ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն այսօր այցելեց երեկ գիշերը վիրավորում ստացած ոստիկանին:
Նա լրագրողներին պատմեց, որ գիշերը Հաղթանակի զբոսայգու հարեւանությամբ ոստիկաններն իրենց ծառայությունն իրականացնելիս նկատել են կասկածելի երկու անձանց ու մոտեցել նրանց:
Անձանցից մեկին են կարողացել բռնել, մյուսը փախել է, ավելի ուշ մթության մեջ հարձակվել է ոստիկաններից մեկի վրա ու փորձել ազատել բռնված եղբորը: Ըստ պարոն Սարգսյանի՝ որոշակի քաշքշուկի ընթացքում նշված քաղաքացին հաջողացրել է պոկել ոստիկանի ատրճանակը, որը հատուկ պարանով ամրացված է եղել ոստիկանի վրա, եւ կրակոցներ արձակել. «Ենթադրում եմ` կենսական նշանակության օրգան է վնասվել, որովհետեւ մեկ կրակոց ունենք, զենքը դեռ չի հայտնաբերվել, կարողացել ենք պարզել այդ ստահակներին, եւ վերջիններս մեզ մոտ են, խոստովանում են: Քննության արդյունքներով բոլոր պատասխանները կտրվեն, հանգամանքները կպարզվեն»:
Արման Սարգսյանի խոսքով, նշված երկու քաղաքացիները օրինապաշտ քաղաքացիներ չեն եղել. «Մեր ոստիկանների օպերատիվ հոտառությունն իրենց չի դավաճանել, մոտեցել են ճիշտ մարդկանց, ցավում եմ, որ նման դեպք էր ստացվել»:
Կարդացեք նաև

Արման Սարգսյանը նաեւ ասաց, որ հանրային ընկալում պետք է ձեւավորվի, որ ոստիկանի վրա ձեռք բարձրացնելը նույնն է, թե պետության վրա ես ձեռք բարձրացնում, նման մարդիկ, որոնք կփորձեն այս կամ որեւէ այլ կերպ պետության վրա ձեռք բարձրացնել, խստագույնս պատժվելու են: Զոհված ոստիկանը աշխատանքային երկարամյա փորձ ուներ, իսկ վիրավորում ստացած ոստիկանը սկսնակ էր:
Պարոն Սարգսյանը նաեւ ասաց, որ զոհված ոստիկանը հետմահու կպարգեւատրվի: Իսկ վիրավորում ստացած ոստիկանը խոստացել է բարձրագույն կրթություն ստանալ, որ միջին խմբում պաշտոն ստանա, ըստ Արման Սարգսյանի՝ նրան կտրվի սպայական կոչում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































