«Երեւան քաղաքն, առանձին վերցրած, որտեղ հագեցած է տեսախցիկներով, 2019-ի փետրվարի 27-ի համեմատությամբ, այս տարի 37-ով պակաս են ՃՏՊ-ները, երկուսով պակասել է զոհերի թիվը, 68-ով էլ պակասել են վիրավորները»,-այսօր խորհրդարանում կազմակերպված՝ «Ճանապարհային երթեւեկության արդի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով լսումների ժամանակ ասաց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը՝ ընդգծելու համար բալային համակարգի արդյունավետությունը: Ըստ նրա, տարին նոր է սկսվել, դեռ վաղ է եզրահանգումներ անել, բայցեւայնպես՝ դրական տեղաշարժ կա:

Եգոր Կարապետյանը ներկայացրեց 2019-ի ճանապարհային ոստիկանության աշխատանքները: Ասաց, որ անցյալ տարի 1 միլիոն 979 հազար իրավախախտման վերաբերյալ որոշում է կայացվել: Պարզվել է, որ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարել են 4803 վարորդ: Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 14 հազար 807 տրանսպորտային միջոց, որից 9405-ը` Երեւանում: Նրա տվյալներով, հոգեբուժական եւ թմրաբուժական հաստատություններում հաշվառվել են վարորդական վկայականներ ստացած 473 անձ, որոնց վարորդական վկայականները ճանաչվել են ուժը կորցրած, իսկ 102-ը առգրավել եւ հանձնվել են ճանապարհային ոստիկանություն:
Ասաց՝ չնայած ճանապարհատրանսպորտային պատահարների զգալի աճին, որոնք պայմանավորված են ավտոմեքենաների թվաքանակի ավելացմամբ, զոհերի թիվը փոքր, բայց նվազել է: 2019-ին 341 մարդ է զոհվել, վնասվածքներ ստացել է 6801 մարդ: 2018-ի համեմատությամբ պատահարների քանակն աճել է 688-ով, վիրավորների թիվը 851-ով, իսկ զոհերի թիվը 2-ով նվազել է: ՃՈ ղեկավարը պատահարների թվի աճը նաեւ պայմանավորեց ներմուծված տրանսպորտային միջոցների հին ու անսարք լինելով. «Մեծ մասը տասը եւ ավելի տարվա են: Բացի այդ, վարելու ընթացքում հեռախոսից են օգտվում, ծխում են, չեն ամրակապվում»:
Կարդացեք նաև
Լսումներին ներկա քաղաքացի Հասմիկ Սահակյանը Եգոր Կարապետյանից հետաքրքրվեց՝ ե՞րբ կլուծվի տաքսիների կայանատեղիները հարցը, որպեսզի նրանք կանգառներում չկայանեն՝ ստեղծելով վթարային իրավիճակ մարդկանց եւ հասարակական տրանսպորտի համար: ՃՈ ղեկավարն ի պատասխան ասաց՝ կայանատեղիները քիչ են, չեն բավարարում: Ըստ նրա, այդ խախտումները ՃՈ-ի ուշադրության կենտրոնում են, եւ խախտումների 15-20 %-ը կանգառում կայանումների վերաբերյալ է:
Միհրան Արշակյանը հետաքրքրվեց՝ ունե՞նք քանակ վարորդների, որոնք զրկվել են վարորդական իրավունքից: Ի պատասխան, ՃՈ պետն ասաց, որ առաջին փուլում դեռեւս չեն զրկվում, կասեցվում է նրանց վարորդական իրավունքը, բայց այսօր դեռ չունեն: Սակայն ունեն թվեր, թե քանի մարդ է 9 բալ հավաքել, որոնց նկատմամբ կասեցման գործընթացը պետք է արվի: Կասեցման ենթակա վկայականների վարորդների թիվը ՃՈ պետը չհրապարակեց:
Միհրան Արշակյանը Եգոր Կարապետյանի ուշադրությունը հրավիրեց նաեւ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Ագարակավան, Ուջան հատվածներին. «Այդ ճանապարհը դարձել է փորձանքի ճանապարհ, կտրուկ շրջադարձերի դեպքում հատկապես վատ եղանակային պայմաններում, մանեւվր անելը շատ դժվար է՝ ոչ կահավորված լինելու պատճառով նաեւ: Ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում այս ուղղությամբ: Դեղին փարոսիկները շատ թույլ են եւ կատարյալ լուսավորություն է պետք»:
ՃՈ պետն ասաց, որ 3-4 օր առաջ հայտարարությամբ հանդես են եկել, որ այդ նշյալ հատվածներում ճանապարհային նշաններ պետք է տեղադրվեն, ասաց նաեւ, որ ճանապարհային ոստիկանները հսկողություն են իրականացնում եւ պատասխանատուներին տեղեկացնում են ճանապարհային նշանների բացակայության կամ կոտրվելու դեպքերում. «ՃՈ-ն տարին երկու անգամ գարնանային եւ աշնանային հետազոտություններ է իրականացնում ՀՀ-ի միջպետական եւ հանրապետական ճանապարհներին եւ, եթե կան թերություններ, բացթողումներ, այդ մասին տեղեկատվությունն ուղարկում է համապատասխան մարմիններին թերությունները վերացնելու համար»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































