միայն վկաների պաշտպանության մասին է, այլև քրեական գործի շրջանակներում հավելյալ երաշխիքների ամրագրման: Վկայի պաշտպանությունը միայն ֆիզիկական ուղեկցումը չէ: Ազդեցությունները կարող են դրսևորվել տարբեր ձևով, որոնք ֆիզիկական ուղեկցմամբ լուծելի չեն: Ֆիզիկական ուղեկցմամբ այդ ծածկույթը հնարավոր չէ ստանալ, որը կարելի է ստանալ այլ ուղեկցությամբ»:

Սեդա Սաֆարյանն էլ հավաստիացրեց, որ մեր ԱԱԾ-ն ունի համապատասխան բաժիններ և պետք է հենց ԱԱԾ-ն իր համապատասխան բաժինների միջոցով հսկողություն իրականացնի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031