Մարդիկ սպասում էին Մայր Աթոռից ուղարկվող պարենամթերքին
«Բրինձ, ալյուր, մակարոն…. ոլո՞ռ, էս չգիտեմ, թե ինչ ա, շաքարավազ, էսի պեսոկն ա, խտացրած… վա՜խ, հընդ- կա-ձա-վար, այ, էս հաստատ չգիտեմ՝ ինչ ա….»,-հենց այսպես էլ Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու երիտասարդաց միության անդամներից մեկը մի կողմից կարդում էր առաջին անհրաժեշտության պարենամթերքների փաթեթների բովանդակությունը, մյուս կողմից՝ կռիվ տալիս հայոց լեզվի հետ:
Չնայած նոր կորոնավիրուսի տարածած ահ ու սարսափին՝ ապարանցի երիտասարդները, ինչպես հայտնի երգում է ասվում, «եղաններով ու փոցխերով» (այս դեպքում՝ ձեռնոցներով եւ պաշտպանիչ դիմակներով) սպասում էին Մայր Աթոռից ուղարկվող պարենամթերքին: Հայաստանում համավարակի տարածումից ի վեր՝ վիրուսի կանխարգելման եւ առաջացած հետեւանքները հաղթահարելու նպատակով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, իրագործում է մի շարք սոցիալական, կրթական, առողջապահական եւ բարեգործական ծրագրեր:

Ահա եւ հենց այս ծրագիրն էլ Ապարանում հավաքել էր մի շարք երիտասարդների: Նախքան պարենամթերքը կհասներ Ապարան, եկեղեցու հոգեւոր հովիվներ արժանապատիվ տեր Մուշե քահանա Վահանյանը եւ արժանապատիվ տեր Սարգիս քահանա Սարգսյանը տարբեր գյուղերից հավաքված երիտասարդներին նախ ծանոթացրին մեկը մյուսին, ապա՝ քննարկեցին հոգեւոր ընտանիք ստեղծելու գաղափարը: Տեր Մուշե քահանա Վահանյանն իր խոսքում նշեց, որ մարդիկ հենց այսպիսի իրավիճակներում են սթափվում, միավորվում եւ վերաարժեւորում կյանքը: Ըստ տեր Հոր՝ այս վիճակը ժամանակավոր է, իսկ արված գործը՝ անժամանակ ու անմահ:

Կարդացեք նաև
Մինչ երիտասարդների մի մասը ակտիվորեն շարունակում էր փաթեթավորումը, մյուսներն արդեն ցուցակագրված ընտանիքներ էին այցելում: Ապարանի հոգեւոր հովվության գյուղերից Եղիպատրուշում ապրող Հայաստան տատիկը մեր այցի ժամանակ, քահանայի ձեռքը բաց չթողնելով, պատմեց, որ երազում տեսել էր, որ պիտի իրեն օգնության հասնեն. «Ծերությունը ընձի խեղճացրեց, տուն չունեմ գլխիս, տանիք չունեմ,- ասում է Հայաստան տատը,-բայց դուք ընձի, որ հիշել եք, ուրեմն հէսօրվանից` էլ ոչ խեղճ եմ, ոչ էլ՝ անտանիք…»:
Հավելենք, որ 13-ից մինչեւ մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջոցներով, սփյուռքյան թեմերից եւ անհատ բարերարներից ստացված նվիրաբերությունների շնորհիվ Մայր Աթոռն իրականացրել է աջակցության ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 288.000.000 ՀՀ դրամ։ Որից՝ 100.600.000 ՀՀ դրամ գումար հատկացվել է պարենային ծրագրերին։ Հայոց եկեղեցու կողմից այս շրջանում պարենային սննդի փաթեթներ են բաշխվել շուրջ 3828 ընտանիքի (17563 անձ), այդ թվում՝ Մայր Աթոռի եւ ՀԲԸՄ հովանու ներքո գործող բարեգործական հինգ ճաշարանների 900 շահառուների, Էջմիածնի քաղաքապետարանի հետ համագործակցաբար 268 ընտանիքի, Հայաստանի եւ Արցախի թեմերի 3327 ընտանիքի, քրեակատարողական հիմնարկների հոգեւոր տեսչության միջոցով՝ պրոբացիայի ծառայության 100 շահառուների ընտանիքների եւ նախկին դատապարտյալների 14 ընտանիքի:
Զարա ՂԱԶԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.05.2020


















































