Մայիսի 19-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում տեղի ունեցավ «Հեղափոխության պահապաններից» Հայկ Ստեփանյանն ընդդեմ «Հայելի ակումբի» և ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի գործով դատական նիստ: Նշենք, որ «Հեղափոխության պահապանները» Անժելա Թովմասյանին դատի են տվել «5-րդ ալիքում» հարցազրույցի ժամանակ իրենց խուլիգան որակելու համար:
Դատարանի դահլիճում Հայկ Ստեփանյանը հայտարարեց. «Մենք պահանջում ենք 500 հազար դրամ հատուցում: Կարծում եմ` բանդա, խուժան և խուլիգան արտահայտությունները զրպարտություն են, քանի որ Անժելա Թովմասյանն իմ մասին թյուր կարծիք է ձևավորել: Բանդա, խուժան, խուլիգան, դրանք զրպարտչական հայտարարություններ են: Նույն արտահայտությունները նաև վիրավորական են: Խնդրում եմ Անժելա Թովմասյանին պատասխանատվության ենթարկել և որ նա հերքի իր ասած խոսքերը ու փոխհատուցի»:
Հայկ Ստեփանյանը պնդեց՝ այլ տեսանյութերում ևս Անժելա Թովմասյանն իր հասցեին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել:

Կարդացեք նաև
Զարուhի Փոստանջյանը հիշեցրեց, որ «Հայելի ակումբի» վրա տեղի է ունեցել հարձակում խուլիգանական եղանակով, անպարկեշտ արտահայտություններ են արվել Անժելա Թովմասյանի հասցեին և այդ արտահայտությունները որակվել են որպես քրեորեն հետապնդելի արարք. «Մենք չենք ընդունում հայցվոր կողմի հայցով ներկայացված պահանջները»:
Նախագահող դատավորի հարցին՝ նշված արտահայտություններն արվե՞լ են հայցվորի նկատմամբ, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Դրանց վերաբերյալ կա տեսաձայնագրություն: Այդ տեսաձայնագրությունում ինչ- որ կա, այդ համատեքստում ենք արտահայտում մեր դիրքորոշումը»:
Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ Անժելա Թովմասյանը որևէ կերպ առնչություն չի ունեցել հայցվորի հետ, չի ճանաչել, նրա հետ որևէ գործնական հարաբերություններ չեն եղել, հայցվորի մասին տեղեկացել է միայն, երբ նա հարձակում է գործել «Հայելի» ակումբի վրա:

Նախագահող դատավորն ասաց, որ պատասխանողն, ըստ էության, փաստերի վերաբերյալ դիրքորոշումն այդ փաստերով սահմանված հանգամանքներն ընդունելու վերաբերյալ հստակ դիրքորոշում չհայտնեց ու մանրամասնեց. «Դատարանը չի կարող այդ տեսանյութի վերծանումը կամ այդ տեսանյութում արձանագրվածն ընդունել որպես պատասխանողի կողմից ընդունված փաստ: Դա որոշակի գործողություն է ենթադրում, որ դատավորը պետք է դիտի տեսանյութը և սահմանի՝ ընդունո՞ւմ է այս փաստը, թե ոչ: Այդ գործողությունը դատարանն իրավասու չէ անել. կստացվի, որ դատարանը կվերլուծի տեսանյութը և պատասխանողին կվերագրի ինչ-որ փաստ ընդունելու կամ չընդունելու հանգամանքը, որը պետք է կատարի դատական ակտով: Մեզ համար դեռևս ապացուցման ենթակա հանգամանք մնում է այն հարցը, որ պատասխանող կողմ Անժելա Թովմասյանը կատարե՞լ է այդ հայտարարությունները, դրանք կատարվել են հրապարակային և դրանք կատարվե՞լ են ձեր հանդեպ: Այդ փաստերի ապացուցման հարցը կա»:
Հայկ Ստեփանյանը խնդրեց, որ հաջորդ անգամվա նիստին լինի կոնկրետություն, թե արդյոք կարո՞ղ է տիկին Փոստանջյանն ամբողջությամբ ներկայացնել Անժելա Թովմասյանի դիրքորոշումը, քանի որ ըստ նրա՝ դատական նիստին երևաց, որ ամբողջությամբ չի կարող պատասխանել տիկին Թովմասյանի արարքների համար:
Դատարանը ապացույց ներկայացնելու համար ժամկետ սահմանեց մինչև 2020 թվականի հունիսի 10-ը, իսկ դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 11-ին՝ ժամը 15.00-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































