ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց «Իմ քայլի» պատգամավորներ Աննա Կարապետյանի եւ Արթուր Դավթյանի հեղինակած՝ դատական օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը:

Դավթյանի փոխանցմամբ՝ գործող օրենսդրությամբ ՍԴ դատավոր դառնալու պահանջ կա՝ իրավաբանի բարձրագույն կրթություն եւ 15 տարվա ստաժ. «ՍԴ դատավորի հանդեպ ավելի մեղմ պահանջ կա, քան առաջին ատյանի դատավորի համար, որին մագիստրատուրա ավարտելու պահանջ է ներկայացված: Առաջարկում եմ ամրագրել, որ եթե անձն ունի եւ մագիստրոսի, եւ բակալավրի կրթություն, դատավոր դառնալու իրավունքը նրան վերապահվի: Բայց եթե չունի մագիստրատուրա, դրա փոխարեն ունենա իրավաբանի 15 տարվա ստաժ, ինչի դեպքում միայն դատավոր դառնալու իրավունք ունենա: Չեմ կարծում, որ ՍԴ դատավորի հանդեպ դրված պահանջներն ավելի մեղմ պետք է լինեն առաջին ատյանի դատավորի առաջ դրված պահանջներից»:
«Իմ քայլից» Նիկոլայ Բաղդասարյանը հետաքրքրվեց՝ մագիստրոսի կրթությունը որքանո՞վ է փոխարինում աշխատանքային ստաժին. «Կարող է լիմոնադի գործարանում իրավաբան է աշխատել՝ մի ոլորտում, որը կարող է չվերաբերել իրավունքի այն ճյուղերին, որոնք դատարանում կքննվեն»: Արթուր Դավթյանը պատասխանեց՝ գործող օրենքով 15-ամյա ստաժն ամրագրված է, եւ եթե անձը լիմոնադի ցեխի իրավաբան է եղել եւ ունի բարձրագույն կրթություն, դա իր համար բավարար է՝ ՍԴ դատավոր դառնալու համար. «Հետեւաբար, ՍԴ դատավոր դառնալու պահանջն ավելի բարձր պետք է լինի, քան առաջին ատյանի դատավորի համար»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































