Հունվարի 20-ը Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի բանակի (ASALA) հիմնադրման օրն է. ԱՍԱԼԱ-ն հիմնադրվել է 1975 թվականին, այս առիթով 19 հունվարին հոգեհանգստյան արարողություն և միջոցառում տեղի ունեցավ Երևանի Եռաբլուրի զինվորական պանթեոնում: Այնտեղ հատուկ հուշարձան կա նվիրված ՀԱՀԳԲ-ին, ամփոփված են ԱՍԱԼԱ-ի մարտիկներից մի քանիսի դիերը և տեղադրված է մոտ հիսուն մարտիկի հուշաքար:
Քանի որ մասամբ ծանոթ եմ ԳԲ-ի Իրանում ծնված անդամների կենսագրության, փորձեմ համառոտ կերպով ներկայացնել Գաղտնի Բանակի ութ իրանահայ զոհված կամ մահացած անդամներին, որոնց հուշաքարերը Եռաբլուրում են. նրանցից չորսը թաղված են Թեհրանում, մեկը Նոր Ջուղայում և երեքը Եռաբլուրում:
Գաղտնի Բանակի անդամներից Եղիա Քեշիշյանը և Զավեն Ավետյանը (Աբեդյանը) 1981 թվականին Թեհրանում զինված մի գործողության ժամանակ պատահաբար հանդիպել էին ոստիկանների, զինված դիմադրություն էին ցույց տվել, որը ցավոք ավարտվել էր մեկ ոստիկանի մահով, որից հետո մարտիկները ձերբակալվել էին: Նրանք մահվան դատապարտվեցին Իրանի Իսլամական Հեղափոխական դատարանի վճռով և գնդակահարվեցին:

Կարդացեք նաև

Գաղտնի Բանակի մյուս իրանահայ անդամը Հարություն Վարդանյանն է, որը 1986 թվականին մահացել է հիվանդության պատճառով և թաղված է Նոր Ջուղայում:
Փոթորկալի կյանք ունեցավ Իրանի Ուրմիայի շրջանում ծնված ԱՍԱԼԱ-ի անդամ Կառլեն Անանյանը: Նա 1983 թվականին Սիրիայում հակադրվեց ԳԲ-Ի փաստացի ղեկավար Հակոբ Հակոբյանին, հարեց Մոնթե Մելքոնյանի թևին և սպանվեց ղեկավարության որոշումով. Հայաստանի անկախացումից հետո Մոնթեի կնոջ` Սեդայի ջանքերով Կառլենի աճյունը Դամասկոսից փոխադրվեց Երևան և ամփոփվեց Եռաբլուրում:

Նվիրված այս մարտիկներից մեծ մասին ճանաչել եմ անձամբ, նրանց մասին վկայություններ կան Մոնթե Մելքոնյանի «Իրականություն» գրքում, Վահիկ Շահմուրադյանի հուշերում և ԳԲ-ի այլ աղբյուրներում: Եթե կան ճշգրտումներ, կլսեմ սիրով:
Տիգրան ԴԱՎԹՅԱՆ


















































