Կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համար միջոցառումներ են իրականացվում ու կառավարությունը, ինչպես երեկ տեղեկացրել ենք, «Բյուջեի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով է հանդես եկել՝ ցանկանալով կառավարության որոշումներով, առանց ԱԺ-ի տարբեր ծրագրերի միջոցների տեղաբաշխումներ անել: Գործող օրենքով սահմանափակում կա, կառավարությունը դա կարող է անել մինչեւ 3 տոկոսի սահմաններում: Ու սրա հետ կապված՝ ընդդիմադիրները մտահոգություն ունեին, դժգոհում էին, որ սա ոտնձգություն է ԱԺ իրավասությունների նկատմամբ, ուզում են անսահման փող ծախսել՝ առանց ԱԺ-ին տեղյակ պահելու:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ չհասկացվածություն կա: Իրենք չեն առաջարկում սահմանափակումները հանել, այլ պահպանելով դրանք՝ տնտեսությունն առաջ տանել. «Ընկալումը համարժեք չի եղել, մենք այդպիսի մտադրություն չենք ունեցել: Մենք առաջարկում ենք լրացուցիչ մուտքեր ներգրավել՝ չնախատեսված ծրագրեր ու միջոցառումներ հաստատելու հնարավորությունը ու նախագծում գրված է, թե մինչեւ ուր՝ մինչեւ 5 տոկոս կանխատեսվող փոփոխված ՀՆԱ մեծության, որը կազմում է 324 մլրդ դրամ: Սա վերաբերում է բացառապես համավարակի հակազդման միջոցառումներ նախատեսելուն»:
Նախարարը նաեւ ասաց. «Այն ռիսկը, որը երեկ այդպես փքված ներկայացվեց ընդդիմադիրների կողմից, պարզապես գերագնահատված է, այդպիսի ռիսկ չկա»:
Կարդացեք նաև

Իմքայլական Տիգրան Ուլիխանյանն էլ ասաց. «Մենք շահարկումներից խուսափելու համար կարիք չունենք տեքստեր փոխենք: Դուք էլ գիտեք, որ դա շահարկում է, դա անում են ոչ միայն ԱԺ ամբիոններից, այլ նաեւ հեռուստաեթերներում ու քաղաքացիները դա մեկնաբանում են, թե կառավարությունը ոնց ինչ ուզի՝ կանի: Մենք գիտենք, չէ՞, որ դա այդպես չէ, գիտենք, թե ինչ է գրված օրենքի փոփոխության տեքստում, մենք կարդացել ենք: Այստեղ նշված է, որ միմիայն կորոնավիրուսի հետ կապված ծախսերին է վերաբերում այս փոփոխությունը, այսինքն, սահմանափակում կա ու դա միջոցառումների բնույթով է պայմանավորված»: Ըստ Ուլիխանյանի, չնայած Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ տարընկալում է եղել հարցի, բայց իր կարծիքով ոչ մի տարընկալում չկա, լավ էլ հասկացել են. «Ուղղակի այդ մարդիկ էլ ինչո՞վ զբաղվեն, ժողովուրդ ջան, դա է հարցը: Մենք ինչքան էլ փորձենք այս ամեն ինչին անդրադառնանք, դա կեղծ ժամավաճառություն է»:
Համազասպ Դանիելյանն էլ արձագանքեց Ուլիխանյանին, որ եթե կարդացել եք ու գիտեք ինչ է գրված, նիստից հետո կարո՞ղ եք բացատրել, թե ինչու է նախագծի հիմնավորման մեջ 150 մլրդ գրված, բայց երբ քննարկում են, պարզվում է, որ դրա կրկնապատիկը` 324 մլրդ միջոցներ է տնօրինելու կառավարությունը ու այն եղանակով, որ չի ենթադրելու այնպիսի հիմնավորումներ, որոնք ցանկացած այլ հանրային միջոցների ծախսման ժամանակ ակնկալվում են:
Նախարարը բացատրեց, որ 150 մլրդ-ը նախատեսվում են կորոնավիրուսի հակազդման միջոցառումների համար, 324 մլրդ-ը նախատեսվում է բյուջեի դեֆիցիտի համար: Այդ դեֆիցիտը հետեւանք է ծախսերի:
Ուլիխանյանն ասաց, որ եթե թաքցնելու բան ունենային, թաքուն կանեին, չէին գա տեսախցիկների առաջ քննարկեին ու շատ լավ է, որ իրենք այսպես բաց քննարկում են: ԲՀԿ պատգամավոր Արթուր Գրիգորյանը դժգոհեց, որ հեչ լավ չի՝ պատգամավորներին գիշերը 12-ին ասում են, որ առավոտ 10-ին նիստ կա: Իմքայլական Արտակ Մանուկյանը բացատրեց, որ արտակարգ ռեժիմով են քննարկում, դրանից է, իսկ Արթուր Գրիգորյանը շարունակեց դժգոհել. «Ես պարտավոր չեմ համակարգչի առաջ գիշերել»:

Համազասպ Դանիելյանն իր առաջարկը հետ վերցրեց: Նախագիծը ոնց կար, այդպես դրվեց քվեարկության ու հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ, բայց պայման դրվեց, որ ամիսը մեկ անգամ հանձնաժողովում կորոնավիրուսով պայմանավորված միջոցառումների մասին քննարկում կանեն հանձնաժողովում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































