Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարոն Մարգարյանն այդ գումարը, որ ծախսում էր, գումարի մի զգալի մասը հետագայում հայտնվում էր իրենց կապիտալում՝ դղյակի տեսքով, հիմա սա չկա»

Դեկտեմբեր 12,2019 15:30

Ըստ Իմ քայլական պատգամավորի, Տարոն Մարգարյանի հետ Մարությանին համեմատելն անգամ վիրավորական է

Երեկվանից համացանցում տարածվել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ սրանից 6 տարի առաջ արված ֆեյսբուքյան գրառումը նախկին իշխանության ժամանակ տոնակատարության ծախսերի վերաբերյալ, որտեղ Մարությանը գրել է՝ «Այսօր 500000 դոլար ծախսեցին «տոնակատարության» համար: Իսկ վաղը արթնանալու ենք կիսաքանդ, փոշոտ, փոսերով լի, ծառերից զուրկ, տգետ եւ տգեղ շինություններով պատված մի քաղաքում: Երեւանցիներին փուչիկով եւ հոգնած լոգոյով չեք խաբի: Շնորհավոր Երեւանի ՏԱՐոնը»:

Ընտրություններին մասնակցելիս թե՛ Մարությանը, թե՛ Իմ քայլական պատգամավորները նախընտրական խոստում էին տվել պետական ապարատի ծախսերը կրճատել, բյուջեի ամեն լուման թիրախային ու արդյունավետ ծախսել: Ուստի «Առավոտը» «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին հարցրեց՝ ուղիղ մեկ տարի անցավ ԱԺ ընտրություններից, ձեր այդ խոստումները կատարե՞լ եք, մասնավորապես, 700 հազար դոլարի հատկացումն ամանորյա միջոցառումների համար արդյունավետ ծախս կարո՞ղ ենք համարել: Նա պատասխանեց. «Իհարկե: Մենք երբ ասում ենք արդյունավետ ծախս, այդ ծախսը պիտի միտված լինի բնակչի կարիքների բավարարմանը: Արդյոք մեր հանրապետության քաղաքացին ամանորյա լավ տոների կարիքն ունի՞, թե՞ ոչ: Արժանի՞ է մեր քաղաքացին ամանորյա տոները լավ նշելու, թե՞ ոչ, արդյոք Երեւանի  քաղաքապետարանը, պետությունը պարտավո՞ր է ապահովի, որպեսզի մեր քաղաքացին, երեւանցին ամանորյա տոնը լավ նշի՝ այս տեսնակյունից պետք է նայել»:

Մեր դիտարկմանը, որ քաղաքապետարանը նախ պիտի մահվան վերելակները կարգի բերի, երթուղայինների հարցը լուծի, եթե այդ խնդիրների միջով քաղաքացին անցնում է, էլ սիրտ կունենա՞ համերգին ծափ տա կամ ուրախանա՝ Հովակիմյանը պատասխանեց. «Օրինակ, վերելակների խնդիրը պայմանավորված չի, որ ասենք  700 քանի հազար դոլարը, որը 200 քանի միլիոն դրամ է, պակասում է, դրա համար վերելակների խնդիրը չի լուծվում: Բազմիցս ասվել է, որ մեր շատ  խնդիրների լուծումները գտնելու համար ոչ թե գումարն է պակասում, այլ՝ մեթոդները: Կան, իհարկե, խնդիրներ, որոնք հարյուրավոր միլիոն դոլար են պահանջում, բայց ասենք, որ այս գումարով հաստատ այդ խնդիրները լուծվելու են՝ այդպես չի լինելու: Մենք հիմա հնարավորություն ունենք ամանորյա տոները քաղաքացու համար լավ կազմակերպել, արդյոք սա չպիտի կազմակերպենք, որովհետեւ բազմաթիվ խնդիրներ չեն լուծվելու: Եթե այս տեսանկյունից նայենք, ստացվում է, որ մեր կյանքը պիտի սառի, մինչեւ մեր երազանքների պետությունը ստեղծելը: Պետք չի այս երկու բանը հակադրել իրար»:

Դիտարկմանը՝ եթե նույն բանը Տարոն Մարգարյանն աներ, կարելի էր պատկերացնել, թե ինչ կարգի քննադատություն էր լինելու այն ժամանակվա ընդդիմադիրների կողմից՝ Վահագն Հովակիմյանն արձագանքեց. «Միայն այն բանը, որ դուք կարող եք համեմատել Տարոն Մարգարյանի հետ, իմ համար շատ վիրավորական է: Տարոն Մարգարյանն այդ գումարը որ ծախսում էր, այդ գումարի մի զգալի մասը հետագայում, ասենք, հայտնվում էր իրենց կապիտալում, ասենք, տան, դղյակի տեսքով, չգիտեմ ինչի տեսքով: Հիմա սա չկա»:

Ձեր ասածից ստացվում է, որ եթե չեն գողանում, ուրեմն թող ծախսեն ոնց ուզում են՝ դիտարկմանը, Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Էդ ոնց ծախսելն էլ է քննարկվում նույն ավագանիում, կամ, ասենք, կառավարությունում: Նպատակային է ծախսվում: Իսկ եթե մենք դնում ենք եւ ասում ենք՝ միջոցառումների համար այսքան գումար է, գնում ենք բացասականի վրա, վերջ, այդպես մենք կարող ենք ամեն ինչ ջնջել: Ցանկացած նախաձեռնության վրա կարող ենք քար գցենք, կլինի մշակութային կամ այլ, միանգամից կարելի է քարը գցել գլխին, հիշել խնդիրների մասին, իսկ խնդիրներ շատ կան, միշտ կան: Նույնիսկ եթե մի տարի հետո թոշակը կրկնապատկվի, էլի ասելու են՝ մի հատ էլ եմ կրկնապատիկ ուզում, չկա այդ կանգնելու կետը, որքան բարեկեցիկ, ավելի պիտի բարեկեցությունը լավանա: Իսկ եթե հանկարծ կլինի որեւէ պահ, որ իմանանք՝ այդ գումարները կհայտնվեն, ասենք, քաղաքային իշխանության հետ կապ ունեցող անձանց կապիտալում, այ այդ ժամանակ հաստատ այդ անձինք պատասխանատվության կենթարկվեն»:

Մենք հիշեցրինք՝ Տարոն Մարգարյանին, երբ քննադատում էին 30 մլն-անոց կոնյակների համար, հո չէի՞ն քննադատում, որ այդ կոնյակը տարել էր իր տուն, այլ՝ ծախս էր արել, որը պետք չէր՝ Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Դա ցոփ ծախս էր՝ կոնյակ, սենյակում թանկարժեք ատրիբուտիկա,…էդ, փառք Աստծո, մեր մոտ չկա, մեր պաշտոնյաների մոտ չկա»: Երբ ասացինք, որ դեռ սկիզբն է, ձեր պաշտոնյաներն էլ կարող են հասնել դրան՝ Հովակիմյանը պատասխանեց. «Չէ, չի կարա, էս քաղաքինն է, բոլորինն է, որպեսզի մարդիկ, մյուս մարզերից էլ գան ու Երեւանում ճոխ նշեն Ամանորը, ի՞նչ վատ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031