Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ ասում՝ զուտ Արթուր Վանեցյանն է գործ սարքել, բայց գիտեմ, որ նա կոնկրետ կանգնած է եղել այդ գործի գլխին»․ Դավիթ Սանասարյան

Մարտ 11,2020 15:13

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Դավիթ Բալայան) մարտի 11-ին տեղի ունեցավ լիազորությունները ժամանակավորապես կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Գործը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում։ Դատարանը շարունակեց հրապարակել գործում առկա գրավոր փաստաթղթերը։ Դատական նիստը հետաձգվեց դատախազի առողջական խնդիրների պատճառով։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 6-ին՝ ժամը 11․00-ին։

Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Դավիթ Սանասարյանը պատասխանելով հարցին՝ միայն հարցնելո՞վ են շարժվում, թե՞ կա ստուգող մեխանիզմ այն մասին՝ արդյոք աշխատակիցները բիզնես գործունեությամբ զբաղվում են, թե ոչ, Դավիթ Սանասարյանը պատասխանեց․ «Ասեմ, որ ես որևէ այլ միջոց, մեխանիզմ չունեմ դա ստուգելու, քան իրենց հավաստիացումն է։ Այն ժամանակվա ԱԱԾ տնօրենին խնդրել եմ, որ մինչև աշխատանքի ընդունելը իրենցից տեղեկություն ստանամ, մերժել է՝ ասելով, որ դա օրինական չէ»։

Դավիթ Սանասարյանն ասաց, որ իր համար հիմք են եղել իր աշխատակիցների ասածները։ Նա նշեց․«Անկախ ամեն ինչից՝ այն գործունեությունը, որ ծավալել ենք, պետության շահն ենք սպասարկել։ Երբ Ադյանն ու մյուսները խոսեն, այն ժամանակ մենք ինքներս կհանգենք եզրակացության։ Անկախ ամեն ինչից՝ մեր աշխատանքի արդյունքում պետությունը շահել է, այդ թվում դիալիզի գործով է պետությունը շահել։ Բացի այն, որ խախտում է արձանագրվել և կասեցրել ենք այդ ընթացքը, ավելի քան երկու հարյուր հիսուն միլիոն դրամ այս ընթացքում շահել է պետությունը։ Մինչև այսօր պետությունը շահում է, բայց իմ լիազորությունները հենց դրա համար են կասեցվել․ գործի հիմքում դա է»։

Հիշեցմանը՝ Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ քրեական գործը, որով անցնում է՝ Արթուր Վանեցյանն է սարքել, նա արձագանքեց․ «Ես չեմ ասում՝ զուտ Արթուր Վանեցյանն է գործ սարքել, բայց գիտեմ, որ նա կոնկրետ կանգնած է եղել այդ գործի գլխին»։

Դավիթ Սանասարյանն ասաց, որ երբ նշանակվել է ՊՎԾ ղեկավար, դրանից հետո փորձել է հասկանալ, թե ինչ մեխանիզմներով կարող են ճշտել իր աշխատակիցների փոխկապակցվածությունը այս կամ այն ընկերության հետ․ «Եթե իրավական փաստաթղթերում փոխկապակցություն չկա, ինչպես պետք է իմանայի, որ Սամվել Ադյանը «Զորաշեն» ընկերության հետ կապ ուներ»։

Խոսելով այն մասին, որ Արսեն Թորոսյանն է իրեն տեղյակ պահել այս մասին, նա ասաց․ «Երբ ինձ ասել է Արսեն Թորոսյանը, ես հարցրել եմ իմ աշխատակցին, նա ասել է, որ կապ չունի, և դա անում են նրա համար, որ մեզ հեռու պահեն այդ ուսումնասիրություններից։ Ես հավատացել եմ իմ աշխատակցին, քանի որ իրեն բարեխիղճ ծառայող եմ ճանաչել, և իր խոսքն ինձ համար եղել է ավելի առաջնահերթ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031