Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի ներկրվող ավտոմեքենաների հաշվին Հայաստանում մեծ փողեր են շրջանառվում. «Ժամանակ»

Հոկտեմբեր 11,2019 10:58

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է հայաստանյան բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից արտերկրից ուղարկված և արտերկիր ուղարկած փոխանցումներին վերաբերող այս տարվա առաջին յոթ ամիսների վիճակագրությունը: Նշենք, որ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարվող փոխանցումների բացարձակ մեծամասնությունը կատարվել ու կատարվում է ՌԴ-ից և դեպի ՌԴ: Բայց այս տարվա, հատկապես տարեկեսին վերաբերող տվյալներում ՀՀ-ից դեպի ՌԴ փոխանցումների մասնաբաժինն ընդհանուրի մեջ էապես նվազել է:

Տարվա առաջին 7 ամիսներին՝ հունվար-հուլիսին, ըստ Կենտրոնական բանկի, ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտերկրից Հայաստան են փոխանցել 1 մլրդ 55 մլն դոլարին համարժեք գումար։ 2018 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ այն աճել է 88.2 մլն դոլարով: Համաձայն ԿԲ-ի հրապարակման՝ 2018թ. հունվարին արձանագրվել է 94.6 մլն դոլարի ներհոսք: Սա անցյալ տարվա համար միակ դեպքն է, երբ ներհոսքը պակաս է եղել 100 մլն-ից: Հետո այդ թիվը կայունորեն աճել է՝ մայիսին հասնելով 139.6 մլն-ի, հունիսին՝ 164.2-ի, և հուլիսին՝ 179.4 մլն դոլարի (մինչև հուլիս ենք վերցնում, որպեսզի համեմատենք այս տարվա մինչ այժմ հրապարակված թվերի հետ):

Ինչ պատկեր է գրանցվել այս տարի համապատասխան ժամանակահատվածում: Հունվարին ներհոսքը կազմել է 119.1 մլն դոլար:

Մայիսին՝ գրեթե 169 մլն, հունիսին՝ գրեթե 162, և հուլիսին՝ 188.6 մլն դոլար: Փաստորեն, հունվար ամիսների համեմատությունից պարզվում է, որ եթե այս տարեսկզբին ֆիզիկական անձանց կողմից արտերկրից բանկերի միջոցով փոխանցված գումարների ներհոսքը նախորդին գերազանցել է գրեթե 25 մլն դոլարով, ապա մայիսին այդ տարբերությունը հասել է շուրջ 30 մլն դոլարի, հունիսին կտրուկ շրջադարձ է արձանագրվել, ու գումարների ներհոսքը անցած տարվա հունիսի համեմատությամբ նվազել է շուրջ 2 մլն դոլարով, իսկ հուլիսին աճել է ավելի քան 9 մլն դոլարով: Նշենք, որ փետրվար-ապրիլ միջակայքում ևս անհամաչափ աճ ու անկում է արձանագրվել:

Դառնալով ֆիզիկական անձանց կողմից բանկերի միջոցով արտերկիր ուղարկվող փոխանցումների վիճակագրությանը՝ նշենք, որ առաջին յոթ ամիսների ընթացքում Հայաստանից դեպի արտասահման է փոխանցվել շուրջ 781 մլն դոլարին համարժեք գումար, որը 147 մլն դոլարով ավելի է, քան նախորդ տարվա հունվար-հուլիսին։ 2018թ.-ին մինչև հուլիս ամիս չի եղել ամիս, որ Հայաստանից գումարների արտահոսքը գերազանցի 100 մլն դոլարի սահմանագիծը: Այսպես. հունվարին այն կազմել է 74.3 մլն, փետրվարին՝ 99.1 մլն, մարտին եղել է առաջին յոթ ամիսների արտահոսքի ամենաբարձր ցուցանիշը՝ 99.8 մլն, հունիսին՝ 76 մլն, հուլիսին՝ 98.5: Իհարկե, արդեն հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին արտահոսքի թիվը էապես գերազանցել է 120 մլն-ի սահմանագիծը, նոյեմբերին՝ 110-ը: 2019թ.-ին միայն փետրվար-մարտ ամիսներին է, որ Հայաստանից դուրս ուղարկվող գումարները չեն հատել 100 մլն-ի սահմանագիծը (համապատասխանաբար 93 և 92 մլն դոլար): Ապրիլ-մայիս ամիսներին այն ավելի է եղել, քան 110 մլն դոլարը, իսկ հունիս-հուլիսին՝ ավելի, քան 120 մլն-ը:

Եթե 2018թ. հունվարին զուտ ներհոսքը (ներհոսքի ու արտահոսքի տարբերությունը) եղել է 20.3 մլն դոլար, մայիսին՝ 47.3, հունիսին՝ 88.2, հուլիսին՝ 81 մլն դոլար, ապա 2019թ. հունվարին այն կազմել է 17.7 մլն, մայիսին՝ 55.8 մլն, հունիսին՝ 35.5 մլն, և հուլիսին՝ 44.1 մլն դոլար: Փաստորեն այս տարվա հատկապես հունիս-հուլիս ամիսներին զուտ ներհոսքը բացարձակ թվով գրեթե կրկնակի պակաս է եղել անցած տարվա համապատասխան ժամանակահատվածից:

Քանի որ հունվարի 1-ից արտերկրից դեպի Հայաստան ներկրվող մեքենաների մաքսատուրքերը բարձրանալու են, տրամաբանական է, որ այս ու առաջիկա երկու ամիսներին ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստան ներհոսքի և Հայաստանից արտահոսքի ծավալները շարունակելու են աճել, որից հետո կտրուկ անկում է սպասվում՝ համապատասխան հետևանքներով:
Նարեկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031