Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչ» Թուրալ Գյանջալիեւը ընդգրկվել է նաեւ Ադրբեջանի խորհրդարանի «Եվրանեսթի» պատվիրակությունում. Նաիրա Կարապետյան

Ապրիլ 29,2020 22:20

Ադրբեջանի «Եվրանեսթի» խորհրդարանական պատվիրակության կազմում ընդգրկվել է նաեւ «Ղարաբաղ ադրբեջանական համայնք» ՀԿ-ի նախագահ Թուրալ Գյանջալիեւը: Նա նաեւ ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության կազմում է ընդգրկված:

Ի՞նչ նպատակ է հետապնդում հասարակական կազմակերպության ղեկավարին կարգավիճակի նման ամրագրումը`արցախյան խնդրի շուրջ ընթացող զարգացումների ֆոնին`Aravot.am-ի հարցին ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին անդամ Նաիրա Կարապետյանը այսպես պատասխանեց. «Թուրալ Գյանջալիևի քաղաքական կշռի և դերի բարձրացումը սպասելի էր և կանխատեսելի: Այստեղ շատ կարևոր է, որ ամենուրեք նշվում է, որ նա Ադրբեջանի խորհրդարան է ընտրվել այսպես կոչված «Խանքենդիի թիվ 122 ընտրատեղամասից»: Նա, կարծում եմ, մասնակցելու է ոչ միայն Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրների խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, ոչ տարածաշրջանում խիստ կարևոր Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ «Եվրանեսթի» աշխատանքներին, այլև միջազգային խորհրդարանական դիվանագիտության ձևաչափով հասանելի ավելի լայն շրջանակներում` լինի դա պաշտոնական երկկողմանի այցեր, խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակություններ կամ բարեկամական խմբեր: Եթե ֆիզիկապես հնարավոր չլինի, վստահ կարող եմ պնդել, որ այսպիսի պատվիրակություններում կլինեն այս ՀԿ-ի այլ ներկայացուցիչներ, ովքեր պատգամավոր են ընտրվել կրկին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը ենթադրող ընտրատեղամասերից»:

Նաիրա Կարապետյանի դիտարկմամբ, ստացվում է, որ Ադրբեջանը հնարավորինս շահավետ օգտագործեց մի արտահայտություն, որը զարմանալիորեն վերջերս տեղ էր գտնում ՀՀ ԱԳՆ պաշտոնական փաստաթղթերում. «Խոսքս Ղարաբաղի «ընտրյալ ներկայացուցիչ» բառակապակցության մասին է: Եվ իրոք, համաձայնեք, որ «միջին վիճակագրական եվրոպացու» աչքերում նրանք կարող են համարվել այդպիսին»:

Թե ի՞նչ է մեզ սպասվում այս հարթակներում, մեր զրուցակցի համար շատ տեսանելի է. «Գյանջալիևը աշխարհին է ներկայացնելու հակամարտության և ներկա իրավիճակի իրենց տարբերակը` հորինված, բայց վստահ, պաթոսաշատ և «փաստարկված»: Սա շատ ծանոթ ձեռագիր է, օրինակ` ապրիլյան պատերազմին հաջորդած ժամանակաշրջանում, նույն ԵԽԽՎ-ում, Ադրբեջանը ներկայացնում էր իրավիճակի «հայելային պատկերը»` մեղադրելով մեզ հանկարծակի հարձակման, դպրոցի ռմբակոծության, խաղաղ բնակչության հանդեպ վայրագությունների և վերջապես` սանձազերծված ագրեսիայի մեջ: Եվրոպացու համար ճշմարտությունը սկսում էր լղոզվել, և միայն մեր համակարգված մարտավարության շնորհիվ հաջողվեց, այնուհանդերձ, հասցնել գոնե պատգամավորներին ճշմարտացի պատկերը»:

Իսկ Գյանջալիևը, Նաիրա Կարապետյանի դիտարկումներով, արդեն վերջին շրջանում քարտերը բաց է խաղում. «Նա պնդում է, թե իբր իր հետ են կապվում Լեռնային Ղարաբաղի «հայկական համայնքի» ներկայացուցիչները, պնդում է տարբեր առիթներով` թե կորոնավիրուսի հետ կապված, թե Արցախում տիրող հոգեբանական իրավիճակի, հիմա էլ պարզվում է, որ  այս առեղծվածային «հայերը իրենց պատրաստակամությունն են հայտնել համատեղ ապրելու համար»: Իհարկե, այս ամենն իրականության հետ որևէ աղերս չունի, սակայն դեռ նախքան խորհրդարան ընտրվելը, նրա հանդիպումները եվրոպական հեղինակավոր կառույցների ղեկավարների և մի շարք դեսպանների հետ պետք է հուշեին, որ գործ ունենք հստակ մշակված սցենարի հետ»:

Ստեղծված իրավիճակում, ըստ մեր զրուցակցի, մեկ կամ մի քանի պատգամավորի անհատական հակադարձումներն իրավիճակ չեն փոխելու, այստեղ հարկավոր է պետականորեն մշակված հակադարձման մարտավարական մեխանիզմներ, իսկ դրա համար էլ հարկավոր է հստակ ռազմավարություն: «Ես խիստ կասկածում եմ, որ մենք այսօր ունենք նախապես մշակված այդպիսի մոտեցում»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ հասարակական կազմակերպության դերի բարձրացումը խիստ հարված է Արցախի հանրապետության սուբյեկտիվությունը, և այս երկուսի միջև հավասարության նշանն անընդունելի է:

Երեկ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ հայկական կողմը ապակողմնորոշում է սեփական ժողովրդին եւ ՀՀ իշխանությանը կոչ էր արել զբաղվել սեփական ժողովրդին խաղաղության պատրաստելով, ինչպես որ խոստացել էին միջազգային հանրությանը, մինչդեռ հայկական կողմից վստահեցնում էին, որ «լայնամասշտաբ հարձակման» են անցել: Այս առիթով էլ մեր զրուցակիցն ասում է. «Շատ ցավալի պատկեր ունենք այսօր. սեփական ժողովրդին ապակողմնորոշելու, ներքին լսարանին ականջահաճո ճառերով մոլորեցնելու մեծ վարպետ Ադրբեջանը մեզ մեղադրում է իր մենաշնորհ հանդիսացում բաներում: Ինչպե՞ս է ստացվել, որ Ադրբեջանի բառապաշարն այսքան փոխվել է, և նա դրսևորում է խիստ սանձարձակ պահվածք: Պատասխանը միանշանակ է` մեր կողմի լռության շնորհիվ: Դավադրության տեսությունը մի կողմ թողնելով, ուզում եմ պնդել, որ եթե ՀՀ վարչապետի կամ առնվազն ԱԳ նախարարի կողմից չհնչի հստակ և պարզ պատասխան, որ մենք դեմ ենք Արցախյան հարցի փուլային լուծմանը, ապա Ադրբեջանն էլ ավելի է լկտիանալու իր բառապաշարում, իսկ բանակցային գործընթացը մտնելու է վերջնական փակուղի` հայանպաստ լուծման տեսանկյունից»:

Հարցին`ինչո՞ւ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը որոշեց «գաղտնազերծել» փուլային փաստաթղթի գոյության փաստը, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Նպատակը կարող է լինել տարբեր, սակայն ցանկացած պարագայում` հստակություն պահանջող: Դիվանագիտության մեջ շատ են լինում դեպքեր, երբ կարևոր գործընթացում որևէ բեկում մտցնելու համար օգտագործվում են հնարքներ: Օրինակ, եթե Հայաստանը հստակ հայտարարի, որ լուծման փուլային տարբերակին կտրականապես դեմ է, դա կոշտ խաղաքարտ կարող է հանդիսանալ մեծ խաղացողների ձեռքում: Կամ, եթե Հայաստանի ներկայիս իշխանությունն այնուհանդերձ բանակցում է փուլային տարբերակը, բայց Ռուսաստանի համար շահեկան չէ դա, Լավրովի այս «գաղտնազերծումը» ազդակ է հայկական հանրությանը` տեր կանգնելու համայն հայության հաղթանակին: Սա էլ է օրինակ: Ամեն դեպքում, համաշխարհային մասշտաբով լավագույն դիվանագետներից մեկը ճանաչված ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից Արցախի հարցում հնչեցված այս մանրամասնումներից հետո պարտադիր պետք էր հստակ և երկրի առաջին դեմքով պատասխանել հանրությանը, պատասխանել պարզ և փաստարկված: Հուսով եմ, մեր հասարակությունը և Արցախի հանրապետությունը բավականաչափ պահանջատեր կլինեն այս հարցում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930