Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչն է մղում Ադրբեջանին ավելի սանձարձակ պահվածքի

Ապրիլ 04,2020 14:30 Share

Հայ-ադրբեջանական սահմանին հառակորդի ակտիվություն արձանագրվեց մարտի 27-ին, ինչի հետեւանքով հայկական կողմում պայմանագրային զինծառայող վիրավորվեց: Իսկ մարտի 30-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ արեց, հետ շպրտվեց. միաժամանակ թիրախավորվել էին Բաղանիս եւ Ոսկեվան գյուղերը. վիրավորվեցին երկու զինծառայող եւ Ոսկեվանի բնակիչ մեկ երեխա: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում է, որ հակառակորդի սադրանքները կարող են ունենալ մի շարք առաջնահերթ պատճառներ: «Այս օրերին ապրիլյան իրադարձությունների տարելիցն է, որը հիշատակում են երկու կողմերում էլ: Ադրբեջանական կողմը գուցե մտադիր է «հիշեցնել» այդ մասին: Մյուս կողմից, կորոնավիրուսի ճգնաժամն ադրբեջանական վերնախավի որոշ շրջանակներում առաջացրել է միտում, որ նման պայմաններում ավելի հեշտ կլինի ՀՀ-ի հետ կոնֆլիկտի մեջ մտնելը, քանի որ աշխարհը զբաղված է իր խնդիրներով»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է Երվանդ Բոզոյանը:

Որպես օրինակ նա վկայակոչում է այն փաստը, որ օրերս նման գաղափար կրող հոդվածով հանդես եկավ Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Թոֆիգ Զուլֆուգարովը. «Հոդվածում նա Ադրբեջանի ղեկավարությանն առաջարկում է վերջապես լուծել Հայաստանի խնդիրը, քանի դեռ աշխարհն իր խնդիրներով է խառը: Չեմ բացառում նաեւ, որ սահմանային վերջին միջադեպերը կարող էին եւ հրահրված չլինել Ադրբեջանի կենտրոնական իշխանության կողմից: Գուցե փորձել են մեր պաշտպանական համակարգի պատրաստվածության հետ կապված տեղային նշանակության եւ ստուգողական խնդիր լուծել»:

Ինչ վերաբերում է փաստին, որ կորոնավիրուսի տարածումից բխող սահմանափակումներով պայմանավորված՝ ԵԱՀԿ-ն մարտի կեսերից մշտադիտարկում չի իրականացնում, այդ թվում ՀՀ-Ադրբեջան սահմանագոտում, քաղաքագետը նշում է. «Հակառակորդի սադրանքների համար դա լրացուցիչ գործոն է եւ եւս մեկ անգամ հակառակորդին մղում է ավելի սանձարձակ պահվածքի»: Հավելենք, որ վերջին միջադեպին, երբ նաեւ երեխա էր վիրավորվել, արձագանքել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ արտահայտելով մտահոգություն: Երվանդ Բոզոյանն այս առնչությամբ համոզված է, որ ՀԱՊԿ-ի արձագանքը գերագնահատել պետք չէ. «Եթե խնդիրը շատ լրջանա, ՀՀ-ն, բնականաբար, կդիմի ՀԱՊԿ-ին, որն էլ կարձագանքի: Իսկ նման իրավիճակներում ՀԱՊԿ-ից ավելի մեծ արձագանք ակնկալելն այդքան էլ ճիշտ չէ: Տպավորություն չպետք է ստեղծվի, թե նման խնդիրների դեպքում մենք միանգամից վախից պահանջում ենք, որ ՀԱՊԿ-ն մեզ պաշտպանի: Սա պատիվ չի բերի, մենք այդքան ծանր վիճակում չենք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930