Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանություն, որը երբեք էլ չի բացահայտվի

Հունվար 12,2020 14:57

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի  սպանդից հետո անցել է հինգ տարի, սակայն շատերի համար այդպես էլ անհայտ մնացին բազմաթիվ հարցերի պատասխաններ․ ինչո՞ւ  բնաջնջեցին այս  ընտանիքը՝ չխնայելով  նույնիսկ երեխաներին, ո՞վ կատարեց սպանությունը՝ Վալերի Պերմյակո՞վը, թե ՞ այլ անձինք, եթե Վալերի Պերմյակովն է սպանության հեղինակը՝ արդյո՞ք նա միայնակ կատարեց այս ոճիրը։

Aravot.am-ի հետ զրույցում գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասաց․ «Ի սկզբանե շատ շատերն, այդ թվում  նաև ես գտնում էինք, որ այդ սպանությունը երբեք չի բացահայտվի, երբե՛ք։ Ցավոք սրտի, մեր կանխատեսումներն իրականացան։ Ավելին ասեմ, ինչպես և  կանխատեսում էինք, որոշ ժամանակ անց, երբ որ հասարակության ուշադրությունը Ավետիսյանների ընտանիքի սպանդից շեղվեց այլ խնդիրների վրա, լարված իրավիճակը փոքր-ինչ մեղմվեց, Պերմյակովին հանձնեցին Ռուսաստանին։  Հինգ տարվա մեջ հասարակությունը բացարձակ չիմացավ կոնկրետ հարցերի պատասխաններ՝ ինչո՞ւ և ո՞վ էր կազմակերպիչը և դրանից բխող որոշ հարցեր, որոնցից է՝ արդյոք Պերմյակովը միայնակ է մասնակցե՞լ կամ ընդհանրապես ինքն է արե՞լ։

Խիստ կասկածներ ունեմ, որ Պերմյակովը մենակ է եղել կամ ընդհանրապես ինքն է այդ ամենի հեղինակը, որովհետև շատ հարցերի մենք պատասխաններ չստացանք։ Հիմա էլ  ընդհանրապես տեղեկություններ չունենք՝ նա Ռուսաստանի ո՞ր քրեակատարողական հիմնարկում է պատիժը կրում, կամ ընդհանրապես կրո՞ւմ է, թե՞ չէ։ Հասարակությունը ոչ մի հարցի պատասխան չստացավ։ Եվ չփարատվեց այն վախը, որ չպատժված հանցագործությունը կարող է ավելի դաժան կերպով կրկնվել»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, սակայն, մեկ հարց ունի գործող իշխանություններին ու նրանց սատարող քաղաքական ուժերին։

«Ավետիսյանների սպանդին հաջորդող օրերին, ժամանակահատվածում որոշ հասարակական կազմակերպություններ և ակտիվիստներ գրեթե ամեն ժամ գրառումներ էին կատարում, քննադատում էին Հայաստանի նախորդ իշխանություններին՝ չնայած պետք է նշեմ, որ քննադատությունը տեղին էր և օբյեկտիվ, պահանջում էին արդար դատավարություն, ինչպես ժամանակին պահանջում էին, որ Հայաստանի իշխանությունները չհանձնեն Պերմյակովին Ռուսաստանին։

Հիմա հարց է առաջանում, արդեն երկրորդ տարին է՝ պարոն Փաշինյանի թիմը Հայաստանում եկել  է իշխանության, գործող իշխանությունները և հասարակական-քաղաքական ակտիվիստները, որոնք նախորդ իշխանությունների օրոք բարձրաձայնում էին Պերմյակովի սպանությունը և  խոսում էին դրա հետևանքների մասին, ինչո՞ւ են հիմա ջուր առել բերանները, ինչպես գյումրեցիներն են  ասում՝ ծպտուն չեն հանում։ Ի՞նչն  է պատճառը, ոչ մի բան չի փոխվել, Պերմյակովը հանձնված է Ռուսաստանին, գործող իշխանությունները, որքան ես հասկանում եմ,  շահագրգռված են, որ այս սպանդն անցնի պատմության գիրկը։ Բացարձակ չեն բարձրաձայնում այս ամեն ինչի մասին, տեսեք հոկտեմբերի 27-ի մասին որքան շատ են խոսում, մարտի մեկի դեպքերի բացահայտման համար որքան շահագրգռված են իշխանությունները, հետաքրքիր է ժամանակին գերակտիվություն դրսևորած ուժերը, որոնք ամեն օր գրառումներով ու մամուլի ասուլիսներով էին հանդես գալիս, բա հիմա ինչո՞ւ ձայն չեն հանում, ի՞նչն  է պատճառը, ի՞նչն է փոխվել։ Ոչ մի բան չի փոխվել, ավելի ասեմ՝ ավելի է վատացել վիճակը, որովհետև մենք նույնիսկ չգիտենք,  թե որտե՞ղ է Պերմյակովը, և ընդհանրապես ինքն իր պատժը կրում է, թե՞ ոչ։ Ինձ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, սա է հետաքրքրում»,-ասում է Գագիկ Համբարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031