Լազարյան տոհմի վերջին ներկայացուցիչը Սեմեոն Աբամելիք -Լազարևն էր, ով միայնակ տնօրինում էր լեգենդար այդ ընտանիքի ահռելի կարողությունը և Կայսրական Ռուսաստանի ամենահարուստ և ամենաազդեցիկ մարդկանցից մեկն էր:
Լազարյան ընտանիքի պատմությունն ուսումնասիրող մասնագետները հաճախ նշում են, որ փառապանծ այդ տոհմի վրա, կարծես թե, անեծք կար: Պարսկաստանի Նոր Ջուղայից Ռուսաստան տեղափոխված Լազար Լազարյանը ուներ չորս որդի, որոնցից յուրաքանչյուրին վիճակված էր անգնահատելի առաքելություն՝ թե Ռուսաստանի, և թե Հայաստանի պատմության էջերում, սակայն, ցավալին այն է, որ չորս եղբայրներից և ոչ մեկը արու ժառանգ չթողեց: Լազարյանների տոհմածառը 20-րդ դարասկզբին անկում ապրեց:


Ինչպես արդեն նշեցինք, Սեմեոն Աբամելիք-Լազարևը տնօրինում էր Աբամելիք և Լազարյան տոհմերի ահռելի կարողությունը: Որպես հոգաբարձու՝ Աբամելիքը հանդես էր գալիս թե ռուսական, և թե հայկական բարեգործական խոշոր կազմակերպություններում, ահռելի միջոցներ էր նվիրաբերում մշակույթի, գիտության, ավիացիայի զարգացմանը, հատուկ ուշադրության տակ էր պահում Լազարյան ինստիտուտը և անձամբ էր ֆինանսավորում ուսանողների գործուղումները դեպի Արևելք: Աբամելիքի տնօրինության տակ՝ Ուրալում գործող Լազարյանների լայնածավալ հանքարդյունաբերությունը աննախադեպ զարգացում է ապրում:
Նրա կալվածքներից մեկը գտնվում էր Տուլայի նահանգում՝ Լև Տոլստոյի կալվածքի հարևանությամբ: Աբամելիքը հաճախ էր հյուրընկալվում մեծ գրողին: Տոլստոյը իր նամակներում հիշատակում է հայ իշխանի մասին, որպես տաքարյուն, սակայն չափազանց խելացի ու քաղաքակիրթ անձնավորություն: Տոլստոյի արխիվում պահպանվել է մի քանի ընտանեկան լուսանկար, որոնք արել է Սեմեոն Աբամելիքն իր ֆոտոխցիկով:


Սեմեոն Աբամելիքին բաժին էր հասել Լազարյանների ամբողջ ահռելի կարողությունը՝ գործարանները Կայսրության բոլոր ծայրերում, անշարժ և շարժական գույքը, արժեթղթերը՝ բացի Սանկտ-Պետերբուրգի Նևսկի պողոտայի վրա գտնվող եռահարկ առանձնատնից, որը Հովհաննես Լազարյանը կառուցել էր 1780 թվականին և կտակել Հայկական եկեղեցուն: Սեմեոնի համար դժվար էր բաժանվել հայրական այդ տնից և երբ նա Պետերբուրգի Միլլիոննայա փողոցի վրա 1910 թվին ձեռք է բերում քաղաքի ամենաճոխ առանձնատներից մեկը, չի դիմանում գայթակղությանը և Նևսկիի տնից տեղափոխում է գույքի և սպասքի մեծ մասը, այդ թվում՝ տան ներքին դռները: Սակայն, միջոցներ է հատկացնում Հայ եկեղեցուն՝ առանձնատունը վերանորոգելու և կրկին կահավորելու համար:
Աբամելիքին պատկանող Միլլիոնայա փողոցի համար 22 առանձնատունը, որտեղ այսօր Սանկտ-Պետերբուրգի Սպորտի վարչությունն է տեղակայված, ժամանակին մի իսկական թանգարան էր հիշեցնում և իրոք, հեղափոխությունից հետո, այդ տանը եղած կտավների, կիրառական արվեստի հազվագյուտ նմուշների և կահույքի հավաքածուն մասամբ փոխանցում են պետական Էրմիտաժին:
Հանկարծամահ լինելով 1916 թվականին 58 տարեկան հասակում՝ Սեմեոնը չի հասցնում ցուցումներ տալ իր վիթխարի կարողության վերաբերյալ, հետո էլ վրա է հասնում հեղափոխությունը ու սրբում-տանում է ամեն ինչ, բացի Աբամելիքի սիրելի իտալական վիլլայից, որն ի սկզբանե նա կտակել էր իր տիկնոջը՝ Մարիա Աբամելիք-Դիմիդովային: Առանձնատունը գտնվում է Վատիկանի հարևանությամբ: Հողատարածքը, որի վրա կանգնած է այն, չափերով չի զիջում Վատիկանի տարածքին:
Սեմեոնը, կտակը կազմելու պահին, թերևս երևակայել անգամ չէր կարող, թե տարիներ անց ինչպիսի միջպետական և տասնամյակներ ձգվող վիճաբանության խնդիր է դառնալու այդ առանձնատունը, որտեղ ի դեպ, այսօր գտնվում է Ռուսաստանի դեսպանությունը Իտալիայում:
Իր կտակում Սեմեոն Աբամելիք-Լազարյանը նշել էր, որ իր մահից հետո այդ առանձնատան սեփականատեր դառնալու է Մարիա Դիմիդովան, սակայն, տիկնոջ մահից հետո այն պետք է տնօրինի Ռուսաստանի Գեղանկարչության Ակադեմիան: Իտալիայի կառավարությունը, սակայն, ընդդիմանում է նման որոշմանը՝ պնդելով, որ սեփականությանը վերաբերող իտալական օրենքները արգելում են երկակի ժառանգության հնարավորությունը: Ասել է թե, եթե առանձնատունը պատկանում է Մարիա Դիմիդովային, իսկ նա հեղափոխությունից հետո տեղափոխվել էր Իտալիա և հանդիսանում էր Իտալիայի քաղաքացի, ուրեմն՝ պետությունը իրավասու է տնօրինել նրան պատկանող գույքը, քանի որ այլ ժառանգ գոյություն չունի: Իտալիայի կառավարությունը Սեմեոն Աբամելիքի կտակը անվավեր է ճանաչում դեռ Մարիա Դիմիդովայի կենդանության օրոք և 1923 թվականին սկսում է դատական վեճ ԽՍՀՄ-ի դեմ, որը ձգվում է մինչև 1947 թիվը, երբ, ի վերջո, Խորհրդային Ռուսաստանը շահում է դատը և ճանաչվում առանձնատան սեփականատեր:
Աբամելիքի մահվան օրը իտալական մամուլը գրում է. «Վախճանվել է մեծանուն ազնվական, մեկենաս, արվեստի սիրահար ու գիտակ իշխան Աբամելիք-Լազարևը, ով նշանակալից դեր խաղաց նաև Իտալիայի մշակութային կյանքում: Վիլլա Աբամելիքում նրա կազմակերպած ընդունելությունները, ցուցահանդեսներն ու բալետային ներկայացումները իսկական իրադարձություն էին մեր քաղաքի կյանքում: Նա իր ահռելի կարողությունը առատաձեռնորեն բաժանեց մշակութային օջախների, Կարմիր Խաչի, ռուսական նավատորմի և ավիացիայի զարգացման նպատակով»:

Զարմանալի է, սակայն փաստ, որ այս ընտանիքի 200 ամյա պատմության մեջ չի եղել գեթ մեկ ներկայացուցիչ, որին վստահված չլիներ բարձր և պատասխանատու պաշտոն Ռուսական Կայսրության հասարակաքաղաքական տարբեր ոլորտներում: Լազարյանները պետական մտածողությամբ օժտված բացառիկ գործարարներ էին, քաղաքական ու ռազմական գործիչներ և երևելի մեկենասներ, որոնց անունը ոսկե տառերով գրվեց պատմության էջերում:
Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ




















































1923 թվականին սկսում է դատական վեճ ԽՍՀՄ-ի դեմ, որը ձգվում է մինչև 1947 թիվը, երբ, ի վերջո, Խորհրդային Ռուսաստանը շահում է դատը
ԽՍՀՄ -ը և Խորհրդային Ռուսաստանը տարբեր սուբյեկտներ են։