Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժից տուժած անօթեւաններին բնակարան հատկացնելու հերթացուցակում տուն ստացած մարդիկ են «խցկվել», բայց ցուցակները մաքրել են

Դեկտեմբեր 05,2019 16:50

Ամեն նոր կառավարություն խոստում է տալիս երկրաշարժից տուժած անօթեւան բնակիչների խնդիրը հիմնովին լուծելու, Աղետի գոտին զարգացման գոտու վերածելու, բնակավայրերն էլ տնակներից «ազատագրելու»:

Այսօր Aravot.am-ը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Բնակարանային ֆոնդի կառավարման եւ կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանից հետաքրքրվեց՝ Փաշինյանի կառավարությունը վերջնականապե՞ս է հարցը լուծելու, ներկայումս իրականացվող ծրագրով, որով հատկացված է 3 միլիարդ դրամ, Աղետի գոտին կազատվի՞ տնակներից, ե՞րբ այդ բնակավայրերը կդառնան զարգացման գոտի:

Տանյա Արզումանյանն ի պատասխան ասաց, որ Աղետի գոտու վերացումը միայն սոցիալական եւ բնակարանային խնդիր չէ, դա, նախեւառաջ՝ ենթակառուցվածքներ են, աշխատատեղեր են. «Սրանց համալիր իրականացումը միայն կարող է Աղետի գոտին, սահմանամերձ գոտին եւ ցանկացած խոցելի տարածք կարող են դուրս գալ այդ իրավիճակից: Ես պարբերաբար լինում եմ այդ բնակավայրերում այո, թոթափման ընթացքում են, քանի որ սուբվենցիոն ծրագրերը՝ լուսավորություն, ճանապարհներ վերջին մեկ տարում լայն թափով սկսեցին իրականացնել: Դրանք իրենց հետ բերում են նաեւ աշխատատեղեր:

Այսօր Տանյա Արզումանյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում ներկայացրեց թե Աղետի գոտու բնակարանային խնդրի լուծման պետական ծրագրով 2019 թ.-ին ինչ է արվել: Նրա տվյալներով, երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման պետական ծրագրի շահառու է ճանաչվել, ընդհանուր առմամբ, 5 հազար 396 ընտանիք՝ Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերից:

Այս տարվա սկզբում նախատեսվել էր 560 միլիոն դրամ: Տիկին Արզումանյանի խոսքով, այդ գումարով իրականացվել են 44 կիսակառույց բնակելի տան շինարարական աշխատանքներ. «Այս ծրագրերը կարեւորվում էին այն տեսանկյունից, որ բնակիչն անձամբ ներգրավված էր իր տան շինարարական աշխատանքներում: Դեկտեմբերի 1-ի դրությամբ, բոլոր 44 տների շինարարական աշխատանքներն ավարտված են»:

Մեր հարցին՝ հաշվի առնելով ԲԳՎ-ների՝ բնակարանային գնման վկայագրերի տխուր փորձ ունենք, երբ մարդիկ էին ընդգրկվում հերթացուցակում, որոնց, իրականում չէր հասնում, վերահսկողությունն ինչպե՞ս է իրականացվում, որպեսզի կոռուպցիոն գործարքների արդյունքում հերթացուցակները չուռճացվեն, տիկին Արզումանյանը պատասխանեց. «Ձեր ասած դեպքերին մենք հանդիպել ենք: Եթե ես հնչեցնեմ, որ հերթացուցակում հաշվառվել են 7 հազարին մոտ եւ շահառուների թիվը, որը 5400-ին մոտ է, ակնհայտ է, որ այդպիսի դեպքեր եղել են: Մինչ-ինչ ձեւով մտել են հերթացուցակ, բայց շահառու չեն ճանաչվել»:

Ըստ նրա, նախկինում եղել են մարդիկ, որոնք ԲԳՎ-ներով ստացել են բնակարան, սակայն սոցիալական պատճառներով վաճառել են, մասնավորապես առողջական խնդիրներ լուծելու նպատակով:

Տիկին Արզումանյանի խոսքով, բացառիկ հնարավորություն եղավ եւ տարեվերջին կառավարության պահուստային ֆոնդից 1 միլիարդ 291 միլիոն դրամ լրացուցիչ ուղղվեց ծրագրին եւ 227 ընտանիք էլ կստանա բնակարանների գնման վկայագրեր՝ մինչեւ 2020 թվականի հոկտեմբերը: Տանյա Արզումանյանը նաեւ ասաց, որ ծրագրով հնարավորություն է տրվում, բնակարանային գնման վկայագրով հիպոթեքային վարկ ձեւակերպել եւ ավելի ընդարձակ ու լավ պայմաններով բնակարան ձեռք բերել: Այսինքն՝ ըստ նրա, այդ գումարը շահառուները կարող են ուղղել հիպոթեքով բնակարան ձեռքբերելուն եւ վճարեն կանխավճար կամ գումարի մի մասը, մնացածը՝ վարկավորմամբ ձեւակերպեն:

Տանյա Արզումանյանը նշեց, որ ընդհանուր հաշվառվել է 7 հազար 219 ոչ հիմնական շինություն: Այդտեղ բնակվում են ընտանիքներ, որոնք ներքին միգրացիայի արդյունքում գյուղերից եկել են Գյումրի աշխատելու եւ բնակություն են հաստատել տնակներում:

Բայց նաեւ կան ընտանիքներ, որոնք երկրաշարժից տուժածներ են, բնակարան ստացել են, սակայն ընտանիքն ընդլայնվելու հետեւանքով, կրկին հայտնվել են տնակներում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031