«Մինչև մայիսի 26-ը, եթե այլ բան չլինի և այլ որոշում չկայացվի, քննչական մարմինը հավանաբար կգնա Դավիթ Մովսիսյանի կալանքի` երկու ամսով երկարացման»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Առաքել Մովսիսյանի որդու՝ Դավիթ Մովսիսյանի փաստաբան Գոռ Գևորգյանը:
Հիշեցնենք, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են Ավագյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ «Շմայսի» որդին, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:
Փաստաբանը պնդեց՝ իրավունքից կտրված որոշման արդյունքում ունենք կալանավոր, ում օգնություն ցույց տալու որևէ իրավական միջոց չկա:
Նա ասաց՝ արդեն չորս ամիս է Դավիթ Մովսիսյանը գտնվում է կալանքի տակ, սակայն այդ ընթացքում որևէ քննչական գործողություն իր մասնակցությամբ չի կատարվել: Այս առիթով փաստաբանը նշեց. «Այս պահին քննչական մարմինների չկատարած կամ թերի գործողությունների պատճառով Դավիթ Մովսիսյանն ու ծառայակից ընկերները գտնվում են կալանքի՝ մեջ չունենալով դրա համար իրավական որևէ հիմնավորում»:
Փաստաբանը տեղեկացրեց իր կողմից կալանքի երկարացման վերաբերյալ՝ Վերաքննիչ դատարան բողոքի ներկայացումից անցել է մեկ ամիս հինգ օր, սակայն դեռ նշանակված չէ նիստի օր: Նա ասաց՝ այդ ընթացքում ունեցել են գրավի մի շարք միջնորդություններ, բայց դրանք էլ են մերժվել այն պարագայում, երբ կորոնավիրուսի պայմաններում մի շարք անձանց ազատ արձակեցին: Մյուս խնդիրն այն է, որ արգելվել է Դավիթ Մովսիսյանի տեսակցությունների իրավունքը: Փաստաբանը ներկայացրեց. «Մեկ ամսից ավելի է՝ ես չեմ էլ տեսակցել Դավիթին, քանի որ համավարակով պայմանավորված հնարավոր չէ Արցախի Հանրապետության տարածք մուտք գործել. իրենց պարետի սահմանափակումների հարցում փաստաբանների համար չկա բացառություն»:
Կարդացեք նաև
Փաստաբանը պնդեց՝ իր պաշտպանյալին ապօրինի են կալանավորել, կատարվել է քննություն ինչ-ինչ շրջանակների հաճոյանալու համար. «Երբ մահացած զինվորի հարազատները, մահացած զինվորի դին վերցնելով, գալիս էին Երևան, այդ պահին պետք էր էլ ավելի աղմկահարույց հայտարարություն, որը կզսպեր նրանց: Որպես ճանապարհ ընտրվեց Առաքել Մովսիսյանի անունը շահարկելը, որը դարձավ պատճառ ու հետևանք այս իրավիճակի: Քանի որ իրավական առումով այլ հիմնավորում չկա, մեզ այլ բան չի մնում, քան որպես վարկած համարել որդու՝ Առաքել Մովսիսյանի անվան հետ կապելը»:
Գոռ Գևորգյանը հավաստիացրեց՝ գործ ունենք ինքնասպանության հետ, որի պատճառը չեն պարզել և վերցրել ամենակարճ ճանապարհով կալանավորել են երեք զինվորի ու պահում են «փաստացի ապօրինի կալանքի» տակ: Ըստ նրա՝ այս գործը քրեաիրավական մեկնաբանության առումով իրավաբանության ֆակուլտետի երրորդ կուրսի սովորողի պարզագույն խնդիր է:
Փաստաբանը ևս մեկ անգամ բարձրաձայնեց՝ Դավիթ Մովսիսյանի տեսակցությունների արգելք կա, և նա զրկված է որևէ կերպ հաղորդակցության՝ իր իրավունքից՝ թեկուզ պաշտպանի միջոցով ծնողներից, անչափահաս եղբոր մասին տեղեկանալու համար:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































