Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանն ինչ ջանք էլ գործադրի, եղանակ  չի ստեղծելու քաղաքական դաշտում, առավելագույնը կարող է եղանակ փչացնել» 

Հունվար 31,2020 15:30

«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը 

– Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը հիմնական փուլ դեռ չի մտնում: Գործով ամբաստանյալների պաշտպանների բացակայության պատճառով նիստերը հետաձգվում են: Երկրորդ փաստաբանների թիմը շարունակում է պնդել, որ Ռոբերտ Քոչարյանին անհիմն են պահում կալանքի տակ, ուստի ամեն ինչ անելու են, որպեսզի փոխեն նրա խափանման միջոցը: Օրերս «Էրեբունի պլազա» ներխուժած ահաբեկչի գործողություններն են կապում երկրորդ նախագահի հետ, մինչ այդ նրա կալանքի տակ մնալը միջազգային գործընթացների հետ փորձ արվեց զուգահեռել։ Արդյոք այնքան մե՞ծ է Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա, որ այսքան կրքե՞ր են բորբոքվում նրա շուրջ։ 

-Փորձենք հասկանալ՝ ինչ է կատարվում իրականում։ Եթե փոխվի Քոչարյանի խափանման միջոցը ու նա հայտնվի ազատության մեջ, նրա պաշտպանական կողմը, ոգեւորվելով իր հաջողությունից, ավելի է ձգձգելու դատը, հիմա էլ պատճառաբանելով, թե դատավարությունը 5-6 տարի կտեւի, իսկ իրենք գտնում են, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, ուստի նա ինչո՞ւ պետք է այդքան տարի մնա մեղադրյալի կարգավիճակով, երբ պատրաստվում է ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվել, իսկ այդ կարգավիճակը սահմանափակելու է թե՛ նրա ազատ տեղաշարժը, եւ թե՛ լիարժեք գործունեությունը: Եթե գտնում են, որ դատը կտեւի 5-6 տարի, իսկ հերթական խորհրդարանական ընտրություններին 4 տարուց պակաս ժամանակ է մնացել, կնշանակի, ըստ Քոչարյանի աջակիցների տրամաբանության, կա՛մ Քոչարյանի կանխատեսած արտահերթ ընտրությունները 2020-ին չեն լինելու, կա՛մ ով էլ գա իշխանության՝ հերթական ընտրությունների միջոցով լինի, թե արտահերթ, երկրորդ նախագահին ազատ չի արձակելու՝ վստահ լինելով, որ Քոչարյանը մեղավոր է:

Ստացվում է, որ միակ մարդը, ով, գալով իշխանության, կապացուցի, որ Քոչարյանն անմեղ է, դա հենց Քոչարյանն է, ուստի պետք է փոխել նրա խափանման միջոցը, որպեսզի նա կարողանա տապալել սահմանադրական կարգն ու, վերցնելով իշխանությունը, հայտարարի, որ ինքն ունակ չէ սահմանադրական կարգը տապալելու, ու պետք է հանել նրա վրայից այդ մեղադրանքը: Ժամանակին կարծում էի, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մեջ առանձնապես վտանգ չկա, բայց նրա աջակիցների այսպիսի համոզիչ հիմնավորումներից հետո ընդունում եմ, որ նրան բաց թողնելը կարող է հանգեցնել նոր արյունալի բախումների:

Էլ չեմ խոսում այն մասին, որ Մարտի 1-ի բոլոր մեղադրյալներն իրենց պահում են հանցավոր բանդայի տրամաբանության շրջանակներում՝ ամեն կերպ «պասերով» ձգձգելով դատաքննության գործընթաց մտնելու փուլը։ Դրանով ապացուցելով, որ հա՛մ իրենք էլ անհանգստանալու բան ունեն, որ դատավարության ժամանակ իրենց մեղքն ապացուցող լուրջ փաստեր ի հայտ կգան, հա՛մ էլ կատարում են Քոչարյանի հրահանգը՝ ձգձգել դատավարությունը, քանի որ կալանքի տակ է միայն երկրորդ նախագահը։

Ուստի, եթե անազատության մեջ գտնվող Քոչարյանը կարողանում է ազդել նախկին բավական ազդեցիկ պաշտոնյաների վրա, ազատության մեջ գտնվելով ավելի ուժեղ կազդի ու ավելի շատ անձանց վրա։ Եթե Քոչարյանի դատապաշտպանները գտնում են, որ ով էլ գա իշխանության, երկրորդ նախագահին բաց չի թողնելու, իսկ ով՝ ով, իրենք լավ գիտեն Քոչարյանի մեղքի չափը, մենք էլ կասկած չունենք նրանց պրոֆեսիոնալիզմի հարցում, ուրեմն նրան պետք չէ բաց թողնել նաեւ հիմա:

-Տեսակետ կա, որ հանրության շրջանում ատելություն կա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, բայց վաթսունից ավելի հայտնի գործիչներ իրենց ստորագրությունը դրեցին՝ ի պաշտպանություն երկրորդ նախագահի հայտարարության տակ: 

-Եվ ի՞նչ. հիմա էլ հանրությունն ատում է այդ վաթսունից ավելի հայտնի գործիչներին, ու եթե երկրորդ նախագահի աջակիցները ցանկանում էին հիմնավորել Քոչարյանի հանդեպ հանրային ատելության առկայությունը, ապա դա իրենց մոտ բավական հաջող ստացվեց:

-Իսկ անազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հայտը ծանրակշիռ կարո՞ղ է լինել։ Մանավանդ, երեկ էլ նա հայտարարել է, որ աշունը քաղաքականապես ակտիվ էր եւ վստահաբար կարելի է պնդել, որ իր առաջարկած բանաձեւը՝ «կոնսենսուս-1», կայացել է: Նա չի բացառել այս տարի արտահերթ ընտրությունները մեր երկրում: 

-Երբ անցյալ տարի ամռանը Քոչարյանը կարճ ժամանակով հայտնվել էր ազատության մեջ, հանդիպել իր թիմակիցներին, քննարկել իրավիճակը, շնչել ազատության քաղաքական օդը, լուրերին ու քաղաքական մեկնաբանություններին ծանոթացել նախկիններին սպասարկող լրատվամիջոցներով ու համացանցային իր աջակիցների միջոցով, հանգել էր եզրակացության, որ «կոնսենսուս մինուս մեկն» այլեւս կայացել է, որ անցյալ տարի աշնանը կլինի իշխանափոխություն: Իսկ, երբ աշունն անցել էր ու իր կանխատեսումն իրականություն չէր դարձել, Քոչարյանն էլ արդեն բանտում էր, կանխատեսել էր, որ հավանական է, որ իշխանափոխությունը լինի 2020-ին, այն էլ, եթե ընդդիմադիրները ցուցաբերեն բավարար վճռականություն: Իսկ երեկ, կայքերից մեկի հետ զրույցում, Քոչարյանը նկատելի նահանջել է իր նախկին կատեգորիկ պնդումներից, ասելով. «Կանցկացվե՞ն, արդյոք, ընտրություններն արդեն այս տարի՝ կախված է քաղաքական գործընթացների ինտենսիվությունից, քաղաքացիների ներգրավվածության աստիճանից, իշխող խմբակցության կայունությունից եւ, իհարկե, իշխանությունների սխալներից»: Հետեւություն՝ եթե Քոչարյանը ազատության մեջ կորցնում է իրականության զգացումը, ու այն աստիճանաբար վերագտնում բանտում, ու եթե նա իրապես ցանկանում է ակտիվորեն զբաղվել քաղաքականությամբ, ապա նրա քաղաքական իմաստնության վրա անազատության մեջ գտնվելը բարերար ազդեցություն է ունենում: Իսկ եթե մի քիչ էլ մնա բանտում ու լրջորեն վերաարժեւորի իր արածն ու չարածը, գուցե հասկանա, որ 2020-ին էլ իր կանխատեսած իշխանափոխությունը տեղի չի ունենալու, ու որքան շուտ հասկանա, որ ոչ մի պարագայում այս իշխանության այլընտրանքը չեն կարող լինել ինքն ու իր թիմը, գուցե դրանով մի լավ բան արած լինի մեր պետության համար։ Հավատացնում եմ՝ Քոչարյանն ինչ ջանք էլ գործադրի, դա եղանակ չի ստեղծելու քաղաքական դաշտում, առավելագույնը կարող է եղանակ փչացնել։

– Ակտիվ գործունեություն են ծավալում ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլ նաեւ Սերժ Սարգսյանի թիմակիցները, կամ մարդիկ, ովքեր հասցրել են իշխանությունից հիասթափվել. անգամ նրանց միասնական ջանքերը արդյունք չե՞ն կարող տալ։

-Թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատում կան երիտասարդներ՝ հարուստ, աշխարհ տեսած, գործի ու կյանքի բերումով աշխարհի մեծերի հետ նստած-վերկացած, պալատներում ապրած ու աշխատած, որ կարող են մեր երկրի ապագայի համար լուրջ անելիք ունենալ, սակայն նրանք պատանդ են մնացել երկրորդ ու երրորդ նախագահների ձեռքերում։ Ամեն ինչ անում են, որ նրանց անցյալը սրբագրեն, մեղքերն արդարացնեն։ Հանգամանքների բերումով քաղաքական ակտիվ գործունեության մեջ ներքաշված այս անձինք ապագայի սեփական ծրագիրն ու տեսլականը հանրությանը ներկայացնելու փոխարեն՝ անցյալի համար են կռիվ տալիս։ Ու մինչ օրս չեն գտել իրենց տեղն ու դերը մեր երկրի քաղաքական կյանքում, քանի որ՝ փորձեն ձերբազատվել նախկինից, կարող են որակվել ապերախտ, փորձեն ամեն գնով արդարացնել անցյալն ու անցյալի կարկառուն դերակատարներին, դրանով էլ կործանում են իրենց ապագան, քանի որ նախկին նախագահների վերադարձն իշխանության վերին էշելոններ ուղղակի բացառվում է: Բայց նրանք այդ մտքի հետ ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել, ու իրենց թիմերին ոչ թե թողնում են դառնալ՝ մեր ժամանակի հերոսներ, այլ դարձրել են՝ հին ժամանակների գերիներ։

-Ի՞նչ լուծում եք տեսնում: 

-Լուծումը միակն է, որի մասին խոսում եմ մեկ տարուց ավելի. ձեւավորել լուրջ ու ծանրակշիռ այլընտրանքային ուժ, որն այլընտրանք է լինելու թե՛ այս իշխանությանը, թե՛ նախկիններին։ Իրականում խոսքը գնում է ուժեղ ընդդիմադիր ուժի մասին, քանի որ նախկիններն օկուպացրել են ընդդիմադիր տիրույթը, բայց նրանց ընդդիմադիր համարելը պարզապես մեղք է։ Ու եթե ժամանակի ընթացքում հանրությունը չարդարացված սպասումների պատճառով հիասթափվելու է այս իշխանություններից, ապա ոչ մի պարագայում չի գնալու կանգնի մերժվածների կողքին: Ուստի, պետք է լուրջ քաղաքական ծրագրերով, երկրի զարգացման տեսլականով ու այն կյանքի կոչելու փորձառու եւ գրագետ կադրերով փակել քաղաքական դաշտի այդ վակուումը, այլապես ներկա ու նախկին իշխանությունների կռվից, ոչ պրոդուկտիվ պայքարից, փոխադարձ մեղադրանքների ու կոմպրոմատների պատերազմից մեր հասարակությունը ոչինչ չի շահում։    

-Օրերս Վազգեն Մանուկյանն՝ ի պաշտպանություն ՍԴ նախագահի, բավական ինքնատիպ միտք էր հայտնել. «Ես հաճույքով կապրեի մի երկրում, որի ղեկավարը լիներ Հրայր Թովմասյանը»։ Սա պարզապես կարծի՞ք է, թե՞ ակնարկ: 

-Վազգեն Մանուկյանը հաճույքով ապրում էր մի երկրում, որի ղեկավարը Հրայր Թովմասյանի հոգեւոր հայր Սերժ Սարգսյանն էր, նա այժմ հաճույքով ապրում է «ղարաբաղյան կլանի» «Վերնատուն» կոչվող նկուղում»։ Այնպես որ՝ հիշյալ գործչի հաճույքները ոչ մի աղերս չունեն մեր հանրության իղձերի, պահանջմունքների ու նպատակների հետ։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
30.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031