«Կարիք չկար նրան «պապկա» փոխանցել, որովհետեւ հոկտեմբերի 11-ին Ալիեւը նման կերպ իրեն պահեց, ես էլ ընդամենը մեկ ժամ հետո իմ ֆեյսբուքյան էջում գրառում եմ արել եւ ներկայացրել եմ թե ադրբեջանական լեգիոնի պատմությունը, թե Նժդեհի գործունեությունը»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն`անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` Ադրբեջանի ֆաշիստական լեգիոնի դրվագի մասին իր վերջին մամուլի ասուլիսում արած հայտարարություններին:
Ադրբեջանի նախագահը, հիշեցնենք, Գարեգին Նժդեհին եւ հայ ժողովրդին մեղադրում է ֆաշիզմին աջակցելու մեջ։ Ըստ Փաշինյանի, ադրբեջանական քաղաքականությունն է` նսեմացնել հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին, մանավանդ Հայրենական մեծ պատերազմի հաղթական 75-ամյակի առիթով, և ցույց տալ, որ հայերը ֆաշիստական Գերմանիայի և նացիստների հետ համագործակցող ժողովուրդ են եղել. «Շուրջ 600 000 հայ մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին, ընդ որում` 100 000 հայ մասնակցել է` բնակվելով Խորհրդային Միությունից դուրս։ 300 000 հայ զոհվել է կամ անհետ կորել։ 65 հայ ստացել է գեներալի կոչում։ Խորհրդային Միության պատմության մեջ 115 հայ գեներալ է եղել և 4 մարշալ։ Խորհրդային Միության հայազգի 107 հերոսներից 26-ը եղել են Լեռնային կամ Դաշտային Ղարաբաղից։ 27 հայ համարվում է «Փառքի ասպետ»։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ փառքի շքանշանակիրներից մեկն իր մայրիկի քեռին է եւ հավելեց, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ձեւավորվել է 6 հայկական դիվիզիա` ընդհանուր 60,000 զինվորով»: Նա նաեւ ցույց տվեց այդ հագուստներից մեկի լուսանկարը՝ նացիստական տարբերանշաններով։ Վարչապետը հավելեց նաեւ, աշխարհամարտի տարիներին Գերմանիայում լույս է տեսել «Ադրբեջան» լեգեոներական պաշտոնաթերթը, եւ ցույց տվեց դրա համարներից մեկի առաջին էջը։ Փաշինյանը հիշեցրեց` Ադրբեջանի առաջին հանրապետության ղեկավարներից մեկը՝ Մամեդ Էմին Ռասուլզադեն, սերտորեն համագործակցել է նացիստական Գերմանիայի և նացիստական կուսակցության հետ, նրա անմիջական մասնակցությամբ ստեղծվել է ադրբեջանական խմբավորում, որի ղեկավար կազմը դասընթացներ է անցել նացիստական հետախուզական դպրոցներում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































