Մոսկվան ունի մի շարք հրաշագեղ և տպավորիչ ճարտարապետական կոթողներ, որոնք իրավամբ հանդիսանում են մայրաքաղաքի այցեքարտը: Կարմիր հրապարակում Վասիլի Երանելու տաճարը նմանատիպ կոթողների թվում է:
16-րդ դարից ի վեր Երանելու տաճարը, որն անվանում են նաև Պոկրովսկու եկեղեցի կամ Собор Покрова Пресвятой Богородицы, что на Рву, ականատեսն ու մասնակիցն է Ռուսաստանի պատմության առանցքային վայրիվերումներին: Եկեղեցական այդ համալիրի կենտրոնական տաճարը օղակում են ևս ութ առանձին խորաններ, որոնցից մեկը կրում է Գրիգոր Լուսավորչի անունը:
Պարթևներից սերող Գրիգորը այն եկեղեցական գործիչն էր, որի քարոզչական մեծ ջանքերի շնորհիվ Քրիստոնեությունը մուտք գործեց Հայաստան և 301 թվականին հռչակվեց որպես պետական կրոն: Հայաստանը դարձավ աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը, իսկ Գրիգոր Լուսավորիչը՝ հայոց կաթողիկոս: Լուսավորչի մահվանից հետո Հայ Եկեղեցին նրան դասեց ավագ սրբերի շարքը և սահմանեց հիշատակի օր՝ 30-ը սեպտեմբերի հին տոմարով՝ ամսաթիվ, որն ութ երկար ու ձիգ դարեր անց ճակատագրական էր դառնալու ռուսական զորքերի համար:
Ռուսաստանը միահեծան կառավարող Իվան Ահեղ ցարի համար Կազանի խանությունը գրավելը ռազմավարական մեծագույն նշանակություն ուներ, սակայն ցարը մի քանի անգամ արդեն պարտություն էր կրել այդ պատերազմում: 1552 թվականին Իվան Ահեղը նախաձեռնում է հերթական արշավը դեպի Կազան և տալիս է երդում՝ պատերազմի հաջող ելքի պարագայում կառուցել պերճաշուք հոգևոր տաճար Կարմիր հրապարակում:
Կարդացեք նաև
Կազանի խանությունը նվաճվում էր մեծ դժվարությամբ և քայլ առ քայլ, այդ իսկ պատճառով, յուրաքանչյուր հաղթանակից հետո Գրոզնին՝ իր խոստմանն համաձայն, մի փոքրիկ եկեղեցի է կանգնեցնում Կարմիր հրապարակում՝ անվանելով այն սրբերից նրա պատվին, որի հիշատակի օրը համընկնում էր հաղթանակի օրվա հետ:
Պատերազմի ելքը վճռող ճակատագրական օրերից մեկը սեպտեմբերի 30-ն էր, որը հոգևոր օրացույցում նշված էր սրբադասված Գրիգոր Լուսավորչի անվամբ: Նախորդ օրը ռուսական զորքը պայթեցնում է Կազանի Արի աշտարակը, ինչի արդյունքում հաջորդ օրը՝ սեպտեմբերի 30-ին քաղաքը հանձնում է բանալիները Գրոզնու բանակին:
Պետք է նշել, սակայն, որ բացի տոնացույցին առնչվող տարբերակից, պատմաբանների մոտ կա այլ վկայություն ևս այդ փաստի հետ կապված: Այն է, Իվան Ահեղը ցանկացել է այդ քայլով ցուցաբերել իր երախտագիտությունը՝ պատերազմում իր զորքին աջակցացած հայերի նկատմամբ: Ըստ որոշ տեղեկությունների, ռուսական զորքում կային հայերից կազմված գնդեր, իսկ թաթարների կողմից թնդանոթների մոտ կանգնած էին այն հայերը, որոնց ժամանակին թաթարները գերեւարել էին Ղրիմից: Ասում են, որ վերջիններս հրաժարվում են կրակել Գրոզնու զորքի և զորքում եղած իրենց հայրենակիցների ուղղությամբ, ինչն էլ վճռորոշ դեր է խաղում պատերազմի հաջող ելքի մեջ:
1780-ական թվականներին մեծահարուստ գնդապետ Իվան Կիսլինսկին՝ խոշոր նվիրատվություն կատարելով Վասիլի Երանելու տաճարին, խնդրում է, որ համալիրի ութ խորաններից մեկը անվանափոխվի և կոչվի իր հովանավոր սրբի անունով: Հայտնի չէ, թե ի՞նչ պատճառով, բայց անվանափոխության է ենթարկվում հենց Լուսավորչի անունը կրող եկեղեցին, սակայն 1920-ին Լուսավորչի անունը վերականգնում են և խորանը մինչ այսօր կոչվում է այդպես:
Ինչպես ասում են, տաճարի հիասքանչ գեղեցկությունը լեգենդներ չծնել չէր կարող: Դրանք բազմաթիվ են ու գուցե և ունեն ճշմարտության հատիկ իրենց մեջ: Օրինակ, կա վարկած, թե Իվան Ահեղը հրամայում է կուրացնել կոթողը նախագծած ճարտարապետներին, որպեսզի հանկարծ ու նրանք էլ նման հրաշք չստեղծեն այլ տիրակալների պատվերով: Այդ իսկ վարպետները տաճարի կենտրոնական՝ Սուրբ Աստվածամոր գմբեթի պատին, որը, ի դեպ, ժամանակին եղել է Մոսկվայի ամենաբարձր շինությունը, փորագրել են իրանց անունները և կոթողի շինարարության ավարտի ճիշտ տարեթիվը ՝ 1562 թվական հուլիսի 12:


Հայտնի չէ, թե ինչն է ստիպում Ստալինին նման մեծահոգություն ցուցաբերել, սակայն, դրանից հետո եկեղեցին վերաբացվում է, լայնածավալ ու մանրակրկիտ վերականգնվում է և սկսում է գործել որպես թանգարան:
1991 թվականից սկսած Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ հրամանով տաճարը վերականգնել է հոգևոր հաստատության կարգավիճակը և այնտեղ այդ պահից ի վեր անցկացնում են ժամերգություններ: Ներկայումս տաճարը Ռուսաստանի Պատմության պետական թանգարանի մաս է կազմում և ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից պահպանվող մշակութային ժառանգության ցուցակում է:
Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ


















































