Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 29-ին անցկացվող դատական նիստին նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը ներկայացրեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը: Այն ստորագրել են հանձնաժողովի 7 անդամներից 6-ը՝ բացառությամբ Նորբերդ Ավետյանի:

Եզրակացության մեջ նշված է նաև, որ Մանվել Գրիգորյանի բուժման գործընթացում խորհուրդ է տրվում դեղորայքային բուժումը զուգակցել սննդակարգի խստորեն պահպանմամբ:
Կարդացեք նաև
Նախագահող դատավորը շեշտադրում կատարեց նաև եզրակացության այն հանգամանքի վրա, որ Մանվել Գրիգորյանի ներկայիս առողջական վիճակը չի խոչընդոտում դատական նիստերին մասնակցության համար և ընթերցեց. «Մանվել Գրիգորյանի ներկայիս առողջական վիճակը չի հանդիսանում խոչընդոտ դատական նիստերին մասնակցության համար: Տեղաշարժումը կարելի է ապահովել կողմնակի անձանց և սարքավորումների կիրառմամբ, իսկ նիստերի ընթացքում կարելի է ապահովել բժշկի ներկայություն»:

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի համար զարմանալի է միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության մեջ ներկայումս բնորոշումը, քանի որ ըստ փաստաբանի՝ կամ գրում են հիվանդությունները համապատասխանում են կառավարության որոշմամբ հիվանդությունների ցանկին կամ ոչ, ոչ թե ներկայումս:
Այնուհետև նա ներկայացրեց միջնորդություն՝ միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին հրավիրել դատարան և նրանց հարցաքննել:
Նախագահող դատավորն ասաց, որ միջնորդությունը դատարանը կքննի հաջորդ շաբաթ:
Պաշտպանը խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն ևս ներկայացրեց: Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը խնդրեց հաշվի առնել Մանվել Գրիգորյանի տարիքը, որ նա Արցախի հերոս է, կարճատև ազատության մեջ մնալով՝ ցույց է տվել, որ չի խոչընդոտում դատաքննությանը, որ նա ունի առողջական խնդիրներ և այլն:
Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը խնդրեց միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և ժամանակ տրամադրել այն ուսումնասիրելու համար, որ այդ ամենի հիման վրա միջնորդության հետ կապված դիրքորոշում հայտնի:
Դատարանը գտավ, որ միջնորդության լուծման համար անհրաժեշտ հանգամանքներ պարզելու համար անհրաժեշտ է հետաձգել դատական նիստը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին՝ ժամը 12.00-ին: Մնացական Մարտիրոսյանը հայտնեց՝ նախ կանդրադառնան խափանման միջոցի փոխարինման հարցին, հետո մյուս միջնորդության լուծմանը՝ հանձնաժողովի անդամներին հրավիրելու առումով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































