Լրահոս
Օրվա լրահոսը

Արմագեդոն (աբորիգենի աբսուրդ հուշերից)

Ապրիլ 04,2020 22:24

Մոտավորապես մեկ միլիոն ժողովուրդ սպասում էր երջանիկ այն ակնթարթին, երբ ինքնաթիռ կնստեն ի վերջո և կհեռանան հայրենիքից, որպեսզի մարդավայել կյանքով տառապեն քաղաքակիրթ աշխարհի ջունլգիներում: Էլ ո՞ւր կարող է գնալ աբորիգենը, եթե նրան վայրենու կարգավիճակ են շնորհել հենց ծննդատան մեկուսարանում, իսկ անձնագիրը ճպպացրել են ճակատին՝ 18 տարին լրանալուն պես, իբր՝ սսկվեք ու գոհ եղեք՝ Հայրենիք կոչվող համակենտրոնացման ճամբարից դուրս գալը ընդմիշտ մոռանալով: Նրանք ինքնաթիռի տոմսեր էին գնել դեռ մանկապարտեզ ու դպրոց հաճախելիս, 40 և 60 տարիներ առաջ, և հիմա՝ աբորիգենների հանրապետության յուրաքանչյուր հպարտ քաղաքացի քնում էր ինքնաթիռ անիծելով ու արթնանում էր այն առանձնահատուկ երազանքով, թե այսօր իր բախտը կբերի վերջապես ու իրեն կհրավիրեն օդանավակայան:

Փաստորեն, օդանավակայանը ավելի մեծ ու ցանկալի էր՝ իբրև հայրենիք, քան բուն հայրենիքը, որտեղ մեկ միլիոն ժողովուրդ էր մնացել, և նրանցից յուրաքանչյուրը ինքնաթիռի տոմս ուներ: Եղել էին դեպքեր, երբ պապերը մահացել էին՝ տոմսը թոռներին կտակելով: Եղել էին և այլ դեպքեր, երբ մարդիկ ինքնաթիռ էին նստել հիստերիկ երազանքներով, բայց թռիչքը կասեցրել էին ընդամենը րոպեներ անց, և հայրենիքից հայրենիք էին վերադարձել կիսատկլոր աբորիգեններ՝ բարձր ողբալով այն օրը, երբ քաղավիացիայի պետը հղիացավ օդում, և հիմա ոչ մի ինքնաթիռ չէր բարձրանում ցամաքից, որովհետև քաղավիացիայի լիցենզիան դառել էր լիմոնադի պիտակ ու բազմահազար տիրաժով գնացել էր շշալցման արտադրամասեր:

– Բայց սա հենց այսպես էլ պիտի լիներ,- խորիմաստ խաչակնքվում էին Հիսուս Քրիստոսի վերջին սրբերից ամենաթույն սրբերը,- որովհետև Տերը մարգարեացավ, որ Վերջին օրերում մարդիկ համբարձվելու եղանակով կհեռանան իրենց երկրներից ու կգնան այնտեղ, ուր Պողոս առաքյալն ու Բառնաբասը այծի որսով էին զբաղված:

– Ճիշտ եք,- պատասխանում էին հոգեբուժարանի բուժակները՝ մի թեթև քմծիծաղելով,- Իսկ Տերը համբարձվելու լիցենզիա տալի՞ս է:

– Ա՜ա՜ա՜խ,- ողբում էին 40 տարվա վաղեմություն ունեցող մի խումբ աբորիգեններ, որ գիտակցական ողջ կյանքը օդանավակայններում էին անցկացրել,- բա հիմա մենք ո՞նց ենք թռչելու (Յուրի Գագարին+):

– Որովհետև ապուշ եք,- ի սրտե հոխորտում էին կլոնավորման Ազգային մեկուսարանից:- Չգիտե՞ք, որ գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած մեր երկրում, արդեն վաղուց, մինչև յոթը պորտ թվայնացնում են, իսկ դուք  ինքնաթիռների տոմսերը էշ-էշ տատու եք արել սև ու մուխտառ ձեր հետույքներին: Որ ի՞նչ:

– Ես շատ Այո քաղաքացի եմ և, այո՛, ներողություն եմ խնդրում այս ուսուցողական զրույցը ընդհատելու համար: Մի հարց ունեմ: Ասե՞մ:

– Եթե ասելիս չեք կակազելու՝ նույն վանկը մի երկու տարի կրկնելով, ուրեմն ասեք,- պատասխանում էին Աղի հանքում հոգեմետ դեղորայք ավլող հավաքարարները, որ հիմա զբաղված էին դեղահաբերի վրա «Համբարձվելու լիցենզիա» պիտակը կպցնելով:

– Ես ընդամենը ուզում էի իմանալ: Իսկ Հանրապետության հպարտ քաղաքացու անձնագիրը ի՞նչ ազդեցություն կարող է թողնել մարդու նյարդահոգեբանական հոգեկերտվածքի վրա: Օրինակ՝ նման անձնագիր ստանալուց հետո քանի՞ տարի է պահանջվում վերջնականապես գժվելու համար:

-Ո՞ւր գնացին ծաղիկները (Հ.Թ.),- ամենայն անկեղծությամբ երգում էին բազմաթիվ նորելուկ կույսեր և այնքան ուրախ էին երգում, կարծես ուր որ է՝ մի ինքնաթիռ կբարձրանա օդանավակայանից՝ 40 000 աբորիգեն գրողի ծոցն ուղարկելով:

– Գոնե՝ ձևի համար բարձրանար,- հառաչում էին առանձնահատուկ հուսահատությամբ երջանիկները:

– Այսօր ամբողջ օրը գաղտնալսում ենք, պարոն կրտսեր սերժանտ, բայց չենք կարողանում հասկանալ, թե սրանք ինչ օյիններ են խաղում մեր գլխին: Ահա 64 000 կույս միաժամանակ նույն երգն են երգում ցանցային օպերատորների բոլոր ցանցերում (այդ թվում՝ ձկնորսական և «Ղարաբաղ տելեկոմ»): Հիմա սա դիվերսիա՞ է, թե՞ գարնան օրերն են ազդել:

– Ես չգիտեմ, թե ինչն է ազդել, բայց մի բան ազդել էր, չէ՞, որ քաղավիացիայի պետը հղիացավ:

– Վե՛րջ, տեղ հասանք:

– Իրո՞ք (Ս.Ս.): Իսկ ինքնաթիռի ձայն լսե՞լ եք:

– Ինձ մի հարցրեք, ես մինչև կյանքիս վերջը այո եմ ասելու: Որ գիշերվա կեսին քնից հանեք՝ էլի այո եմ ասելու:

– Բա ո՞ւմ հարցնեմ: Եվ, ընդհանրապես, ազնիվ մարդ մնացե՞լ է այս անինքնաթիռ երկրում, թե՞ բոլոր հարցերի պատասխաններն արդեն նախապես հայտնի ստեր են:

– Այ, եթե կիրակի օրվա պատարագին ներկա լինեիք, նման անհեթեթ բաներ չէիք բարբաջի: Գիտե՞ք ինչ կայիֆ էր:

– Հատկապես ի՞նչը:

Այ հենց այստեղ հիշում ենք մեղքն ու մահկանացու մարդուն, որպեսզի աննախադեպ կոչով խրախուսենք մեկուսացման մեջ գտնվող բոլոր աբորիգեններին: Մնացեք տանը, հարգելի քաղաքացիներ, մինչև որ Սուրբ հոգին կվկայի:

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930