Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժի մնացորդը» կենսակերպ է, հոգեվիճակ, այլ ոչ թե կամայական անձ, որն աշխատել է Սերժ Սարգսյանի օրոք»

Ապրիլ 23,2020 14:30

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերների ժամանակ խոսեց «փայ» ուզողների, թավիշը չարաշահողների, «Սերժի մնացորդների» մասին: Այս եւ այլ հարցերի շուրջ «Առավոտը» խոսել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանի հետ:

-Տիկին Ջուլհակյան, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ հնարավոր է ՀՌԱՀ նախագահին հրավիրեք խմբակցություն ու պարզաբանումներ պահանջեք Հանրային հեռուստաընկերության՝ վարչապետի ուղերձի հեռարձակման ժամանակ կադրերի արտահոսքի մասին: Արդեն Հանրայինից սկսել են պաշտոնանկությունները, բայց քանի որ կա տեսակետ, որ վարչապետի մամլո խոսնակը նույնպես ունի իր պատասխանատվությունը, պետք է հետեւեր ազդանշանին, Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ դեպքի հետ կապված ու ո՞ւմ եք մեղավոր համարում: Սա սաբոտա՞ժ էր, դիտավորությո՞ւն, անփութությո՞ւն, թե՞ ինչ:

– Տեղի ունեցածը, եթե նույնիսկ անփութություն է, ապա այնպիսի մասշտաբների է, որ սաբոտաժի եւ դիտավորության տպավորություն է թողնում։ Պաշտոնանկությունները, կարծում եմ, ցույց տվեցին, թե ով է մեղավոր։ Իսկ դեպի վարչապետի խոսնակ ուղղվող սլաքները համարում եմ ուղղորդված։ Միտում եմ տեսնում քավության նոխազ գտնելու եւ կոնկրետ շրջանակների մեղավորությունը խոսնակի «գլխին կոտրելու», ինչը, բնականաբար, չստացվեց։

– Այս առնչությամբ ֆեյսբուքում հիշեցնում են, որ էթիկայի նորմերը չի կարող ընտրովի կիրառվել, օրինակ, Արգիշտի Կիվիրյանը հիշեցնում է, որ ժամանակին էլ Նիկոլ Փաշինյանը քաղաքական արշավի քարոզչական բրենդ էր սարքել Ռոբերտ Քոչարյանի՝ ինքնաթիռում հաց ուտելու ժամանակ ոչ հաջող ռակուրսից արված լուսանկարը: Այս երկու դեպքերը կարելի՞ է նույն հարթության մեջ դնել, չէ՞ որ եթե մի դեպքում էթիկայի նորմերը խախտվել են Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, այն ժամանակ էլ դա եղել է, ինչպես ինքն էր իրեն ներկայացնում՝ «միակ տղամարդու» նկատմամբ:

– Արգիշտի Կիվիրյանն այն ֆիգուրը չէ, որին արժե արձագանքել։ Միայն նշեմ, որ պետական ծանրագույն հանցագործության մեջ մեղադրվող ամբաստանյալի եւ ժողովրդի սերը, հարգանքը եւ վստահությունը վայելող առաջնորդի միջեւ համեմատություն չի կարելի անցկացնել։ Իսկ տեղի ունեցածը դիտարկում եմ ոչ թե լոկ էթիկայի նորմերի խախտման, այլ ազգային անվտանգության համատեքստում։

– Նիկոլ Փաշինյանն ասաց, որ թավիշը չարաշահել են պետական համակարգում, ընդդիմադիր պատգամավորներն ասում են՝ ի՞նչն է իրեն խանգարել վերահսկել, որ չչարաշահեն, գրիչն ունի, թուղթն ունի, կարող էր ցանկացածի ազատման դիմումը ստորագրել: Նաիրա Զոհրաբյանը հարցնում է՝ ի վերջո ի՞նչ կարեւոր է՝ պաշտոնյաները թավշյա՞ են, թե՞ ոչ թավշյա, ելակետը չպե՞տք է լինի այն, թե որքանո՞վ են պրոֆեսիոնալ աշխատում:

– Կարծում եմ՝ մեր ընդդիմադիր գործընկերները կամ վարչապետի խոսքը չեն լսել (առնվազն ամբողջությամբ) կամ լսել ու չեն ընկալել, թե ինչի մասին էր վարչապետը խոսում ավելի քան կես ժամ։ Պարոն Փաշինյանը հենց դա էր երկար բացատրում, թե ինչու էր կարեւոր հեղափոխությունից հետո բացառապես բոլորին տալ շանս եւ ժամանակ վերափոխվելու, նոր իրողություններին հարմարվելու եւ դրանց տրամաբանությամբ իրենց գործունեությունը ծավալելու։ Տրված ժամանակը բավարար է եղել կոնկրետ փոխակերպումներ ունենալու եւ ընձեռված հնարավորությունը օգտագործելու համար։ Եվ նրանք, ովքեր չեն օգտվել տրված հնարավորությունից ու դիմադրել են փոխակերպվելու հեռանկարին, կհեռացվեն համակարգից՝ մնալով իրենց չփոխակերպված էության հետ դեմ հանդիման։ Ինչ վերաբերում է տիկին Զոհրաբյանի հարցին, ապա պետք է նշեմ, որ որեւէ հակասություն վարչապետի ասածի հետ չեմ տեսնում։ Վարչապետն էլ հենց խոսում էր այն մասին, որ կարեւորել է բացառապես պաշտոնյայի պրոֆեսիոնալիզմը, այլ ոչ թավշյա լինելը։ Ռեֆորմներին եւ հեղափոխությանը դիմադրելը պրոֆեսիոնալիզմի նշան չէ, այլ ընդամենը մերժված իրողությունները հետ բերելու, վերականգնելու ճիգ, իղձ։

– Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետական կառավարման համակարգը պետք է «Սերժի մնացորդներից» մաքրել: Շա՞տ են «Սերժի մնացորդները» համակարգում ու ինչո՞վ են նրանք խանգարում իշխանությանը:

– Հուսով եմ՝ ինձնից քանակական տվյալներ չեք ակնկալում: Պետք է հստակեցնեմ «Սերժի մնացորդ» ասվածը։ Բնական է խոսքն այն բոլոր պաշտոնյաների մասին չէ, որոնք ծառայության են անցել Սերժ Սարգսյանի նախագահության օրոք։ «Սերժի մնացորդը» կենսակերպ է, հոգեվիճակ, այլ ոչ թե կամայական անձ, որը աշխատել է Սերժ Սարգսյանի օրոք։ Գաղտնիք չէ, որ պետական կառավարման համակարգում կան նման հոգեվիճակ ունեցող, նման մտածելակերպի կրող անձինք։ Պետք է նաեւ նշեմ, որ նրանք իշխանությանը չէ, որ խանգարում են։ Նրանք խանգարում են հեղափոխական օրակարգը կյանքի կոչելուն, հեղափոխական արժեքներն արմատավորելուն, խորքային ռեֆորմներ իրականացնելուն, երկրում վաղուց խաթարված արդարության հաստատմանը, արդարադատության իրականացմանը, սպասարկում են ոչ թե ժողովրդի, այլ կոնկրետ շրջանակների նեղ անձնական եւ խմբային շահերը։ Նշվածը բավարար չէ՞։

– Վարչապետը խոսեց այն մասին, որ հեղափոխությունից հետո մարդիկ հիասթափվել են, որովհետեւ փայ են սպասել, ոմանք սպասել են, որ կմեծացնեն իրենց փայը, նոր փայ կստանան, ասել են՝ հեղափոխություն ենք արել, բա ո՞ւր է մեր փայը, ո՞ւմ նկատի ունի վարչապետը, ովքե՞ր են փայ ուզողները, եթե Նիկոլ Փաշինյանն իրեն շրջապատել է հեղափոխական նվիրյալներով, ովքե՞ր են փայ ակնկալողները:

– Պարզ է, որ վարչապետի խոսքը չէր վերաբերում իրեն շրջապատող հեղափոխականներին։ Ենթադրում եմ, որ վարչապետը նկատի ուներ բոլոր այն անձանց, որոնք հեղափոխությունը փորձել են ծառայեցնել իրենց անձնական շահերին, իրենց առաջխաղացմանը։ Օրինակ՝ ներկայումս մեզ փրփուրը բերանին հնարավոր ամենակոշտ հռետորաբանությամբ քննադատող անձանց շրջանում հաճախ ենք տեսնում անձանց, որոնք հեղափոխությունից հետո պաշտոններ էին ակնկալում, խնդրում, որոշ դեպքերում պահանջում։ Հիասթափվածների մի օրինակ է սա։ Ընդհանրապես, ի՞նչ է հիասթափությունը։ Արձագանք չարդարացված, չիրականացված սպասելիքներին։ Երբ մարդիկ ունենում են կոնկրետ ակնկալիքներ, որոնք չեն իրականանում, հյուր է գալիս հիասթափությունը, երբեմն մաղձը եւ կատաղությունը։ Բայց հեղափոխությունը կոչված չէր կոնկրետ անձանց նեղ անձնական ցանկություններ, ամբիցիաներ սպասարկելուն։ Սա իրողություն է, որը նման մարդիկ պետք է ընդունեն ի գիտություն եւ համակերպվեն։

Զրուցեց

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
22
.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930