Կալիֆորնիայի հայ երիտասարդաց միության «Կոմիտաս» երգչախումբն ամփոփեց համերգային շրջագայությունը (սեպտեմբերի 14֊ին «Կոմիտաս» երգչախումբը համերգային ծրագրով կրկին Հայաստան էր ժամանել)։
Համերգին մասնակցում էր խմբի 34 անդամ՝ խմբավար Միքայել Ավետիսյանի գլխավորությամբ։ Խմբի մեջ էին նաեւ միության ատենապետ Արա Մարտիրոսյանը եւ երգչախմբի կազմակերպչական մասն իրականացնող ամուսիններ Վարանդ եւ Քրիստինե Հովնանյանները։
Առաջին համերգը Երեւանում էր, երկրորդը՝ Վանաձորում, իսկ վերջին կանգառը՝ Ստեփանակերտում։ Երեւանում երգչախմբին տրվեցին Կոմիտաս վարդապետի անվան մեդալ, շնորհակալագրեր։
Արցախի սիրտ Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի ունեցած համերգը սպասված եւ ստացված էր։ Հայրենիքում երգչախմբի կազմակերպչական մասն ապահովել են Հայաստանի երաժշտական ընկերությունը եւ «Նաիրի» համահայկական հիմնադրամի ղեկավար, մշակույթի գործիչ Սամվել Հարոյանը։
Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի ունեցած համերգին ներկա էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, նախարարության այլ աշխատակիցներ, մշակույթի գործիչներ Նինա Գրիգորյանը, Գեւորգ Մուրադյանը, Ռաուլ Բաբայանը եւ այլք։ ԱՀ ՄԵհԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը երգչախմբին պարգեւատրեց շնորհակալագրերով։
Կարդացեք նաև



Աննա ՍԱՀԱԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.10.2019




















































