Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանն ազատվել է պաշտոնից, իսկ վարչապետի խոսնակն ասել է, որ պատճառը եղել է այն, որ նա քաղաքական հայտարարություններ է արել:
Այսօր այս առնչությամբ ԱԺ ճեպազրույցների ժամանակ հարցին՝ դա նորմա՞լ է, որ մարդուն իր տեսակետների համար գործից հանում են՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Դուք չգիտե՞ք, որ ուժային կառույցների ղեկավարները քաղաքական հայտարարություններ անելու իրավունք չունեն եւ քաղաքականության մեջ իրենք անելիք չունեն: Պետք է պաշտոնավարեն օրենքով սահմանված շրջանակներում: Եթե այդպես են գնահատել իր հայտարարությունը, որոշումը կայացվել է այդ կոնտեքստում, ես չեմ քննարկում՝ ճիշտ է, թե սխալ: Ամեն դեպքում, որոշումը կայացված է»:
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Հովհաննես Քոչարյանն իրենց հանձնաժողովի հետ շատ արդյունավետ է աշխատել ու ինքն ափսոսում է նրա պաշտոնանկության համար. «Ոստիկանությունում ամենաարժեքավոր ոստիկանները նման ինտելեկտը կրող մարդիկ են: Ափսոսում եմ, դա կադրային կորուստ է ոստիկանության համար: Բայց նման բարձր դիրք զբաղեցնող ոստիկանը նաեւ պետք է իմանա, որ լրագրողներից պետք է մի քիչ… լրագրողները ցանկացած հարց կարող են տալ ու իրենք պետք է պատրաստ լինեն, որ չընկնեն քաղաքական որեւէ շահարկման մեջ»:

Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































