Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս ինչե՜ր են խոսում՝ ի՞նչ քոչարյանական, մեր բողոքը մեր կառավարության դեմ չէ»․ Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակից

Նոյեմբեր 20,2019 16:46

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցներին ղեկավարությունը հարկադիր հանգստի էր ուղարկել՝ նրանց փոխարեն Ռուսաստանի Դաշնությունից բերելով ազգությամբ ռուս 10 մեքենավարների։ Դեպոյի աշխատակիցները մեզ հետ զրույցում նշել էին, որ ըստ իրենց հասած տեղեկությունների, փորձում են ազատվել իրենցից ու չնայած պարզաբանում են, թե փորձի փոխանակման նպատակով են ՌԴ-ից մեքենավարներ բերել, սակայն հրամանի մեջ այս մասին կես բառ անգամ նշված չկա։

Երկաթուղայիններն անհանգստացած դիմել էին ուժային կառույցներին՝ Շիրակի մարզի դատախազությանը, ոստիկանությանը և ԱԱԾ-ին։ Նրանց ներկայացմամբ՝ հանցագործության մասին հայտարարության մեջ նշել են, որ ռուս մեքենավարների՝ տեղանքին անծանոթ լինելու պատճառով ոչ միայն փչանում է մեր երկրի գույքը, որի արժողությունը մոտ 2 միլիոն դոլար է, այլ վտանգ է սպառնում մեր երկրի քաղաքացիների կյանքին։

Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նրանց դիմումն այս պահին գտնվում է ուսումնասիրության փուլում, սահմանված ժամկետում կտրվի պատասխան։

Լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցներն այսօր կեսօրին հանդիպելու էին «Հարավկովկասյան երկաթուղու» ղեկավարության հետ, որոնք բողոքի հետքերով գալու էին Գյումրի։

Նրանցից մեկը մեզ հետ զրույցում նեղվեց՝ ասելով․ «Մեզ տեղեկություններ են հասնում այն մասին, որ ուզում են մեր ակցիաները կապեն Ռոբերտ Քոչարյանի հետ։ Էս ինչե՜ր են խոսում՝ ի՞նչ քոչարյանական, մեր բողոքը մեր կառավարության դեմ չէ։ Հայտարարում ենք, որ մեր կառավարության դեմ ոչ մի բողոք չունենք, մեր բողոքը գործատուի դեմ է։ Մենք ասել ենք ու կրկնում ենք՝ չենք թույլ տա, որ ռուսի քմահաճույքի պատճառով վտանգվի մեր ազգային անվտանգությունը, մի հատ ռուս մեքենավար մեր ազգաբնակչության քթից արյուն բերի․ նրանք ծանոթ չեն ո՛չ տեղանքին, ո՛չ ճանապարհներին, ո՛չ բնակլիմայական պայմաններին, եթե արգելակումը սխալ անեն ու բախվեն մարդատար գնացքին, մտածե՞լ են՝ ի՞նչ է լինելու մեր վիճակը»։

Նշենք, որ քիչ առաջ պաշտոնական պարզաբանում է ներկայացրել նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը՝ նշելով, պայմանավորվածության համաձայն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ կազմակերպում են փորձի փոխանակում երկու ընկերությունների լոկոմոտիվային բրիգադների միջև, և որ նպատակ չի հետապնդվում՝ հայ մեքենավարներին օտարերկրյա մասնագետներով փոխարինումը:

«Առկա պայմանավորվածությունների համաձայն, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ կազմակերպում են փորձի փոխանակում երկու ընկերությունների լոկոմոտիվային բրիգադների միջև: Տվյալ ծրագրի շրջանակներում Ռուսական երկաթուղիների մի խումբ մեքենավարներ՝ Հարավկովկասյան երկաթուղու հրահանգիչ-մեքենավարների ղեկավարությամբ, պրակտիկ դասընթացներ են անցնում Հայաստանի երկաթուղու տարածքում: Ծրագիրը նպատակ չի հետապնդում հայ մեքենավարներին օտարերկրյա մասնագետներով փոխարինումը: Նախագծի շրջանակներում ՀԿԵ մեքենավարները փորձի փոխանակման և որակավորումը բարձրացնելու նպատակով շուտով գործուղվելու են Ռուսական երկաթուղիների ձեռնարկություններ: Այդ ծրագրի մասին հայտնել էր «ՌԵ» ԲԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, ՀԿԵ Տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Միշարինը հոկտեմբերի 24-ին կայացած խորհրդակցությանը, որին մասնակցում էին Գյումրիի դեպոյի լոկոմոտիվային բրիգադները: Խորհրդակցությանը լոկբրիգադների ներկայացուցիչները քննարկմանը ներկայացրեցին ՀԿԵ-ի բեռնաշրջանառության աճի հետ մեկտեղ նկատվող արտաժամյա աշխատանքային ժամերի ավելանալու հարցը: Եթե 2018 թվականին լոկոմոտիվային բրիգադների արտադրողականությունը կազմում էր 97,1%, ապա այս տարի նրանց ծանրաբեռնվածությունն ավելացել էր մինչև 107%: Արտաժամյա աշխատանքը նվազեցնելու նպատակով Հարավկովկասյան երկաթուղում մշակվել է լոկոմոտիվային բրիգադների նախապատրաստման 5-ամյա ծրագիրը: Հարկ ենք նշում նաև պարզաբանել, որ Հայաստան ժամանած ՌԵ-ի մեքենավարները հանդիսանում են ռուսական փոխադրողի գործող աշխատակիցներ և աշխատավարձ են ստանում Ռուսական երկաթուղիներում:

Փորձի փոխանակման և որակավորումը բարձրացնելու պրակտիկան լայն տարածում ունի Ռուսական երկաթուղիների տարբեր ստորաբաժանումների և դուստր ձեռնարկությունների շրջանում, ինչպես նաև «1520» տարածաշրջանում: Հիշեցնենք, որ Հարավկովկասյան երկաթուղու մեքենավարների աշխատավարձը 2019 թվականին աճել է 16,6%՝ կազմելով 354 հազար ՀՀ դրամ, մեքենավարների օգնականների՝ 13,3%, մինչև 249 հազար դրամ: Լոկոմոտիվների մեքենավարների և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող միջին աշխատավարձերի հարաբերակցությունը կազմում է 198,6%՝ գրեթե կրկնակի ավելի»,-գրված է նրանց պարզաբանման մեջ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930