Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարման եւ ինքնակառավարման մարմինները որեւէ կերպ իրավունք չունեն մասնակցելու քարոզչությանը»

Մարտ 14,2020 13:30

Բորիս Նավասարդյանը՝ համայնքային որոշ ֆեյսբուքյան էջերով քարոզչություն իրականացնելու առիթով

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում գրանցվում են դեպքեր, երբ տարբեր համայնքների ֆեյսբուքյան էջերով քարոզչական նյութեր են հրապարակվում: Օրինակ՝ «Ապրիլի 5-ին հեղափոխությանը ասում եմ՝ այո» կամ համայնքի ֆեյսբուքյան էջով տեղեկացնում են, որ «այո»-ի շտաբը տվյալ ժամին, տվյալ օրը կլինի համայնքում:

«Առավոտը» փորձագետներից հետաքրքրվեց՝ արդյոք օրինակա՞ն է այս գործունեությունը: Իրազեկ քաղաքացիների միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախ պետք է հասկանալ՝ ֆեյսբուքյան էջերը համայնքայի՞ն աշխատողներն են վարում, թե ոչ, եթե համայնքի աշխատողներն են դրանք վարում, ապա համայնքային աշխատողները իրենց պաշտոնական պարտականությունները իրականացնելիս չեն կարող ներգրավվել քարոզչության մեջ: Սակայն Դանիել Իոաննիսյանը նաեւ նշեց, որ եթե ինչ-որ մեկը տվյալ համայնքը շատ է սիրում եւ ուղղակի այդ համայնքի անունով ֆեյսբուքյան էջ բացում, ապա դա այլ իրավիճակ է: Միեւնույն ժամանակ շեշտեց. «Առհասարակ դա խնդիր է, եւ պետք է տարանջատել համայնքային գործունեությունը քարոզչությունից»:

Մեր զրուցակիցը նշեց, որ քարոզչության ընթացքում իրենց դիտարկումներն արձանագրել են մի շարք օրենսդրական բացեր: Խնդրեցինք նշել մի քանիսը: Դանիել Իոաննիսյանն ասաց. «ՀՀ վարչապետի կողմից ուղղաթիռի օգտագործումն  օրենսդրական բացի հարց է: Օրինական է, բայց մրցակցային ընտրապայքարի սկզբունքին հակասում է: Այս առումով պետք է օրենքը վերանայել: Շատ խնդիրներ կան»:

Հարցին՝ երեխաների մասնակցությունը քարոզարշավին օրենքով թույլատրելի՞ է, քանի որ Նիկոլ Փաշինյանին շատ քննադատեցին դրա համար, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց. «Բայց դա օրինական է: Ճիշտն ասած՝ չգիտեմ էլ, թե ինչ տրամաբանությամբ է պետք արգելել: Այսինքն՝ հետագայում, օրինակ, Ընտրական օրենսգրքի վրա աշխատելիս չեմ հասկանում՝ որն է դրա՝ արգելելու իմաստը»:

Մեր զրուցակցի համար անհասկանալի է, թե ինչու պետք է երեխաներին հեռու պահել քաղաքականությունից: Նա նշեց, թե դրա իմաստը չի հասկանում, այնուհետեւ հայտնեց, որ ինքը երեխա ժամանակվանից քաղաքականության մեջ է:

Մյուս քննադատությունը կապված է նրա հետ, որ վարչապետը մի կողմից Լոռիում հանդես է եկել որպես վարչապետ՝ ճանապարհների հետ կապված դիտարկումներ արել, մյուս կողմից «այո»-ի քարոզչություն արել: Այս առիթով Դանիել Իոաննիսյանն ասաց. «Սա խնդիր է, եւ լավ է, որ վարչապետն արձակուրդ գնաց, հակառակ դեպքում այդ խնդիրն անընդհատ ունենալու էինք: Վարչապետն աշխատանքային ժամերին գրառումներ էր անում ֆեյսբուքում. այնպես որ, այդ խնդիրը կար»: Դանիել Իոաննիսյանն ասաց, որ օրենսդրական բացերի փաթեթ են ներկայացնելու քննարկման:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի փոխանցմամբ, եթե համայնքային էջերով տարածվում է կազմակերպչական բնույթի տեղեկատվություն, դա թույլատրելի է, բայց քարոզչությունը օրենքով արգելված է: Այնուհետեւ պարզաբանեց. «Կառավարման եւ ինքնակառավարման մարմինները որեւէ կերպ իրավունք չունեն մասնակցելու քարոզչությանը, եւ դա վերաբերում է նաեւ իրենց պաշտոնական էջերին՝ լինի սոցցանցերում, թե լինի ավանդական լրատվամիջոց: Դա օրենքի կոպիտ խախտում  է, որի համար նաեւ նախատեսված է քրեական պատասխանատվություն: Ապրիլի 5-ին հեղափոխությանն ասում եմ այո. սա ակնհայտ քարոզչություն է: Եթե նույնիսկ համայնքի էջով կոչ անեն գնալ հանրաքվեի, դա եւս քարոզչություն կլինի, իսկ եթե «այո»-ն էլ են մտցնում մեջը, դա հարյուր տոկոսով ակնհայտ քարոզչություն է դառնում»:

Բորիս Նավասարդյանն ասաց, որ այդ խախտումները պետք է արձանագրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ու համապատասխան վարույթ ապահովի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031