Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանավեճը կողմերից ոչ մեկի շահերից չէր բխում». Կիրո Մանոյանը` մյունխենյան բանավեճի մասին

Փետրվար 24,2020 13:35

«Ես չեմ կիսում նման մոտեցումը, որ նման հրապարակային բանավեճի ժամանակ սա ասաց, նա չասաց: Դա բանակցություն չէ, ընդամենը սահմանափակ ժամանակով, սահմանափակ հնարավորություններով ընդամենը բանավեճ է»,- այսօր Երեւանում մեկնարկած Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ, լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Aravot.am-ի հարցին, որ Մյունխենում կայացած Փաշինյան- Ալիեւ բանավեճից հետո ՀՀ վարչապետը քննադատության ենթարկվեց` Ադրբեջանի նախագահին ոչ լիարժեք հակադարձումների համար, ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Թե բանավեճն ի՞նչ տվեց`Կիրո Մանոյանն ասաց. «Բանավեճը կողմերից ոչ մեկի շահերից չէր բխում, ոչ էլ բանակցությունների շահերից էր բխում, այն պարզապես կազմակերպիչների շահերից էր բխում: Կազմակերպիչները հաջողեցին կողմերից երկուսի ղեկավարներին հրապարակավ բանավեճի հանել. այդքանը: Բայց ասել, որ սա ասաց մեր վարչապետը, այն չասաց մեր վարչապետը, դա չէ չափանիշը որոշելու՝ այս իշխանությունների քաղաքականությունն ինչ է»:

Ըստ Կիրո Մանոյանի, բանավեճի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ հայտարարությունն այն մասին, որ Արցախի ժողովուրդն իր կամքն արտահայտել է, մնում է դրան միջազգային ճանաչում ապահովել, փոքր ինչ մեղմացրեց Բրատիսլավայում ՀՀ ԱԳ նախարարի հստակեցրած որոշ գծերը. «Փաստն այն է, որ Արցախի ժողովուրդն իր կամքն արտահայտել է, մնում է դրա միջազգային ճանաչումն ապահովել: Այսինքն, միջազգային հանրությունը նոր հնարավորություն է ուզում տալ, թող տա, բայց մենք պետք է անընդհատ հիշեցնենք, որ Արցախի ժողովուրդը երեք անգամ առնվազն, իր կամքը արտահայտել է եւ Ադրբեջանի մաս չկազմելն է այդ կամքը եւ ի վերջո, Հայաստանին միանալն է: Դա եղել է 1991 թվականին, Դա եղել է 2001 թվականի սահմանադրական հանրաքվեին դա եղել է 2017,-ի հանրաքվեին: Սա է, որ Հայաստանի իշխանությունը պետք է անընդհատ շեշտադրի»:

Aravot.am-ի մյուս հարցին`մինչ այժմ ՀՀ իշխանությունը մեղադրվում էր նաեւ Արցախի հարցում իր տեսլականը հստակ չներկայացնելու մեջ, մյունխենյան հանդիպումից հետո ՀՀ վարչապետը հրապարակեց վեց կետ`դրանք անվանելով մյունխենյան սկզբունքներ. արդյոք դա հստակ ցույց է տալիս իշխանության մոտեցումը, Կիրո Մանոյանը պատասխանեց, որ այդ սկզբունքները չեն կարող փոխարինել, ասենք մադրիդյան սկզբունքներին, քանի որ վերջիններս միջնորդների կողմից էին առաջադրված, իսկ առաջինը`կողմերից մեկի կողմից են ներկայացված: «Բայց ամբողջությամբ չի բավարարում այդ մոտեցումը մեզ: Մեզ համար հիմնական հարցը, Արցախի միջազգայի ճանաչման ուղղությամբ աշխատանք տանելն է»:

Կիրո Մանոյանը նաեւ հավելեց. «Մեզ համար արտաքին քաղաքականությունը սահմանի շարունակությունն է եւ ինչպես, պաշտպանության գործում սակարկություն չկա, նաեւ արտաքին քաղաքականության մեջ, անկախ մեր ներքին ունեցած տարակարծություններից, արտաքին քաղաքականության մեջ էլ սակարկություններ չկան»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829