«Մեղադրանքն անհիմն է. հիմքում ոչինչ չկա, ընդամենը ձևակերպումներ են դրել: Նախնական համաձայնությամբ և այլն: Ո՞նց կարելի է, ինչի՞ հիման վրա եք այդպիսի արտահայտություններ անում, մարդուն վարկաբեկում»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին ԱԱԾ-ի առաջադրած մեղադրանքին՝ կարծիք հայտնեց Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի պաշտպան, փաստաբան Հովիկ Արսենյանը:
Փաստմանը՝ շատերն այս մեղադրանքը կապում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով Կաթողիկոսի հայտարարության հետ, պաշտպանն արձագանքեց. «Ես փաստաբան եմ և մնում եմ իրավական հարթությունում: Չեմ կարող որևէ ենթադրյալ կարծիք հայտնել, թե ինչի, ում հետ կապ ունի մեղադրանքը»:

Հովիկ Արսենյանն ասաց, որ որևէ նոր հանգամանք գործում չի տեսնում և ևս մեկ անգամ կրկնեց. «Ինձ համար ցավալի է՝ ո՞նց կարող է նրանք իմանան, թե Վճռաբեկ դատարանն ինչպիսի որոշում պետք է կայացնի: Դա ինչպե՞ս է լինում, սա՞ է մեր անկողմնակալ դատարանը, նպատակը, որ հասնեին դրա՞ն, որ նախապես արդեն իմանանք, թե ինչպիսի վճիռներ, իրավական ակտեր պետք է դատարանը կայացնի՞: Ցավ եմ ապրում. մենք դրա համար չէինք պայքարել»:
Կարդացեք նաև
Փաստաբանը վստահեցրեց՝ մեղադրանքն անհիմն է նաև այն պատճառով, որ եթե մի քանի անձ ՍՊԸ են ստեղծում, հետո տնօրեն նշանակում, ապա այդ տնօրենն իրավունք ունի ազատ գործարքներ կատարել, պայմանագրեր կնքել, գումարներ ստանալ, փոխանցումներ կատարել, իսկ հիմնադիրներն այդ դեպքում ենթակա չեն պատասխանատվության: Նա ասաց, որ նույնn այս գործի դեպքում է:
Խնդրեցինք նաև մանրամասնել՝ ի՞նչ պատժաչափի, ազատազրկման ի՞նչ ժամկետների հետ գործ ունենք, Հովիկ Արսենյանն արձագանքեց. «Վաղ է խոսել երբևիցե ազատազրկումից և այլն, այլն: Առաջադրել են, ամբաստանել այդ անձնավորությանը, տեսնեմ՝ ի՞նչ հիմքեր են կարողանում դնել: Փնտրում եմ, ես էլ չեմ գտնում: Մեղադրանքն անհիմն է: Նախնական համաձայնությամբ և այլն: Ո՞նց կարելի է, ինչի՞ հիման վրա եք այդպիսի արտահայտություններ անում, մարդուն վարկաբեկում»:
Հիշեցրինք՝ օֆշորի գործով տուժող, գործարար Փայլակ Հայրապետյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Աշոտ Գևորգյանը կարծիք էր հայտնել՝ չի բացառվում, որ քրեական պատասխանատվության ենթարկվի ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և հարցին՝ նման հավանականություն տեսնո՞ւմ է, փաստաբանը պատասխանեց. «Ոչ Կճոյանը, ոչ այդ անձը բացարձակապես այդ գործարքների հետ կապ չունեն՝ հափշտակություն, փողերի լվացում կամ խարդախություն: Փայլակ Հայրապետյանը թող մտածեր՝ ինչքա՞ն էր ընչաքաղց դարձել, որ ամբողջ անշարժ գույքը միանգամից համաձայնել էր դնել գրավի տակ»:
Հովիկ Արսենյանն ասաց, որ սպասելու են, տեսնեն՝ ինչ քննչական գործողություններ են կատարելու, ինչ ապացույցներ են ներկայացնելու, հետո կկողմնորոշվեն՝ ինչ քայլեր կատարել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































