Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջել հեղափոխականից շատ բան, ինչը նա օրգանապես իրականացնել ունակ չէ՝ անիմաստ է. Վլադիմիր Մարտիրոսյան

Փետրվար 21,2020 15:39

Քաղաքագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մենք կգնանք առաջ և՛ որպես պետություն, և՛ որպես հասարակություն միայն այն դեպքում, երբ հասկանանք, որ մեր երկրում տեղ գտած թե՛ լավի, թե՛ վատի պատասխանատուն մենք ենք. դա մեր ձեռքի գործն է, մեր իրավունքի իրացման և մեր պատասխանատվության չափաբաժինը:

Մե՛նք չպետք է օտարենք մեր սեփական և անհատական պատասխանատվության ընկալումը: Մեր երկրի ողջ նորանկախ պատմությունը մեր արատների, մեր ջանքի, մեր բնույթի և հերոսության մասին է՝ իր թե լավ և թե վատ կողմերով: Մե՛նք պետք է սովորենք ընդունել մեր պատասխանատվության բաժինը՝ թե՛ լավի, և թե՛ վատի համար: Չունե՛նք այլ Հայաստան՝ այն մեկն է, թե՛ իր պատմությամբ, և թե՛ իր ապագայով: Թե՛ ապագան, և թե՛ պատմությունը նորից էլի մե՛նք ենք:

Հայաստանում անկախության տարիների ընթացքում ձևավորվել է ոչ թե մեկ, այլ երկու «ներքին-խորքային» և «արտաքին» պետություն»: «Ներքին-խորքային պետություն», որում ուժն ու ազդեցությունը, ինչպես նաև ֆինանսական ռեսուրսները կենտրոնացված էին քաղաքական համակարգի բոլոր մակարդակներում և ծակոտիներում: Դրանք ունեին «ազդեցության գործակալներ» տնտեսական և, հատկապես, քաղաքական շահերի կայունության համար: Պետության ընկալման այս տեսակը կառավարում էր Հայաստանը: Հաճախ ներսում «ուտում», շահարկում և մաշում էր իր իշխանությունն՝ ունենալով առաջնահերթություններ:

Իրավունքները, լիազորությունները, ռեսուրսները, անձեռնմխելիությունը և առավելությունները կուտակվել էին հիմնականում «խորը պետության» մեջ, որը կրում էր պատասխանատվություն երկրի արտաքին և ներքին, ինչպես նաև ռազմաքաղաքական վեկտորի համար: Պարտականությունն ու պատասխանատվությունն ամեն ինչի համար և ամեն ինչում, երկրի դժվարություններն ու խնդիրները, ինչպես նաև հասարակության աշխատանքային կարողությունները մնում էին «արտաքին պետության» ուսերին: Դրանում գլխավոր դերակատարները հասարակության ձևավորվող միջին խավն էր և շարքային քաղաքացիները: Նրանք իրենց ուսերի վրա էին կրում թե՛ «խորքային պետության», և թե՛ «արտաքին պետության» խնդիրների մեծամասնության «հաշիվը փակելու» պարտականությունը և բեռը:

Ժամանակի ընթացքում «խորքային պետության» առողջ, ինտելեկտուալ և գաղափարական մասն իր դիրքերը սկսեց զիջել ֆինանսա-օլիգարխիկ բնույթի վերնախավին: Այդ թվացյալ վերնախավային, անորակ և բացառապես սեփական շահերով առաջնորդվող խմբերի համար «պետություն» գաղափարի և կենացի տարբերությունը զուտ բառամթերքի հարստության հարց էր: Այս խմբերն ունեին իրավունք պահանջելու և ստանալու իրենց հասանելիք «չափաբաժինը» «խորքային պետության» մեջ, որովհետև այլևս մի շարք ընտրությունների ժամանակ և դրանց միջոցով դարձել էին երաշխավորը և ապահովողը «խորքային պետության» կենսունակության:

Արդյունքում, «խորքային պետությունը» հասավ մի այնպիսի որակական հանգրվանի, երբ իր իշխանության վերարտադրության վերջին պառլամենտական ընտրությունների և նոր Սահմանադրության ընդունման միջոցով փորձեց ևս մեկ գոյատևման և շարունակման բանաձև ընտրել: Հենց այդ պատճառով էլ նաև մնաց այդ բանաձևի փլատակների տակ: Այդ «խորքային պետությունը» բացարձակապես կորցրել էր այդպիսին լինելու իր որակական հատկանիշները: Այն ներսից այլևս դեֆորմացված էր և քայքայված, իսկ մի շարք փոքրաթիվ ինտելեկտուալ նվիրյալների փրկօղակային դեղատոմսերը, այլևս ուշացած էին և անօգուտ: Այստեղ խնդիրը բացարձակապես «արտաքին պետություն» և «խորքային պետություն» հակազդեցությունը չեր, որովհետև դրանք ապրում և կենսագործում էին իրարից օտարացած: Խնդիրը միմիայն «խորքային պետության» որակական դեգրադացիան էր և գերակայությունների նկատմամբ անփույթ և թմրած վերաբերմունքը:

Այսօր մեր քաղաքական համակարգի, քաղաքական դիսկուրսի և առհասարակ քաղաքական արժեհամակարգային մտածողության բախումն այս երկու կոնցեպտների միջև է: Հայաստանում երբեք «արտաքին պետության» մենթալիտետ, պատկերացումներ և արժեքներ կրող խմբերն իրենց վրա չեն ստանձնել «խորքային պետության» գործառույթ և պատասխանատվություն: Արդյունքում, ունենք ցածր մտահորիզոնի շրջանակներում սկզբունքային երևույթների վերաբերյալ պարզագույն մոտեցում` այն էլ բարձրագույն իշխանական շրջանում, ինչը իրականում դառնում է արդեն վտանգավոր: Շարունակելով դրոշակակիր լիդերության վարքագիծը` պետական իշխանություն ստանձնած քաղաքական թիմը թիրախավորել է հենց այն պետությունը, որի զարգացման համար ստացել է իր համաժողովրդական աջակցությունը: Պետությունն ընդդեմ պետության, պետության գործիքակազմով պայքարելով պետական ինստիտուտների դեմ, նոր քաղաքական թիմն ընդդիմախոսներին որակում է որպես փլուզված «խորքային պետության» մնացորդներ և համախոհներ:

Արդեն տևական ժամանակ է, որ հորդորները, նույնիսկ չոր և կատեգորիկ գնահատականներն իշխանական շրջանակները ոչ միայն ունակ չեն ընկալելու, այլև իրենց հատուկ` թշնամական և օտար որակումներով են ընկալում: Մեր պետության իրավական բնույթը սկսել է փոխարինվել «հեղափոխական բնույթով»: Այսպիսի ենթադրության հիմքերն ամբողջությամբ պատկանում են իշխանական շրջանակների և նրանց քաղաքական արբանյակների քաղաքական մշակույթի, իրավունքի և արդարադատության մասին ընկալումներին: Սա խնդիր է, որը պետք է հասկանան բոլոր ընդդիմախոսները: Պետք չէ նրանց տեղավորել սեփական ռացիոնալ ընկալումների մեջ, այլ պետք է հիշել, որ այս շրջանակների կենսական քաղաքական ինքնապահպանման ուղին միշտ մնալու է հեղափոխական օրակարգը: Քանզի դրոշակակիր-լիդերին պետք է շտապ փնտրել թշնամուն և վնասարարին` ամեն գնով մեղսագրելով նրան մեղքեր՝ ապացուցելով սեփական հեղափոխական ուղու ճշմարտացիությունը: Սա է նոր «արտաքին պետության» կենսական ուժը, որը որևէ կապ չունի համազգային և համապետական խնդիրների և երկարաժամկետ ռացիոնալ և հաշվարկված զարգացման հետ:

Բարդ է, իհարկե, հասկանալ, որ երկրում ընդունվող որոշումների ազդեցության գնահատում և վերլուծություն չի արվում: Դժվար է ընկալել, որ իշխանությունների քաղաքականության մշակման և իրականացման մեկնարկային և շարժիչ ստիմուլները, որևէ կապ չունեն ազգակենտրոն պետական շահերի հետ,քանի որ չկա այդ ինտելեկտուալ ընկալման պոտենցիալը: Այս տեսանկյունից հեղափոխականները երկար քաղաքական կենսունակության որևէ շանս չունեն, եթե չսկսեն հենվել բյուրոկրատական համակարգի ոչ թե հեղափոխական, այլ մասնագիտական ապարատի ռեսուրսի վրա: Այս պայմաններում հենց բյուրոկրատական ապարատի և հեղափոխականների տարբերությունները և ներքին բախումները դառնալու են խոշորագույն խնդիր հենց իշխանությունների համար:

Պահանջել հեղափոխականից շատ բան, ինչը նա օրգանապես իրականացնել ունակ չէ` անիմաստ է: Նրա ուժը և կենսական վառելիքը հինն է` թշնամին: Սա է նաև պատճառը, որ իշխանական և իշխանամերձ շրջանակները որևէ քաղաքական տեքստ արտաբերելիս կարծես ծրագրավորված ասում են նախադասություններ, որոնց բովանդակությունը ամբողջապես դեռ մնում է հեղափոխական: Այն է` «երկի՛րն անողոք թալանվել և կեղեքվել է, իսկ պետությունը ձախողվել և զավթվել է»:  Արդյունքում, քիչ թե շատ իներցիոն դրական միտումները ներկայացվում են` որպես «ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ», քանի որ շատ լավ հասկանում են թե ինչ դանդաղ, բայց ավերիչ գին ունի պերմանենտ, հիմնավոր քննադատությունը: Հետաքրքիրն այն է, որ նախկին իշխանություններին հենց նորերն են շրջանառում և շահարկում, որպեսզի ստանան առավելագույն «քաղաքական վառելիք»: Սակայն խնդիրը նրանում է, որ բազմաթիվ անպատասխանատու, քաղաքական և իրավական առումով անգրագետ նախադեպերն ականների տեսքով դրվում են մեր երկրի քաղաքական և հասարակական համակարգի հիմքերում և դառնում են նորմա` ստեղծելով դեգրադացված քաղաքական և իրավական մշակույթ: Մինչդեռ, իրավական ինկվիզիցիոն գործելաոճը շարունակվում է և արդեն հատում է «ամեն գնով»-ի սահմանները:

Դա նկատելի է առկա իրավիճակում, երբ կան անձի պաշտամունքի սկզբնավորման և հեղափոխական իմիտացիայի շարունակման հեռանկարներ: Այս պայմաններում նոր և առողջ, հստակ գերակայություններ և «հանու՛ն» արժեքային համակարգ ունեցող պետականամետ բևեռի ամրացումը և գործարկումը՝ ինտելեկտուալ և տեխնոկրատ հիմքով օրվա հրամայական է: Մեր ազգային-պետական շահերը պետք է կերպափոխվեն ազգային-պետական նպատակների, որ կարողանանք կյանքի կոչել այս կերպափոխումը՝ մեր ռազմավարական քայլերում ներքին ու արտաքին քաղաքականությունում ապահովելով ազգային-պետական նպատակների արտացոլումը: Դա կստեղծի ամուր և առողջ «խորքային պետություն», որն ունակ կլինի դիմագրավել և համահունչ պատասխանել մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին: Պարզապես դա ընդամենը ժամանակի հարց է և այլընտրանք չունի: Մեր պետության ներքին դիմադրողականությունն աննախադեպ թուլացած է և ամրացման կարիք ունի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829