Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ պատգամավորը՝ «բամփվելու», քրեական ենթամշակույթի եւ ԱԺ նիստերի դահլիճում հայհոյելու մասին

Հունվար 30,2020 14:30

«Իմ քայլի» պատգամավոր Արթուր Մանուկյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել էր. «Ես կարծում եմ, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, որ ԲՀԿ-ն հայտնվել է ԱԺ-ում, մենք, հասարակությունն էլ է, չէ՞, սխալական, դա էլ մեր հանրության սխալներից մեկն է, որ բամփված կուսակցությունը՝ իր բամփված առաջնորդով, հայտնվել է ԱԺ-ում: Տղամարդկությունից են խոսում, բայց իրանք էդ բառի տակից դեռ դուրս չեն եկել, իրանք հավերժ մնալու են այդ բառի տակ, իրանք բամփված են: Այդ 100 հազարը երեւի չեն նկատել, որ իրենք բամփված են, չեն կանչել պատասխանատվության իրենց բամփողներին, ամբողջ աշխարհով ցույց տվեցին, անգամ տիեզերքում տեսան, որ իրենց բամփել են, նույնիսկ այլմոլորակայինները գիտեն, որ իրենք բամփված են»:

ԲՀԿ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը «Առավոտի» հետ զրույցում արձագանքելով այս խոսքերին՝ ասաց. «Արթուր Մանուկյանի հայտարարություններին ծանոթ չեմ, նոր ձեզնից եմ լսում: Բայց կարծում եմ՝ ցանկացած մարդ, որ գնում է ընտրության, արտահայտում է իր ազատ կարծիքը: Մեր քաղաքացիները որոշել են, թե ով ինչ մասնակցություն պետք է ունենա: Մեր քաղաքացիները ԲՀԿ-ի մասով չեն սխալվել, որովհետեւ մենք շարունակում ենք մնալ ժողովրդի ձայնը խորհրդարանում: Մենք շարունակելու ենք նույն ինտենսիվությամբ բարձրաձայնել մեր քաղաքացիներին հուզող խնդիրները, ամենօրյա ռեժիմով զբաղվել այդ խնդիրներով: Իսկ եթե կան մարդիկ, որ դա դուր չի գալիս, ասեմ, որ դա շարունակվելու է նույն ձեւով, նույն տեմպով ու նույն արագությամբ»:

Ինչ վերաբերում է «բամփված» լինելուն, նա ասաց. «Որեւէ մեկն իրավունք չունի մեր առաջնորդի մասին խոսելու: Որեւէ մեկն իրավունք չունի մեր կուսակցության, մեր խմբակցության եւ 100 հազարավոր մարդկանց հասցեին որեւէ վատ, վիրավորական արտահայտություն անի»:

Հարցին՝ քննադատություն կա, որ ձեր խմբակցությունը քրեական ենթամշակույթին մոտ է, ընդունո՞ւմ եք դա՝ Արտյոմ Ծառուկյանը պատասխանեց. «Մենք առաջին օրվանից ասել ենք, որ եթե մարդը հանցագործություն է արել, այդ մարդը պետք է պատժվի: Առաջին ընթերցման ժամանակ, երբ հարցը քննարկվում էր, ես դրա մասին բարձրաձայնել եմ եւ ասել եմ՝ ես դեմ եմ, որ մենք քննչական մարմնին տանք մի հզորագույն գործիք, որով քննչական մարմինը որոշի, թե իքս անձնավորությունը այդ ենթամշակույթը կրո՞ղ է, թե՞ չէ, կամ իգրեկ անձնավորությունը կրո՞ղ է, թե՞ չէ: Այդտեղ խնդիրներ են առաջանում: Եթե հստակ ձեւակերպում չկա, ինչի՞ մասին է խոսքը: Մենք առաջին օրվանից ասել ենք, հիմա էլ ենք ասում՝ եթե անձը հանցագործություն է արել, ինքը պետք է պատժվի իր կատարած հանցագործության չափով: Այսօր մեր «Քրեական օրենսգիրքը» նախատեսում է պատիժներ ամեն տեսակ հանցագործության համար: Բայց եթե մարդը ոչինչ չի արել, ի՞նչ պատասխանատվության մասին է խոսքը»:

Մեր հարցին՝ «Քրեական օրենսգիրքը» եղել է, բայց մենք գիտենք, որ քրեական բարքեր կան, որոնք պետք է արմատախիլ անել, այդ բարքերը, սկսած դպրոցի բակի «ռազբորկաներից» մինչեւ բանակ են հասնում եւ գիտենք, թե դա ինչ աղետալի հետեւանքներ է ունենում, այդ հարցի լուծումը դուք ինչպե՞ս եք պատկերացնում՝ Արտյոմ Ծառուկյանը պատասխանեց. «Դրա համար անհրաժեշտ է մարդկանց մեջ բան փոխել, անհրաժեշտ է ճիշտ ուղղությունով շարժվել: Ի՞նչ է նշանակում ճիշտ ուղղություն՝ պետք է ամեն ինչ այնպես ճիշտ կառուցել, որ մարդկանց դաստիարակության ընթացքում… ամեն ինչ սկսում է ընտանիքից, այդ ընթացքում պետական համակարգը պետք է գործի օրենքի սահմաններում: Ցանկացած գործ, երբ որ նախաձեռնություն, օրենք, մեկնարկը տրվում է, պետք է հասկանալի լինի, թե ինչ նպատակ է դա հետապնդում, արդյունքը, ի՞նչ ենք մենք ուզում ստանալ: Մենք կատեգորիկ դեմ ենք, որ այդ արդյունքի ժամանակահատվածում մեր քաղաքացիներից նրանք, ովքեր հանցանք չեն կատարել՝ պատժվեն: Սա հստակ պետք է ամրագրենք, հստակ պետք է ֆիքսենք: Մենք դեմ ենք դրան: Մենք կողմ ենք նրան, որ եթե մարդը կատարել է հանցագործություն, անպայման պատժվի, անպայման ստանա իր հասանելիք պատասխանատվության բաժինը: Իսկ այդ մանիպուլյացիաները, փորձերը կապել տարբեր մշակույթների, ամեն ինչի հետ, դրանք, իհարկե, ապարդյուն են անցնելու, որովհետեւ եթե չկա նման բան, բնականաբար, ամեն ինչ իր տեղում է»:

Հարցին՝ դրա արդյունքը չէ՞, որ Ազգային ժողովի նիստերի դահլիճում սեռական բնույթի հայհոյանք է հնչում պատգամավորի կողմից՝ ԲՀԿ պատգամավորը պատասխանեց. «Հիմա դուք դա ասում եք՝ սեռական բնույթի հայհոյանք է հնչում, ես կարո՞ղ եմ իմանալ՝ ո՞ր պատգամավորի կողմից է դա եղել: Ընդամենը խոսքեր են, որ ասվում են: Սա էլ նորից նույն բնույթի խոսակցություն է, որովհետեւ ես էլ եմ եղել նիստերի դահլիճում, ես որեւէ նման արտահայտություն չեմ լսել: Բոլորս էլ գիտենք, թե ինչ սադրիչ գործողություններ տեղի ունեցան ոմանց կողմից, եւ այդ հարցը բոլորի համար էլ պարզ է, բոլորի համար էլ հասկանալի է»: Սա հիշեցրեց 2016-ի այն դեպքը, երբ ԱԺ էթիկայի հանձնաժողովը քննում էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի հայհոյանքի գործը, անգամ իգական սեռի ներկայացուցիչներին դուրս հանեցին, որ հայհոյանքը լսեն, «վերարտադրեն», բայց պարզվեց՝ ՀՀԿ-ականներից որեւէ մեկը ոչ մի կերպ չէր կարողանում լսել հայհոյանքը, որը լսում էին լրագրողները:

ԱԺ-ի միջադեպից էլ տեսանյութերը կան ու առնվազն ԲՀԿ պատգամավոր Հրանտ Մադաթյանի հայհոյանքը լսելի է գոնե մեզ ու այլ խմբակցությունների պատգամավորների համար, նրանցից մեկը նույնիսկ առաջարկեց ԱԺ նիստերն այսուհետեւ «18+» նշումով հեռարձակել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031