Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմատենչ Ալիեւին խաղաղություն  պարտադրելու հրամայականը

Հունվար 24,2020 12:00

Սկիզբը` այստեղ:

Գործընթացը շարունակվում է, պաշտոնական Երեւանը  բանակցություններից չի խուսափում

2018թ.-ից սկսած Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ հանդիպումները՝ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի շուրջ հասել են ինչ-որ հանգրվանի, թեեւ բազմաթիվ հարցեր դեռեւս մեր հասարակության համար մնում են անպատասխան: Օրինակ՝ կոնկրետ ի՞նչ փաստաթղթի շուրջ են ընթացել եւ ընթանում վերջին հանդիպում-բանակցությունները, Մադրիդյան սկզբունքները դեռ շարունակո՞ւմ են բանակցությունների սեղանին մնալ, կամ՝ դրանք փոփոխությունների ենթարկվե՞լ են, կամ՝ «Լավրովյան պլանն» ի վերջո մնո՞ւմ է որպես բանակցվող փաստաթուղթ, թե՞ ոչ: Որոշ այս թեմաների վերաբերյալ կողմերն, իհարկե, իրենց դիրքորոշումն արտահայտել են, եւ դրանք հաճախ իրարամերժ գնահատականներ, մեկնաբանություններ են եղել:

Օրեր առաջ լրագրողները ՀՀ ԱԳ Նախարար Զոհրաբ Մնացականյանին որոշ հարցեր ուղղեցին, մասնավորապես՝ հիշեցրեցին, որ վարչապետը տարեվերջին հայտարարեց, որ բանակցային սեղանին ոչ մի փաստաթուղթ չկա, հետեւաբար՝ եթե այդպես է, ապա զրոյի՞ց են սկսվելու բանակցությունները: «Ոչ, մենք բազմիցս անդրադարձել ենք այս հարցին: Բանակցային գործընթացը տեղի է ունենում 25 տարի, իսկ 25 տարվա ընթացքում Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որը մենք շարունակում ենք համարել բանակցային գործընթացի ամենագործուն եւ ամենաարդյունավետ, միջազգայնորեն ճանաչված շրջանակը, այդ գործընթացի շրջանակներում ձեւավորվել են բազմաթիվ մոտեցումներ, գաղափարներ: Այդ ամենի մեջ մեզ համար չափազանց էական եւ սկզբունքային է՝ համադրել այդ բազմաթիվ պարամետրերը, որոնց մեջ արտահայտություն են գտնում մեզ համար առաջնային, գերակա դիրքորոշումները», պատասխանել էր ՀՀ ԱԳ նախարարը:

Նա հավելել էր, որ բանակցային գործընթացը շարունակական է. «Մենք բանակցություններից երբեւէ չենք խուսափել: Հակառակը, մենք շատ ակտիվ ներգրավված ենք բանակցային գործընթացում: Ես առիթ ունեցել եմ սրա մասին խոսելու, որ այն օրվանից, երբ կառավարությունը ստանձնեց պատասխանատվությունը՝ 2018թ. մայիսից, որեւէ պահ չի եղել, որ մենք հետաձգենք գործընթացը: Անցյալ տարվա ընթացքում եղել են բավական ակտիվ աշխատանքներ, նախարարների մակարդակով եղել են բավարար թվով հանդիպումներ, ղեկավարների մակարդակով պաշտոնական հանդիպում եղել է մարտին, եղել են ոչ պաշտոնական հանդիպումներ: Գործընթացը շարունակվում է»:

Հարցին, արդյոք Փաշինյան-Ալիեւ հանդիպում նախատեսվում է, Մնացականյանը պատասխանել էր. «Դեռեւս վաղ է խոսել նման բանի մասին: Մենք ԱԳ նախարարների մակարդակով շարունակում ենք աշխատել»: Իսկ առաջիկայում նախատեսվո՞ւմ է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում, Մնացականյանը նշել էր. «Կխնդրեմ հարգենք այն մոտեցումը, որ միաժամանակ ենք հայտարարում: Բայց ինչպես նշեցի, մենք չենք խուսափում, եւ բնականոն բանակցային գործընթացն անհրաժեշտ է շարունակել, անհրաժեշտ է միշտ ներգրավված լինել եւ աշխատել: Այդ տրամաբանության մեջ, երբ կհամաձայնեցնենք բոլոր անհրաժեշտ մանրամասները հանդիպման հետ կապված, կհայտարարենք»:

Մնացականյանի ադրբեջանցի գործընկեր Մամեդյարովը վերջին շրջանում ծավալուն անդրադարձներ կատարեց, «բացահայտելով» բանակցային որոշ նրբերանգներ: Ադրբեջանի արտգործնախարարի՝ ադրբեջանական CBS հեռուստահարցազրույցից նկատելի էր, որ ադրբեջանական կողմը նույնիսկ խիստ դժգոհ է հայկական կողմի պահվածքից: Ոչ մեկ անգամ, արդեն Մամեդյարովը հրապարակավ հայտարարում է, որ բարդ բանակցություններ են ընթացել հայկական կողմի հետ:

Մամեդյարովի բացահայտումներից մեկը վերաբերում է «Լավրովի պլանին», որը նրա խոսքով, մշակվել է 2.5 տարի առաջ Մոսկվայում՝ եռակողմ հանդիպման ժամանակ: Ադրբեջանի ԱԳ նախարարը պնդում է, թե Հայաստանի արտգործնախարարի հետ բանակցություններում քննարկում են կոնկրետ եւ իրական կետեր: Ադրբեջանի ԱԳ նախարարը վստահեցնում է, թե վերջին փաստաթուղթը, այսպես կոչված, «Լավրովի պլանն» է, հավելելով, թե այն մշակվել է մոտ երկու տարի առաջ մոսկովյան եռակողմ բանակցությունների բուռն քննարկումների ժամանակ: Նրա մատուցմամբ՝ «Լավրովի պլանը» հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա: Ադրբեջանի արտգործնախարարը իր հարցազրույցում նաեւ հղում է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ այս տարվա մարտի 9-ի հայտարարությանը, ասելով, թե այդ հայտարարության էությունը խնդրի կարգավորման փուլային տարբերակն է. առաջին փուլում, ըստ Մամեդյարովի, «զորքերի դուրսբերում, ադրբեջանական բնակչության վերադարձ Լեռնային Ղարաբաղ, անվտանգության ապահովում, կապի հաստատում»:
Նրա խոսքով՝ Բաքուն հայկական կողմին առաջարկում է «խաղաղություն՝ բարգավաճման հեռանկարով»:

Այս «պարզաբանումները», թերեւս, նա անում է այն պատճառով, որ հայկական կողմը կարեւորում է կարգավիճակ եւ անվտանգություն սկզբունքները: Ըստ նրա՝ Բաքուն եւ համանախագահները հասկանում են, թե ինչ ասել է կարգավիճակ, սակայն չեն հասկանում՝ ինչ ասել է անվտանգություն, եւ հենց այս պատճառով դիմել են համանախագահներին՝ այդ անվտանգության բանաձեւը մշակելու համար, նշել է Մամեդյարովը:

Ու այստեղ Մամեդյարովը յուրովի է մեկնաբանում հայկական կողմի նշած սկզբունքները՝ «Ղարաբաղի հայկական բնակչությունը նույնպես իրենց քաղաքացիներն են, եւ Բաքուն պատրաստ է ապահովել Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունը եւս»: Այսպես, Բաքուն 2019 թվականը կորսված հնարավորությունների տարի է համարում ղարաբաղյան խնդրի կարգավորման համար, սակայն միաժամանակ նշում են, թե սխալ կլիներ նաեւ պնդել, թե գործընթացը մտել է փակուղի:  Տարեվերջյան ծավալուն հարցազրույցում Մամեդյարովը մի քանի անգամ ընդգծել է, թե Բաքուն կողմ է խնդրի խաղաղ կարգավորմանը. «Դուք հարցնում եք, թե ինչ են տվել մեզ բանակցությունները: Իսկ ի՞նչ է կարգավորումը, եթե ոչ բանակցություններ: Եթե նույնիսկ հակամարտությունը վերսկսվի, միեւնույն է, հետո բանակցություններ են լինելու, որովհետեւ ո՛չ հավերժական պատերազմներ են լինում, ո՛չ էլ՝ հավերժական բանակցություններ»:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները դեկտեմբերի սկզբին տարածած հայտարարությունում ընդգծեցին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, ստատուս քվոն անընդունելի է, եւ կոչ արեցին կողմերին առանց արհեստական ձգձգումների առարկայական բանակցություններ վարել: Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպման շրջանակներում Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի եվրոպական եւ արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլ Ռիքերը հայտարարությամբ էին հանդես եկել, որում նրանք դրական էին գնահատել ղարաբաղյան շփման գծում եւ միջազգային սահմանին բռնությունների համեմատաբար ցածր մակարդակը եւ արձանագրել էին, որ կողմերը լիարժեք օգտագործել են ուղիղ հաղորդակցության ուղիները՝ լարվածության ռիսկը նվազեցնելու համար:

Հայտարարության հեղինակները վերահաստատել էին, որ «արդար եւ երկարատեւ կարգավորումը պետք է հիմնված լինի, մասնավորապես, Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ժողովուրդների ինքնորոշում ու հավասար իրավունքներ», եւ հավելել էին. «Համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները կրկին ընդգծում են, որ ստատուս քվոն անընդունելի է, եւ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Ուստի մենք կոչ ենք անում կողմերին առանց արհեստական ձգձգումների եւ պայմանների բարեխղճության մթնոլորտում առարկայական բանակցություններ վարել»:

Ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, որի հիշատակումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների կողմից նյարդայնացնում է Ադրբեջանի իշխանություններին, պետք է ելակետային լինի հայկական կողմի համար թե՛ ադրբեջանական կողմի հետ բանակցություններում, թե՛ միջազգային հանրության հետ աշխատանքում:  Ադրբեջանի իշխանությունների հետ հանդիպումներում, բանակցություններում, հնարավոր փոխզիջումների գնալու շուրջ քննարկումներում, ինչպես նաեւ Հայաստանի գործընկերների հետ տարվող աշխատանքներում հայկական կողմը մշտապես պետք է հանդես գա Ադրբեջանին՝ ռազմատենչ կողմին, խաղաղություն պարտադրողի դիրքերից:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 23.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031