Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Բանկային գաղտնիքի» մասին օրենքում փոփոխությունների նախագիծը: Գործող օրենքում դրույթ կա 20 մլն դրամ եւ ավելի ժամկետանց վարկեր ունեցող տնտեսվարող սուբյեկտների եւ ֆիզիկական անձանց անվանումները հրապարակելու: Հիմա առաջարկվում է դա ուժը կորցրած ճանաչել:
Դա ամրագրված էր 2004-ից գործող օրենքով: ԿԲ-ն այն ժամանակ կարծում էր, որ այդ դրույթով գործիքակազմ էր ունենում վարկային պարտավորություն չկատարած անձանց տվյալները հրապարակել, որ կարողանար զսպել ու մարդիկ այդ ցուցակում իրենց անունը տեսնելու համար փորձեին վճարել:

Եվ հետո նախկինում 20 մլն վարկ քչերն էին վերցնում, հիմա սովորական հիփոթեքային վարկը 20 մլն-ը կարող է անցնել, ուստի այդ 20 մլն թիվն էլ կորցրել է իր իմաստը: Երիցյանն ասաց, որ բանկային գաղտնիքը, կոմերցիոն գաղտնիքը պետք է նեղացնել. «Երբ մարդը հարկային պարտավորություն չի կատարում, հանրության առաջ ստանձնած պարտավորություն չի կատարում: Սա մասնավոր կոնտրակտ է, վարկ է վերցրել բանկից»:
Կարդացեք նաև
«Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանն ասաց, որ հետագայում օրենսդրությունը պետք է կատարելագործվի. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը առնվազն պաշտոնատար անձանց մասով, որոնք վարկեր կվերցնեն եւ ժամկետանց կլինի, հանրությունը դրա մասին պետք է իմանա: Հանրությունը միայն հետաքրքրված չի եկամուտների հայտարարագրմամբ: Հանրությունը հետաքրքրված է նաեւ ոչ պատշաճ վարքագծերով, որոնք հանրության համար ծախս են առաջացնում: Ակնհայտ է, որ այն սուբյեկտները, որոնք իրենց պարտավորությունը պատշաճ չեն կատարում, դա այլ հավասար պայմաններում ինչ-որ առումով թանկացնում է վարկային ռեսուրսը: Հետեւաբար հանրությունը պետք է հետագայում ստանա այդ տեղեկատվությունն առնվազն քաղաքական եւ պետական պաշտոն զբաղեցնող սուբյեկտների գծով»:
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































