Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը նույնպես միացավ կորոնավիրուսի դեմ պայքարին: Հիմնադրամի աջակցությամբ Հայ Առաքելական Եկեղեցու թեմերում գործող սոցիալական կենտրոնները կամավորների ցուցակներ են կազմել և ամեն պահի պատրաստ են աջակցել ՀՀ կառավարությանը՝ ինքնամեկուսացման ընթացքում սոցիալական խնդիրների առաջ կանգնած մարդկանց աջակցություն բաժանելու հարցում: Ցուցակն ընդգրկում է 109 կամավոր:
Դրանից բացի, սոցիալական կենտրոնները սեփական նախաձեռնությամբ արդեն սկսել են սոցիալական խոցելի խմբերին անհրաժեշտ պարենամթերքի, գրենական պիտույքների և այլ անհրաժեշտ պարագաների տրամադրումը:


Շահառուների կարիքի գնահատման ու աջակցման համար սոցիալ-կրթական կենտրոնը համագործակցում է մարզային ու քաղաքային իշխանությունների հետ՝ բացառելու համար կրկնակի օգնությունն ու ավելի թիրախային դարձնելով աջակցությունը:
Կարդացեք նաև
Կանայք կենտրոնում կարում են 5000 դիմակ: Դիմակների պատրաստման ծրագիրն իրականացվում է Կլոր սեղան հիմնադրամի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համագործակցությամբ նախաձեռնված ծրագրի շրջանակում: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում նախատեսվում է Գյումրիի, Իջևանի, Վանաձորի սոցիալական կենտրոններում և Էջմիածնի հայորդյաց տանը կարել 20000 դիմակ:
Շիրակի թեմի առաջնորդարանի աջակցությամբ համայնքին օգնելու համար անկողնային պարագաներ են կարվում, որոնք հատկացվելու են մարզի հիվանդանոցների ստացիոնար բաժանմունքներին: Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնը օրեր առաջ վերմակներ, հիգիենայի պարագաներ է նվիրել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցին և Մոր և մանկան Ավստրիական հիվանդանոցին: Կենտրոնի աշխատակիցները բացի իրենց հիմնական աշխատանքային գործառույթներից կամավոր հիմունքներով ներգրավված են իրականացվող բոլոր աշխատանքներին:
Արագածոտնի թեմի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանավորությամբ ապրիլին սննդային աջակցություն է տրամադրվել Աշտարակի «Սուրբ Մարիանե» և Սաղմոսավանի սոցիալական կենտրոնների շահառու 115 սոցիալապես անապահով և ծանր դրության մեջ հայտնված ընտանիքներին: Կենտրոնը հոգևորականների հետ հանդիպումները և արվեստի դասընթացները նույնպես անցկացնում է հեռավար:
«Նարեկ» ՀԿ նախաձեռնությամբ աջակցություն է ցուցաբերվել Արմավիր թեմի Քարակերտի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան հոգևոր մշակույթի կենտրոնում գործող նախակրթարանի 40 սանի՝ տրամադրելով հիգիենիկ պարագաներ և գրենական պիտույքներ: Կենտրոնը բոլոր դասընթացները տեղափոխել է առցանց հարթակ:
Գեղարքունյաց թեմի Գավառի և Վարդենիսի սոցիալական կենտրոնները նույնպես խմբակների աշխատանքը և դասընթացները տեղափոխել են առցանց հարթակ: Բոլոր այն կենտրոնները, որոնք անցել են հեռավար դասընթացի, նշում են, որ հիմնական խոչընդոտներից են սարքերի և համացանցի բացակայությունը որոշ շահառուների ընտանիքներում:
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի
հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամ (ՀԿՍ)





















































