Այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստն էր:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակին են անդրադարձել, խոսել են Ղարաբաղյան հակամարտության մասին, հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների, միջխորհրդարանական կապերի մասին. «Հայ-ռուսական հարաբերությունների դինամիկան գնահատվել է դրական, նույնը վերաբերվում է միջխորհրդարանական գործունեությանը»:

Կոսաչովն ընդգծեց, որ ԱԺ նախագահների մակարդակով, խորհրդարանական մակարդակով սերտ համագործակցություն կա, ամեն անգամ դիսկուրսի ժամանակ քայլ առաջ են անում: Ինչ վերաբերում է այս կոմիտեի համատեղ նիստերին, Կոսաչովը հիշեց, թե ինչ հարցեր էին քննարկվում տարիներ առաջ ու հիմա: Եթե առաջ խոսքը ԵԱՏՄ-ի մասին էր, այսօր արդեն պարզ է, որ ԵԱՏՄ-ն ամենահաջող ծրագրերից է:

Լրագրողները հարցրեցին՝ դուք նշեցիք, որ ղարաբաղյան հիմնահարցը խաղաղ լուծում պետք է ունենա, հայկական կողմը բազմիցս նշել է, որ սպառազինության մրցավազքն ապակայունացնում է իրավիճակը, ինչպե՞ս եք վերաբերվում, որ ՀԱՊԿ անդամ երկրների կողմից, մասնավորապես՝ ՌԴ-ի ու Բելառուսի կողմից զենք է վաճառվում Ադրբեջանին: Կոսաչովը պատասխանեց. «Ցանկացած կոնֆլիկտում իրավիճակը ապակայունացնում է այն դիսբալանսը, երբ երկրներից մեկը կամ ռեալ հնարավորություն է ունենում, կամ պատրանք է ստեղծվում նրա, որ ռազմական ճանապարհով հաղթանակ կտանի: Մենք խորապես համոզված ենք, որ ռազմական բալանսը այս տարածաշրջանում հանդիսանում է այն հիմնական պայմանն է՝ կոնֆլիկտը պահել ոչ ռազմական իրավիճակում: Մենք ռազմական ոլորտում համագործակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի հետ տարբեր պայմաններում, Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, ՀԱՊԿ անդամ, իսկ Ադրբեջանի հետ մենք նման հարաբերություններ չունենք: Բայց համագործակցությունը մերժելը թե՛ Ռուսաստանի, թե՛ Բելառուսի կողմից կբերի շատ վտանգավոր եւ ոչ ցանկալի հետեւանքների»:
Կարդացեք նաև
Կոսաչովն ասաց, որ զենքի այլ մատակարարներ էլ կան ու Ադրբեջանը մրցակցությունը հաշվի առնելով, կգնի զենք այլ մատակարարներից: Իսկ երկրորդ տարբերակն էլ այն է, որ ռազմական բալանսը պահպանվի, որը լուրջ երաշխիք է՝ ռազմական գործողություններ չվերսկսելու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































