Երեւանում եւ Ստեփանակերտում ցուցադրված վավերագրական-խաղարկային «Միստիկ երկիր Առան» ֆիլմը ջերմ արձագանքների է արժանացել: Ֆիլմի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է, սցենարի հեղինակը Լեւոն Գալստյանը: Ֆիլմի մտահղացումը Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանինն է, այն նվիրված է Արցախի թեմի վերաբացման 30-ամյակին:
«Առավոտի» հետ զրույցում Լեւոն Գալստյանն ասաց, որ մեկ տարի առաջ Հրանտ Մովսիսյանի հետ մի ֆիլմ էին ստեղծել, որը նվիրված էր Սուրբ Գեղարդին, որով փորձ էր արվում ցույց տալ, թե ինչպես է դա ի պահ տրվել հենց մեր երկրին, եւ որն է դրա խորհուրդն ու արժեքը: «Երբ այդ ֆիլմը ցուցադրվեց Շուշիում, Պարգեւ Սրբազանը Հրանտ Մովսիսյանին առաջարկեց նկարահանել ֆիլմ Արցախի մասին, որի նախաձեռնությունը ռուսաստանաբնակ բարերար, Ջալալյանների տոհմի շառավիղ Արթուր Ջալալովինն է: Շատ հաճելի էր լսել այդ առաջարկը, եւ սիրով ես էլ մասնակցեցի այդ գործին, որն իմ երկրորդ աշխատանքն էր Արցախի մասին` 2006-ին նկարահանվել էր «Մի վախեցիր» ֆիլմը: Ըստ էության, ամբողջ աշխատանքը տեւեց մեկ տարի»,-հայտնեց սցենարի հեղինակը:
Խոսելով ձեւաչափի եւ խնդրի մասին, պարոն Գալստյանն ընդգծեց, որ իրենց ֆիլմում Արցախն այլ հայացքով են դիտարկել. «Արցախի մասին շատ է գրվել ու նկարահանվել… Ինչպես մարդն ունի իր ճակատագիրը, կենսագրությունը, հոգեւոր կենսագրությունը, այդպես էլ երկիրն ունի իր տեղն ու առաքելությունն այս աշխարհում: Մենք փորձ ենք արել մոտենալ Արցախի կենսունակության եւ հարատեւման գաղտնիքին»:
Հարցրինք, թե ինչո՞ւ որոշեցին խաղարկել Առան խորհրդանիշը: «Ինչպես մեր հնագույն Նաիրին դարձավ հոգեւոր Հայաստանի խորհրդանիշ, օրինակ, Չարենցի ու Տերյանի համար, այդպես էլ մեր ֆիլմում դա դիտարկվեց որպես Արցախի նախասկզբի, հոգեւոր Արցախի խորհրդանիշ:

Կարդացեք նաև
Նա Պարգեւ սրբազանի պատմությունը ներկայացրեց ֆիլմում առկա մի դրվագի մասին, որը ֆիլմի թրեյլերում էլ է ընդգծված. «Ծանր տարիներին մեկը հաց է հայթայթում իր երեխաների համար, բայց տեսնում է, որ մի երեխա անթարթ հայացքով նայում է: Նա հացը կիսում եւ տալիս է այդ երեխային, եւ ինչպես ֆիլմում է ասվում, դրանով իր սիրտն է տալիս եւ հաղթում»:

Լեւոն Գալստյանը առանձնահատուկ կարեւորեց հացի տեսարանը, Գանձասարի ժողովը, նաեւ մի դրվագ, երբ 19-րդ դարում արցախյան արմատներով մի մեծահարուստ մարդ` Հովսեփ Ամիրխանյանը նամակ էր գրել Ալեքսանդր Ցարին եւ առաջարկել գնել Արցախը, սակայն այն նավը, որով պետք է Պետերբուրգ շարժվեր, անհետացել էր: «Այս դրվագը ոչ թե ինտրիգի համար ենք մեջտեղ բերել, այլ այն միտքն է շեշտադրված, որ ուժով նվաճված հայրենիքը ուժով էլ հետ են վերցնում»,-նշում է Լեւոն Գալստյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ «Միստիկ երկիր Առան» ֆիլմի ֆեյսբուքյան էջից
«Առավոտ» օրաթերթ
07.11.2019



















































