Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ նոր էթնոս է՝ Արցախի ժողովուրդը»

Նոյեմբեր 23,2019 13:30 Share

«Երբ ասում ես «Արցախի ժողովուրդ»՝ ադրբեջանցիներին հնարավորություն ես տալիս խաղարկել իրենց սեփական խաղը, որովհետեւ ադրբեջանցիներն էլ տարիներ շարունակ ասում են, որ Արցախի բնակչությունը դա նաեւ ադրբեջանական համայնքն է». «Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Վիգեն Հակոբյանը:

Նախօրեին Հայաստանի նախկին եւ ներկա ղեկավարները՝ տարբեր հարթակներից, իրենց մտահոգությունները եւ տեսլականները ներկայացրեցին Արցախի հարցի կարգավորման ներկայիս փուլի մասին: ԵԺԿ համագումարում ունեցած ելույթում ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորաբար, ասաց. «Արցախյան հակամարտության ներկայիս բանակցային փուլը ինձ մոտ մտահոգություններ է առաջացնում: Որպես մարդ, ով անձամբ մասնակցել է Արցախի ինքնապաշտպանության գործընթացին, ես լավ գիտեմ խաղաղության արժեքը: Այս տեսակետից ցանկացած՝ անգամ վատ բանակցությունը գերադասելի է պատերազմից: Շատ կարեւոր է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը շարունակեն ստանալ միջազգային հանրության անվերապահ աջակցությունը: Ցավոք, մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ադրբեջանը շարունակում զինվել եւ սպառնալ Արցախին եւ Հայաստանին: Ուզում եմ, որ Բաքվում կրկին լսեն իմ այս ուղերձը՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, եւ այս խնդիրը չունի ռազմական լուծում»: Իսկ Նիկոլ Փաշինյանն իտալական այցի ընթացքում մի քանի անգամ կրկնեց իր թեզն այն մասին, որ  հարցի լուծումը պետք է ընդունելի լինի ՀՀ-ի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար. «Իմ երկրում ինձ խիստ քննադատեցին այդ բանաձեւի համար, որը երեք կողմերին հավասար հիմունքներով է դիտարկում: Այդուամենայնիվ, ես համոզված եմ, որ դա հակամարտության խաղաղ եւ տեւական կարգավորման միակ ճանապարհն է, քանի որ այն ենթադրում է փոխզիջման, փոխադարձ հարգանքի եւ հավասարակշռման հնարավորություն։ Որպեսզի առաջ շարժվենք, ես նման հայտարարություն եմ ակնկալում նաեւ Ադրբեջանից: Եթե մենք լսենք այդպիսի հայտարարություն նախագահ Ալիեւից, դա իսկական առաջընթաց կլինի բանակցային գործընթացում: Այնուամենայնիվ, Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները մնում են իրենց նախկին դիրքերում՝ նպատակ ունենալով խնդիրը լուծել միայն Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի տարբերակով: Դա ինձ լրացուցիչ հիմք է տալիս կարծելու, որ Ադրբեջանը փայփայում է հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հույսեր եւ չի ցանկանում լուծումը գտնել բանակցությունների սեղանի շուրջ: Այդուամենայնիվ, Ադրբեջանի իշխանությունները պետք է հասկանան, որ խաղաղ բանակցություններին եւ խնդրի խաղաղ լուծմանն այլընտրանք չկա»:

Գրեթե զուգահեռ հնչած այս ելույթներում, ըստ քաղաքագետ Վիգեն Հակոբյանի, մեկ անգամ եւս ամրագրվեցին այն տակտիկական եւ քարոզչական մոտեցումները, որոնք վերջին շրջանում անընդհատ հնչում են երկու կողմերից էլ: «Սերժ Սարգսյանը նորից առաջ քաշեց այն թեզը, որ բանակցությունները հիմա փակուղում են եւ ցանկացած բանակցություն պատերազմից լավ է ու բացասական երանգներ տալով շեշտադրում է, որ իր իշխանության տարիներին ինչ-որ գործընթացներ գնում էին: Ավելին, Սերժ Սարգսյանը նույնիսկ ասաց, որ այն բոլոր խնդիրները, որ կային Հայաստանում եւ որոնցում մեղքի իրենց բաժինը կա՝ ուղղակի ստորադասվում էին խաղաղության եւ անվտանգության խնդիրներին: Այսինքն, այս տեսակետից, նախկին իշխանությունների մոտեցումները, հռետորաբանությունն առանձնապես փոփոխություն չի կրել իրենց իշխանության շրջանի հռետորաբանությունից եւ պատճառահետեւանքային կապերից»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքագետը: Գործող իշխանության պարագայում էլ նույնն է՝ առաջ է մղվում թեզը, որը քանիցս կրկնվել է՝ լուծումը պետք է բավարարի երեք ժողովուրդներին. «ՀՀ գործող իշխանությունը ցանկանում է շեշտադրել, որ բանակցությունները եթե փակուղում են, ապա Ադրբեջանի եւ նրա առաջնորդի պատճառով, որը որ չի կրկնում Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած թեզը»: Ընդհանուր առմամբ, մեր զրուցակցի գնահատմամբ, պարզապես արտաքին հարթակներում հնչեցվեցին այն թեզերը, որոնք Հայաստանում հնչում են արդեն մի քանի ամիս՝ թե իրական, թե վիտուալ հարթակներից եւ այդ ելույթներում նորություններ չկային:

Անդրադառնալով Արցախի հակամարտության կարգավորման ներկայիս փուլին, նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչների ահազանգերին՝ ինչ-ինչ գաղտնի գործընթացների մասին, Վիգեն Հակոբյանը կարծիք հայտնեց, որ այժմ լուրջ գործընթաց չի գնում, թեպետ նման կասկածների տեղիք տալիս է գործող իշխանությունը. «Փաշինյանն Ալիեւի հետ երկար ժամանակ հանդիպումներ էր ունենում, բայց ասում էր, որ խոսել են ամեն ինչի մասին, բացի Արցախի շուրջ գործընթացներից կամ փաստաթղթից: Մինչդեռ, հենց նման հանդիպումների ժամանակ խոսվում է բանակցություններից, ինչ-որ փաստաթղթերից, բայց չգիտես ինչու, դա չի անվանվում բանակցություններ»: Մեծ հաշվով, ըստ քաղաքագետի, Արցախի հարցի կարգավորման շուրջ գործընթաց այժմ գնում է, բայց ինքը դա անվանում է «անպտուղ» եւ դա բնական ընթացք է, որովհետեւ այն միակ փաստաթուղթը, որը դրված է բանակցային սեղանին՝ Մադրիդյան սկզբունքները՝ իր տարբեր մոդիֆիկացիաներով, «չաշխատող» փաստաթուղթ է. «Դա փաստաթուղթ է, որը ներկայացրել էին համանախագահները եւ որի շուրջ ուղղակի կողմերը տարբեր ժամանակաշրջաններում տարբեր տակտիկական մոտեցումներ էին որդեգրել»: Օրինակ, ՀՀ նախկին իշխանությունները փորձել են ներկայանալ իբրեւ բանակցությունների պատրաստ կողմ՝ աշխարհի առջեւ փոխզիջումների պատրաստ եւ խաղաղասեր երեւալու համար, հուսով, որ Ադրբեջանը չի համաձայնվի դրան. «Այդ տակտիկան երկար ժամանակ իրեն արդարացնում էր: Այսինքն, երբ այսօր ասվում է, որ կար փաստաթուղթ եւ կար գործընթաց, որն այսօր դադարել է, ես կարծում եմ, որ այդտեղ որոշակի խորամանկություն է արվում, դիվանագիտական խաղ է տարվում: Եթե այդ փաստաթուղթն աշխատող էր, ապա ինչո՞ւ ժամանակի քննությունը չանցավ: Նկատի ունեմ այն, որ 2016-ի ապրիլյան պատերազմը վառ ապացույցն է նրա, որ այդ փաստաթուղթը կողմերին անգամ մեկ միլիմետր չի մոտեցրել: Ավելին, տասնամյակով փաստաթղթի քննարկման արդյունքում եղավ ապրիլյան պատերազմը՝ բազմաթիվ զոհերով: Սա արդեն իսկ վկայում է գործընթացի իմիտացիոն լինելու մասին»:

Հիմա, մեր զրուցակցի կարծիքով, նույն իմիտացիոն գործընթացը շարունակվում է եւ ներկայիս իշխանությունն՝ իշխանության գալուց ի վեր այնքան շատ է փոխել իր դոմինանտ գաղափարները Արցախի հարցում, որ շատ դժվար է անգամ գնահատել՝ ի վերջո ո՞րն է այս պահին հիմնական մոտեցումը: Հիշեցնենք, նախ ասվեց, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան եւ, որ Հայաստանը Արցախի անունից չի կարող բանակցել, ապա ասվեց, որ պետք է լինի լուծում, որը երեք ժողովուրդներին պետք է բավարարի, իսկ օգոստոսի 5-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց հայտնի թեզը՝ Արցախը Հայաստանն է եւ վերջ: Քաղաքագետի գնահատմամբ, այժմ էլ տասնամյակներով ընթացող դիվանագիտական խաղի շարունակությունը, որի ընթացքում տակտիկական մոտեցումներն են փոխվում, ստրատեգիան նույնն է մնում, քանզի կողմերից որեւէ մեկը պատրաստ չի այն փոխզիջումային լուծումներին, որոնք առաջարկվում են. «Բանակցություններն, այո, փակուղում են, բայց նախկինում էլ դրանք առանձնապես չէին զարգանում»: Նա նաեւ հստակեցնում է, որ ցանկացած տարբերակ միջնորդների կողմից ընդամենն առաջարկվում է՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ միջնորդները լուծում կտան. «Իրենք առաջարկում են, իսկ լուծումը միեւնույն է լինելու է Հայաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի մաս կազմող Արցախի միջեւ»:

Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարել էր, բանակցությունները նոր կետից են սկսելու: Թե որն է «նոր կետը» մեր զրուցակցի համար այդքան էլ հասկանալի չէ, բայց վերջին շրջանի հայտարարություններից դատելով՝ այժմ դոմինանտ է այն տարբերակը, որ լուծումը պետք է բավարարի երեք ժողովուրդներին: «Ընդ որում, որպես ժողովուրդ՝ Արցախի բնակչությունը, որպես Արցախի ժողովուրդ է բնորոշվում՝ չգիտես ինչու հասկանալի չէ՝ դա ի՞նչ նոր էթնոս է»,- տարակուսում է մեր զրուցակիցը՝ նկատելով, որ մի բան է երբ ասվում է երեք կողմ, այլ բան, երբ ասվում է երեք ժողովուրդ եւ եթե «Արցախի ժողովուրդ» հասկացողություն է մտցվում, նախ պետք է սահմանվի թե դա ինչ է: «Երբ ասում ես «Արցախի ժողովուրդ»՝ ադրբեջանցիներին հնարավորություն ես տալիս խաղարկել իրենց սեփական խաղը, որովհետեւ ադրբեջանցիներն էլ տարիներ շարունակ ասում են, որ Արցախի բնակչությունը դա նաեւ ադրբեջանական համայնքն է: Եթե հիշում եք, «Մադրիդյան սկզբունքներում» նաեւ փախստականների վերադարձի մասին էր խոսվում: Իսկ երբ ասվում էր կողմ՝ դա Արցախի բնակչության կողմից ընտրված ղեկավարությունն է: Հիմա՝ եթե «նոր կետը» սա է, ապա գոնե այս ձեւակերպումը լրջագույն վտանգներ է պարունակում»: Ի դեպ, մեր զրուցակիցը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ այս տարիների ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունը բավական ուժեղացրել է «ադրբեջանական համայնքի» գործոնը եւ այժմ այն ղեկավարում է Ադրբեջանի ԱԳ-Ն-ի ներկայացուցիչ:

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երեւանում կայացած հանդիպումից հետո ասացին, որ վարչապետն իրենց հավաստիացրել է՝ «Մադրիդյան սկզբունքները» այլեւս բանակցային սեղանին չեն: ՀՀ վարչապետը նաեւ հայտարարել էր, որ բանակցությունները վերսկսելու դրական ազդակներ կան: Ավելի ուշ, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց. «Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ բանակցություններում որոշակի առաջընթաց կա, սակայն այն ավելի շատ խոսքերի մակարդակում է: Մենք կցանկանայինք քննարկել կոնկրետ հարցեր: Կողմերը պայմանավորվածություն ունեն՝ կոնկրետ բանակցությունների անցնելու մասին: Հույս ունեմ, որ դեկտեմբերի սկզբին Բրատիսլավայում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը մենք կհստակեցնենք այդ հարցը: Այդ ժամանակ էլ պարզ կդառնա՝ պատրա՞ստ է Հայաստանը ըստ էության բանակցել, թե՞ ոչ: Քանզի փաստաթղթերն արդեն սեղանին են»: ՀՀ ԱԳՆ-ն հերքեց՝ ասելով, որ այս պահին որեւէ հստակ փաստաթուղթ չկա բանակցային սեղանին:

Այս ամենի առիթով էլ մեր զրուցակիցը դժվարանում կռահել՝ եթե «Մադրիդյան սկզբունքները» չեն բանակցային սեղանին, ապա ի՞նչ փաստաթուղթ է: «Բայց հաշվի առնելով, որ ոչ միայն իրարամերժ հայտարարություններ են արվում, այլ նաեւ իրարամերժ տրամադրություններ կան կողմերի հայտարարություններում, ըստ իս, իրականում իմիտացիոն գործընթացը շարունակվում է»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ԵԱՀԿ վերին ատյանները եւ Մինսկի խումբը պետք է արդարացնեն իրենց գոյությունը՝ անընդհատ ինչ-որ գործընթաց պահելով եւ դրա գլխավոր նպատակը հիմա պետք է լինի հակամարտող կողմերի սահմաններում իրավիճակի վերահսկողությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930