Գեղանկարիչ Հրանտ Ստեփանյանի որդին` Արշակ Ստեփանյանը դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Aravot.am-ի հետ զրույցում նկարչի որդին հիշեցրեց, որ 2018թ. մարտի 20-ին լրացել է Հրանտ Ստեփանյանի ծննդյան 100- ամյա հոբելյանը, եւ դեռեւս 2016թ. վերջին ՀՀ մշակույթի նախարարի հետ եկել էին համաձայնության, որ նախարարությունը ձեռք բերի մի քանի գեղանկար` ՀՀ ազգային պատկերասրահի ֆոնդը համալրելու, ինչպես նաև միջնորդի հոբելյանի հետ կապված հիշատակը հավերժացնելու նպատակով նամականիշ թողարկելու համար: Ընդունվել է 3 աշխատանք` ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, բալետի պարուհի Գալյա Հարութի դիմանկարը, որը աշխարհահռչակ շախմատիստ, աշխարհի չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի կինն էր, կոմպոզիտոր Ազատ Մանուկյանի դիմանկարը և «Նավակները» աշխատանքը, որոնց համար պետք է վճարվեր 5.555.700 դրամ:

Aravot.am-ը այս մասին հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն, որտեղից ստացել ենք հետեւյալ պատասխանը. «Հայտնում ենք, որ Հայաստանի ազգային պատկերասրահը դրանք երբևէ ձեռք չի բերել և չի պարտավորվել ձեռք բերել: 2016 թվականին մշակույթի նախարարի տեղակալի կողմից պատկերասրահի տնօրենին գրություն է ուղարկվել՝ դիտարկելու Հրանտ Ստեփանյանի 2-3 կտավները ձեռք բերելու հարցը, ինչին ի պատասխան պատկերասրահի տնօրենը տեղեկացրել է՝ «գեղանկարիչ Հրանտ Ստեփանյանի նկարներից Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում պահվում է 16-ը: Նորը ձեռք բերելու հարցում պատկերասրահը պատրաստ է ցուցաբերել խորհրդատվական աջակցություն: Այսինքն՝ ըստ ընթացակարգի մեր մասնագիտական գնահատող հանձնաժողովը կուսումնասիրի նկարչի աշխատանքները և Ձեզ կներկայացնի ստեղծագործությունների արժեքը», ինչը և պատշաճ կատարել է պատկերասրահը: 2016 թվականից ի վեր կտավները ձեռք բերելու առումով ոչ նախարարությունը, ոչ պատկերասրահը որևէ պարտավորություն չեն ունեցել: Նախարարությունը հավելյալ ֆինանսական միջոցներ չի կարողացել և չի կարող տրամադրել դրանք ձեռք բերելու համար»:
Aravot.am-ի հետ զրույցում Արշակ Ստեփանյանը պնդեց. «Ես ունեմ ստացական, որ 2 տարի 6 ամիս նկարները գտնվում են Ազգային պատկերասրահում, ունեմ փոխնախարարի նամակը, որտեղ գրում է` խնդրում եմ Հրանտ Ստեփանյանի աշխատանքները ներկայացնել Ազգային պատկերասրահ պետական հանձնաժողովի գնման, ընդունման եւ գնահատման նպատակով եւ այդ փաստաթուղը,ինչպես նաեւ հանձնաժողովի որոշումը, որ նկարներն ընդունված են եւ գնահատված են` երեքը միասին 5.555.700 դրամ…Այսինքն ես ունեմ բոլոր հիմքերը, որ դիմեմ դատարան եւ դատը շահեմ»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Արշակ Ստեփանյանը:




















































